Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Սեպտեմբեր 28,2019 19:45

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15

ԳԼՈՒԽ 16

Ո՞վ կզոհաբերի իր մինուճար գառը

Երազ…

Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։

Քամին հոգեվարք էր արտաշնչում՝ շիկավառ օդի մեջ ստեպ-ստեպ փոթորկվելով, իսկ արևը այրում էր գոյության շիվեր։

Նրանք քայլ առ քայլ մոտենում էին երկնքին, և երկնքում անտեսանելի բյուր հրեշտակներ հսկում էին նրանց ընթացքը։

Առջևից գնացող մարդը տարիքով էր, ալեփառ մազերով, որոնք ուսերին էին հասնում։ Մթապատ դեմքի վրա եղերական տանջանք կար, փոս գնացած աչքերում բնավորվել էր սարսափը։ Քրտնքի կաթիլներ էին հոսում նրա կնճռոտ ճակատն ի վար. խորշոմ առ խորշոմ գլորվելով՝ ընկնում, անհայտանում էին ճերմակ մորուքի մեջ։ Ալևորը վառվող ջահ ուներ ձեռքին, իսկ մեջքն օղակող գոտու տակ փայլում էր դաշույնի շեղբը։ Թվում էր՝ կրակվող գագաթով ջահը հենց արևից է բոցավառվել, իսկ մահաշուք քամին խոցված է դաշույնի շեղբով։

Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։

Տարիքով մարդուն հետևողը հասուն պատանի էր։ Ջլապինդ, սև աչքերով և արտասովոր գեղեցիկ երիտասարդն առաջանում էր՝ բարձունքը մեծ դժվարությամբ հաղթահարելով, քանզի չոր փայտերի կապոց ուներ շալակին, իսկ շնչուղիներն այրվում էին փոշուց։

– Հայր իմ,- ի վերջո ձայնեց երիտասարդը,- հոգնել եմ։

Ծառան, որին Արփաքսադ էին կոչում, ևս բեռնավորված էր անթաց փայտերով։ Միջին տարիքի, ամուր տղամարդ էր, բայց դեղնապղտոր աչքերի մեջ թուլության նշաններ էին հայտնվել, իսկ ծնկներում դողէրոցք կար։ Լուռումունջ հնազանդությամբ համրանալով՝ նա մի պահ կանգ առավ և հիմա սպասում էր, թե ինչ կորոշի խումբն առաջնորդող Տերը։

– Հանգստանանք,- գլուխը շրջելով՝ ասաց ալևորը։- Ճանապարհը դեռ երկար է, քանզի գագաթին ենք մոտենալու։

– Չոր փայտերի բեռնակից ազատվելով՝ պատանին մոտեցավ ալեփառ մազերով մարդուն։

– Հայր իմ, Աբրահամ, ասա ինձ, իսկ որտե՞ղ է զոհաբերության նոխազը։

Գոգավոր քարին նստածը չէր պատասխանում։ Քրտինք էր կուտակվել աչքերի տակ սև պարկերի վրա, բրոնզե մաշկը պսպղում էր արևից, իսկ բերանի անկյուններում մոխրագույն փրփուրի կիտուկ կար։

Ծնկասող քամին ակնթարթներ էր ծամում, իսկ տարիքով մարդը լռում էր դեռ։ Ի վերջո, պատանու աչքերի մեջ նայելով՝ Աբրահամն ասաց.

– Իսահա՛կ, որդիս, Աստված ի՛ր գառն է տալու մեզ։

Խմբին մոտեցավ ևս մեկը, որ ծառա էր նույնպես՝ Փաղեկ անունով։ Հևում էր արագ քայլքից, քանզի կաղ էր և չէր կարողանում շարժվել առջևից գնացողների արագությամբ։ Այս վերջինը քար հատելու տապար ուներ ձեռքին, իսկ ջրով լի տիկը կախված էր ուսից։ Եվ էլի՝ վուշաթելերով գործված մի պարան օղակ-օղակ փաթաթված էր նրա հաստլիկ մարմնի գոտկատեղին։ Տիկն ուսից իջեցնելով, Փաղեկն առաջացավ ևս մի քանի քայլ ու Աբրահամին մեկնելով՝ ասաց.

– Խմիր, տեր իմ։

– Նախ՝ տղային տուր,- պատասխանեց Աբրահամը,- իսկ մենք…. դեռ կհասցնենք խմել։

Կյանքի ծարավն էր պսպղում կենարար հեղուկը վայելող պատանու աչքերի մեջ, իսկ արևը ոսկեզօծել էր նրա արտասովոր գեղեցկությունը։ Նա խմում էր կիսաբաց կոպերով, դեմքը երկնքին պարզած, և պարանոցն ի վար հոսում էին հաճույքից փախստական շիթեր։

Աբրահամը վեր կացավ։ Թվում էր՝ տառապանք կար անգամ այս պարզ գործողության մեջ, և ցավի կնճիռներ էին հայտնվում նրա դեմքին, երբ ջահի պոչն էր ազատում քարե պատվանդանից, երբ շտկում էր տարիներով բեռնավոր իր ուսերը։

Եվս երկու ժամ նրանք քայլում էին առանց խոսելու, հաղթահարելով գագաթնաձիգ ճանապարհը, որ քարքարոտ ու թեք էր։

Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։

Ի վերջո, Աբրահամը կանգ առավ։ Արտասովոր, հրեղեն տապից հալումաշ ծառաները փլվեցին քարերին, բայց և չկարողացան մնալ իրենց տեղերում, քանզի շիկավառ մանրախիճն այրում էր անխնա։ Քամին փշեր էր պլոկում կիսախանձ թփերից՝ պապակ հողի փոշին երկինք բարձրացնելով։

Քամին ներծծում էր նրանց արցունքոտ աչքերի աղը։

Փաղեկը գործի անցավ։ Իր տապարը հմտորեն գործածելով՝ նա ջարդում-փշրում էր հսկայական ժայռաբեկորներ, իսկ Արփաքսադը հավաքում էր դրանք։ Երբ արդեն բավականաչափ քար էր կուտակվել, Աբրահամը սկսեց զոհասեղան կառուցել։ Այս աշխատանքն ի վերուստ նրան էր հանձնարարված. հողեղեն որևէ մեկն այլևս չուներ այդ քարաբեկորներին դիպչելու իրավունքը։ Նահապետն աշխատում էր հմտորեն, մեծ նախանձախնդրությամբ, իսկ հարյուրամյա նրա մարմնում արտասովոր զորություն կար։ Այսպես, յուրաքանչյուր բեկորը հատ-հատ ընտրելով, նա ի վերջո կառուցեց ուղղանկյունաձև, թերևս հարթ մակերեսով և կես մարդաբոյ բարձրությամբ մի սեղան։ Ապա, ծունկի իջնելով՝ սկսեց աղոթել։ Ծառաներն ու Իսահակը կանգնած էին հեռվում, կանգնած էին՝ լռելյայն հարգելով Աստծուն մատուցվող ծառայությունը, որ տրված էր Աբրահամին՝ իբրև եզակի շնորհ։ Ակնթարթներ անց նահապետը բարձրանալու փորձ կատարեց, բայց կրկին ընկավ ծնկների վրա։ Աչքերը վառվում էին խենթափայլ ցնորքով։

Տեղից պոկվելով՝ Իսահակը վազեվազ մոտեցավ նրան։

– Ահա ձե՛ռքս, հայր,- պատրաստակամ առաջարկեց պատանին,- բռնիր, որ հեշտությամբ բարձրանաս։

Առանց խոսք իսկ ասելու՝ Աբրահամը կատարեց որդու խնդրանքը։

– Իսկ որտե՞ղ է ողջակեզի նոխազը, հայր իմ, չէ՞ որ ասում էիր, թե Աստված իր գառն է մեզ տալու։

– Այն ամենը, որդիս, ինչը անհնար է մարդու համար, Աստված հնարավոր է դարձնում հավատի շնորհիվ։ Ուստի հավատա՛, Իսահակ, և վարձատրված կլինես։

Որդուն մենակ թողնելով՝ Աբրահամը մոտեցավ ծառաներին։

– Ես ձեզ ասել եմ, թե ինչ պետք է անեք, ճի՞շտ է։

– Այո, տեր իմ։

– Այո…

– Ուրեմն՝ գործի՛ անցեք։

– Բայց մի՞թե այլ տարբերակ չկա, տեր իմ,- աղերսագին խոսեց Արփաքսադը։- Իսկ միգուցե դու սխալվե՞լ ես քո աղոթքներում, և կամ երկնքից եկող ուրի՛շ մի ձայն է քեզ առաջնորդություն տվողը։

– Կարծո՞ւմ ես։- Եվ Աբրահամն ապտակեց ծառային։- Թշվառակա՛ն։ Ո՞վ ես դու, որ փորձում ես կանգնել իմ և իմ Աստծո միջև։ Քո կուռքերը համր են հավիտյան, իսկ իմ Աստվածը կենդանի բոց է, լափող կրակ է ու գթասրտություն։- Ապա, Փաղեկին դիմելով՝ շարունակեց.- միգուցե դո՞ւ էլ ինձ ասելու բան ունես։ Խոսի՛ր։

– Ոչ, տեր իմ, ես հիշում եմ, որ ծառա եմ և ոչ ավելին։

– Ուրեմն գնացեք ու կատարեք հենց այն, ինչը որ պատվիրել եմ։

Կոպիտ, մազմզոտ պարանը վերցնելով՝ նրանք գլուխ տվեցին հնազանդ մարդու կատարյալ խոնարհումով, համբուրեցին Աբրահամի աջն ու հեռացան։

«Աստված իմ,- մտովի աղերսում էր նահապետը,- ուժ տուր ինձ, որպեսզի պատվո՛վ անցնեմ այս փորձությունը։ Չէ՞ որ պատվել ես քո ծառային՝ նրան ուխտավոր դարձնելով, և երկրի վրա չկա ուրիշ մեկը, ով լսել է քո ձայնն ու քո հավանությունն ունի։ Ուրեմն զորացրու իմ աջը, խնդրում եմ, և իմ հաջողությունը կամեցիր»։

Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր ոտնաձայն զրնգում էր շիկադեղին օդում, իսկ արևը հնոց էր։

Այրված մատներով քամիներ…

Աղաղակ, որ հանկարծ բազմապատկվեց լեռների արձագանքում, և հոտած մսեր թափվեցին լռության մարմնից՝ կմախքը մերկացնելով։

Ծառաները կապոտում էին Իսահակի ձեռքերն ու ոտքերը, իսկ պատանին հեկեկում էր աղերսալից.

– Հա՜յր իմ, Աբրահամ… Հա՜յր իմ, Աբրահամ…

Գործն ավարտելով՝ Արփաքսադն ու Փաղեկը վերցրին Իսահակի մարմինն ու դրեցին զոհասեղանի վրա։

Ահա կանգնած է Նահապետը՝ մերկասարսուռ13 (ՏՈՂԱՏԱԿ13. Մերկասարսուռ. հեղինակային բառ է։) քարերին մերձ, արցունքները գլորվում են աչքերից, իսկ մատները պրկվել են դաշույնի դաստակին։ Նրա փոս ընկած ակնագնդերում ծփում են հավատի հարցեր, իսկ ատամները կափկափում են։ Հիմա նա գիտի, թե ինչպես է ճաքում մարդու հավատարմությունը և ճանաչում է սիրո սահմաններ, որոնք զոհաբերության արյունով են գծագրվում։

Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ, ԵԹԵ ՈՉ՝ ՆԱ, ՈՎ ԿԶՈՀԱԲԵՐԻ ԻՐ ՄԻՆՈՒՃԱՐ ԳԱՌԸ, ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՐ ՊԱՀԱՆՋԸ ՍՐԲԱՑՆՈՒՄ Է ՍԻՐՈ՛Վ։

– Աստված իմ, Յահվե,- հանկարծ բղավեց Աբրահամը՝ արևի մեջ շողշողուն իր դաշույնը բարձրացնելով,- ընդունիր իմ մարմինն իբրև զոհ՝ Իսահակ որդու փոխարեն։

Շեղբը պատռեց նահապետի շապիկն ու մաշկը, բայց անտեսանելի, գերբնական մի ուժ խոչընդոտ եղավ հարվածին՝ դաստակը հաշմելով։ Դաշույնը թռավ պրկաձիգ մատներից, ու քարերին բախվող պողպատը զրնգաց դառնագին։ Որոտընդոստ մի ձայն, որ միայն Աբրահամին էր հասանելի, բարբառեց երկնքից.

– Ո՛չ. Իսահա՛կն է զոհը։ Ես նրա՛ն եմ ընտրել։

Եվ մեռավ արփին մթնասև ամպերի գերեզմանում, և վիշապաձայն հողմեր խելագարվեցին, և բյուր փաթիլներ իջան երկինքն ի վար՝ ծածկելով սարը՝ Մորիա։

 

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել