ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու` ԱԺ-ում քննարկված նախագծում բերված հիմքերը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը դժվարանում է ասել, թե իրավական առումով որքա՞ն են հիմնավոր: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զադոյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ավելի ամուր հիմք կա. 2018 թվականի փետրվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը նույն օրը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում:
Այդ ժամանակ Հրայր Թովմասյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել և շարունակել է որպես պատգամավոր իր գործունեությունը՝ փետրվարի 21-ին մասնակցելով պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Արդեն մարտի 1-ին պատգամավորները ԱԺ-ում քննարկել են Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը և մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքում 2 անվավեր ճանաչված քվեաթերթիկով, 64 կողմ և 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ: Նույն օրը երդվելով Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանը, փաստացի, ստանձնել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, իսկ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺՈ-008-Ա որոշումը:
Մեր զրուցակցի գնահատմամբ, ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավորի (անդամ) պաշտոնը ստանձնել է, երբ դեռ վայր չէր դրել պատգամավորական մանդատը` խախտելով Սահմանադրության 95-րդ հոդվածը` անհամատեղելիության մասով:
Կարդացեք նաև
Ինչեւէ, երբ հարցը կհասնի ՍԴ-ի քննարկմանը, Հրայր Թովմասյանի լիազորությունները պետք է սահմանափակվեն 50 օրով: Նրան այդ ընթացքում կփոխարինի ՍԴ փոխնախագահը, եթե նման պաշտոն կա, կամ` տարիքով ավագ դատավորը: ՍԴ-ն երկու որոշում կարող է ընդունել` դիմումը մերժել կամ դադարեցնել ՍԴ նախագահ-անդամի լիազորությունները: Վերջնական որոշումը կունենանք գործը ՍԴ վարույթ ընդունելուց 80 օր հետո: Ըստ Սահմանադրության այդ նիստին պետք է մասնակցի 2\3-ը, այսինքն, վեց անդամ: Թե ի՞նչ որոշում է հավանական, որ ՍԴ-ն կընդունի` նկատի ունենալով դատարանի ներկայիս կազմը, մեր զրուցակիցը ձեռնպահ է մնում ենթադրություններ անել:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ