Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը թեեւ վերջին տարիներին աշխատել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, սակայն մարզական միակ բուհում նորեկ չէ: Նա այս բուհի շրջանավարտ է, այստեղ աշխատել է որպես լաբորանտ, հետո՝ դասախոս, ավելի ուշ՝ ավագ դասախոս:
Նոր պաշտոնը ստանձնելուց դեռ մեկ ամիս էլ չի անցել, սակայն ինստիտուտում բարեփոխումների որոշ ծրագրեր արդեն իրականացվում են: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Խիթարյանը խոսեց դրանցից մի քանիսի մասին: «Ես վաղուց էի տեղյակ, որ այստեղ ուսանողական կյանքը պասիվ է: Ինչ միջոցառումներ անցկացվել են, եղել են պաշտոնական, արարողակարգային ձեւաչափով: Երբ հանդիպեցի ուսխորհրդի ակտիվի հետ, հասկացա, որ ուսանողությունը նորություն, ավելի ակտիվ կյանք է ուզում: Առաջարկ եղավ՝ միջոցառում կազմակերպել՝ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին: Ես էլ առաջարկեցի այդ օրը նաեւ առաջին կուրսեցիների համար «Բարի գալուստի» ուրախ միջոցառում կազմակերպել, ինչն ընդունվեց սիրով ու անցավ ուրախ: Ինչի՞ համար սկսեցինք հատկապես առաջին կուրսեցիներից, որովհետեւ ամբողջ ուսումնական պրոցեսի, քննությունների ընթացակարգի, կրթական ծրագրերի բարեփոխումները եւ ռազմավարական ծրագրերը իրականացնելու մեծ դաշտ տեսնում եմ հատկապես նրանց համար ու նրանց մասնակցությամբ: Սա պիլոտային ծրագիր է: Այլ կերպ ասած, փոփոխությունների ամբողջական փաթեթ է սպասվում, որն այս տարի ամենից շատ կվերաբերի առաջին կուրսեցիներին: Հույս ունեմ, որ չորս տարի հետո մեր շրջանավարտների որակական հատկանիշները տարբեր կլինեն:
Սպասվում են նաեւ կառուցվածքային մեծ փոփոխություններ: Շատ ամբիոններ եւ ֆակուլտետներ անտրամաբանական միացումների են ենթարկվել: Ֆակուլտետներ կան, որոնց անվանումը չի բնութագրում այն դասիչը, ինչն ինքը տալիս է: Կարեւոր փոփոխություններ են լինելու նաեւ վարչարարությունում: Եվ մի բան էլ, որին ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս: Դա լրատվության եւ հասարակայնության հետ կապերի խորացումն ու ընդլայնումն է, ինչը մեզ հնարավորություն կտա աշխատել թափանցիկ»:
Դավիթ Խիթարյանի խոսքով, իր նախաձեռնությունները արժանանում են պրոֆեսորադասախոսական կազմի հավանությանը. «Երբ որոշեցի, որ այս փոփոխությունների առաջարկները պետք է ներկայացնեմ ոչ միայն գիտխորհրդին, այլեւ գործող 14 ամբիոններին, որոնց հետ առանձին-առանձին քննարկումներ ենք անում, հաճելի էր դասախոսների դրական արձագանքը: Նրանք, որ կրթական, մասնագիտական ծրագրերն անմիջական իրականացնողն են, ասում են, որ մինչեւ հիմա անտեսված են եղել: Ես ծրագրերը ներկայացնում եմ ամբիոնների դասախոսներին, իրենք քննարկում են եւ հետո ինձ ներկայացնում իրենց կարծիքը եւ առաջարկները»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ