Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցում այսօր Եվրոպական ժառանգության օրերի բացումն է: «ԵՄ-ն տարիներ շարունակ սատարում է այս միջոցառման կազմակերպմանը ՀՀ-ում: Մենք մեծապես կարեւորում ենք մշակութային ժառանգությունը, այն մեր մեծագույն արժեքներից է եւ այն ձեւը, որը կարող է մեզ տանել դեպի միասնություն: Կարեւոր է, որ ՀՀ-ն շարունակում է բարձր պահել իր մշակութային ժառանգությունը՝ հուշարձանները, երգը, պարը: Դրանք հայ ժողովրդի ինքնությունն են: ԵՄ-ն ուրախ է, որ կարողանում է սատարել այդ ամենի պահպանմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե մշակույթի հատկապես որ ոլորտներն են գերակա այս միջոցառման շրջանակում: Հարությունյանն այսպես պատասխանեց. «Տատիս մայրն ուներ տասը երեխա: Երբ հարցնում էին, թե որ երեխային է ավելի շատ սիրում, ձեռքերի մատներն էր ցույց տալիս եւ ասում՝ ո՞ր մատս վնասելու դեպքում ավելի քիչ ցավ կզգամ… Որեւէ ոլորտի առաջնահերթություն չեմ տալիս եւ հավասարապես ուշադրություն եմ դարձնում բոլոր ոլորտներին: Շատ լավ տեղակալներ ունեմ: Երբեւէ տպավորություն չի ստեղծվի, որ մենք որեւէ ոլորտի ավելի շատ ենք առավելություն տալիս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ