Եթե ելնենք այն հանգամանքից, որ գործնականում մայիսին նոր միայն սկսվում է ոռոգման սեզոնը, ստացվում է, որ պարոն Փաշինյանի կառավարման ընթացքում ոռոգման երկրորդ սեզոնն է վերջանում, բայց փաստացի, ոչ միայն օրենսդրության, այլև վարչարարության, աշխատանքների կազմակերպման և մյուս բոլոր առումներով բացարձակապես ոչինչ չի արվել: Չհաշված, որ օրեր առաջ ԱԺ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և բնապահպանության հանձնաժողովը «ՋՕԸ-ների մասին» օրենքում փոփոխություն էր քննարկում, որը թույլ կտա ջրօգտագործողին հարցում կատարել ՋՕԸ-ին, թե իր հարևանը քանի անգամ է ոռոգում իրականացրել, և վերջինս պարտավոր է գյուղացու հարցումին պատասխանել: Մինչդեռ, նույն հանձնաժողովը կարող էր օրենքի մեջ այնպիսի փոփոխություններ առաջարկել, որ գյուղացու համար հնարավորություն ստեղծվեր անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով վիճարկել ջուր չլինելու հետևանքով իր կրած վնասները: Գործող օրենքը ոչ մի նման հնարավորություն չի տալիս:
Ընդամենը օրեր առաջ էկոնոմիկայի նախարարության փոխնախարարները մարզերի գյուղվարչությունների պետերի հետ քննարկել էին իրավիճակը: Մարզպետարանների ներկայացուցիչները առաջնահերթ խիստ դժգոհել էին ոռոգման ջրի վատ մատակարարումից: Սակայն այստեղ էլ աբսուրդային վիճակ էր այն առումով, որ քննարկմանը չէին մասնակցում ոչ ոռոգման համակարգի պատասխանատուներ, ոչ էլ անգամ նախարարության բուսաբուծության ոլորտի: Ոռոգման համակարգը բոլորովին այլ նախարարությունում է, բուսաբուծության պատասխանատու էլ արդեն 8-9 ամիս է, որ չունեն: Այս ամենում միակ չհիասթափեցնողը բնությունն էր, որ ջրառատ գտնվեց: Հուսանք, որ եկող տարի էլ այն բարեհաճ կլինի: Բայց… գետաշենցիների և ՋՕԸ-ի տնօրենի լեզվակռվից պարզվեց մեկ շատ հետաքրքիր բան ևս. գյուղացիների պնդումը ՋՕԸ-ի տնօրենը չհերքեց, որ ջուրը գյուղին չեն տվել և ուղղել են ՀԷԿ-ի «ոռոգմանը»: Պարզապես բացատրեց, որ դա իր պատասխանելիք հարցը չէ: Փաստորեն ստացվում է, որ այս համակարգում ոչինչ չի փոխվել, բացի հռետորաբանությունից:
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում