Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խցանումներ Վերին Լարսում․ խնդիրները շատ տարբեր բնույթի են՝ սկսած եղանակային պայմաններից մինչև քաղաքական․ «Ժամանակ»

Սեպտեմբեր 28,2019 11:25

Արդեն մեկ շաբաթ է՝ Վերին Լարսում խցանումներ են, ինչի պատճառով մի քանի տասնյակից ավելի բեռնատարներ՝ բեռնված տարբեր մթերքներով և այլ բեռներով, չեն կարողանում հատել սահմանը։ Ընդհանուր առմամբ անցակետը բաց է, սակայն խցանումներն առաջացել են այն պատճառով, որ անցակետում մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են ստուգում, որը վերջին օրերին ավելի մանրակրկիտ է արվում։ Բացի դրանից, վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին: Հայ վարորդների խոսքով՝ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ նրանց՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլև այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ է խնդրից։ Նախօրեին նախարարության մամուլի խոսնակը նշել էր, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ «Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել էր նախարարոթւյան խոսնակը։

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսը մեզ համար դարձել է աքիլեսյան գարշապար, որտեղ խնդիրները շատ տարբեր բնույթի են՝ սկսած եղանակային պայմաններից մինչև քաղաքական. «Կան նաև տեխնիկական խոչընդոտներ, կոռուպցիոն և քաղաքական խոչընդոտներ։ Կարծում եմ, որ հիմա մի քիչ աշխատում է քաղաքական խոչընդոտը՝ կոռուպցիայի հետ միասին։ Հիմնականում այս երկու ֆակտորն են աշխատում։ Ռուսական կողմի մաքսավորները ոչ մի բան լսել չեն ցանկանում՝ կոմպրոմիսի գնալ, ինչ-որ բան քննարկել իրենց հետ, ինչ-որ բան ապացուցել։ Իրենք եթե ցանկանան ստեղծել խոչընդոտ, դա կանեն, ու դու չես կարող համոզել, պաշտպանել քո իրավունքը։ Ստեղծված իրավիճակում էլ մնում է միայն կաշառք տալը։ Իսկ քանի որ մեր շատ վարորդներ դրա մասին գիտեն, չեն ցանկանում ժամանակ ծախսել, ինչ-որ բան ապացուցել։ Կաշառքը տալիս են և անցնում»։

Ինչ վերաբերում է քաղաքական խոչընդոտներին, ապա Մակարյանը չբացառեց, որ կարող է հրահանգ լինել ստեղծել խոչընդոտներ, որովհետև առջևում ԵԱՏՄ համաժողովն է, որը սկսվում է սեպտեմբերի 30-ին։ Հանդիպման ժամանակ նախատեսված են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումներ, և բնական է, որ այդ հանդիպումների ժամանակ կարող են օգտագործվել քաղաքական նման գործիքներ այս կամ այն խնդրի շուրջ բանակցելիս կամ հարցեր բարձրացնելիս:

«Մենք տարբեր օրինակներով գիտենք, որ տնտեսական խնդիրներ լուծելիս տնտեսական գործիքներ են օգտագործվում, բայց իրականում դրա տակ քաղաքական շահ է լինում։ Ես կարծում եմ, որ Վերին Լարսում մեկ խնդիր է հիմնականում՝ բարձիթողի վիճակ, որը ստեղծվել է արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Իսկ խոչընդոտները ստեղծվում են, եթե ինչ-որ խնդիր է լինում»,- նկատեց Մակարյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30