Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը ինչ-որ ձեւով նպաստելո՞ւ է Հայաստանին, թե՞ ուղղորդված է արտաքին ուժերի կողմից․ «Ազգ»

Սեպտեմբեր 28,2019 11:00

Հայաստանն ու Ռուսաստանը ընդհարման եզրին են ասողին չի կարելի խուճապարար անվանել: Իրականում հակառուսական հռետորաբանությունը ինչպես Հայաստանի լրատվամիջոցներում, այնպես էլ քաղաքական քննարկումներում բավականին թեժացել է, եւ Ռուսաստանն առայժմ խստագույն զգուշավորությամբ է արձագանքում դրան, վերապահելով առավել կտրուկ կամ ավերիչ պատասխանը ավելի ուշ մի ժամանակի:

Քաղաքական վերլուծաբան Հասմիկ Վարդանյանն «Aysor.am»-ին վերջերս տված հարցազրույցի ժամանակ նշում է, որ հակառակ պաշտոնական հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերությունները գերազանց վիճակում են, Հայաստանի իշխանությունները թավշյա հեղափոխությունից հետո չեն կարողացել ցրել Ռուսաստանի անվստահությունը Հայաստանի նկատմամբ եւ ընդհակառակը, է՛լ ավելի են սրել կացությունը ներքին հակառուսական գործողություններով եւ իրարամերժ հռետորաբանություններով:

Անդրադառնալով այն խնդրին, որ երկու կողմերն էլ քաղաքական ապաստան են տվել իրենց համապատասխան երկրներում հետախուզվող ակտիվիստներին, նա ավելացնում է, որ Մոսկվան մերժել է արտահանձնել նախկին կառավարության անդամներից Միհրան Պողոսյանին, որին փողերի յուրացման մեջ են մեղադրում Հայաստանում, իսկ Երեւանն ի պատասխան ապաստան է տվել Ռուսաստանում հակակառավարական ակտիվիստ Վիտալի Շիշկինին, որն արդեն չորս տարի անցկացրել է բանտում: Վարդանյանի կարծիքով, հարաբերությունների սառնությունը երկու դաշնակից պետություններին իրարից բաժանող խնդիրների սառցաբեկորի միայն երեւացող մասն է:

Որոշ դեմագոգներ Հայաստանում պնդում են, որ Հայաստանը ճիշտ է վարվել Շիշկինի հարցում, եւ որ դա ինքնիշխան պետության հաստատման նշան է, առանց հաշվի առնելու այն, որ որեւէ երկրի ինքնիշխանությունը սահմանվում է իր հարաբերական ուժով, որը համապատասխանում է իր քաղաքական հզորությանն ու հեղինակությանը:

Ապաստան որոնողների հարցից բացի, կան նաեւ այլ անմիջական գործոններ, որոնք լարված են պահում հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Հաջորդ խնդիրը, որ սրում է լարվածությունը, նախագահ Պուտինի այցելությունն է Երեւան հոկտեմբերի 1-ին` մասնակցելու ԵԱՏՄ-ի տարեկան ժողովին, որի շրջանակներում նա որոշել է այցելել Քոչարյանին, որ ներկայիս կալանավորված է: Հայաստանում ազգային քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե Պուտինին պետք է Քոչարյանի բանտախուցո՞ւմ հյուրընկալել, թե՞ վերջինիս ազատ արձակել: Մյուս կողմից Պուտինի ծրագրած այցելությունը Քոչարյանին մեկ ուրիշ սկանդալ է առաջացրել: Թավշյա հեղափոխության առաջնորդներից Դավիթ Իոաննիսյանն իր դիմամատյանում (ֆեյսբուք) նշել է, որ եթե Պուտինը ցանկանում է այցելել Քոչարյանին իր բանտախուցում, նա պետք է վստահ լինի, որ «իր հետեւից մենք չփակենք խուցի դուռը»:

Այս դեպքը կարելի է համեմատել Վրաստանում կատարված մեկ այլ միջադեպի հետ, որտեղ հակառուսական հեռուստակայանի վարող Գեորգի Գաբունիան վիրավորական խոսքեր էր տեղադրել Պուտինի հասցեին: Չնայած Վրաստանը այնքան էլ բարեկամական հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի հետ, կառավարությունը գործից ազատել էր այդ հեռուստակայանի տնօրենին: Նման բան տեղի չունեցավ Հայաստանում: Իոաննիսյանը շարունակում է մնալ իշխանությանը վստահելի անձնավորություն, եւ Փաշինյանը վերջերս նրան 70 հազար դոլար է տրամադրել պետական գանձարանից, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնի Ղարաբաղի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ դրամաշնորհը արդեն իսկ վրդովմունք է առաջացրել որոշ շրջանակներում:

Իսկ Կրեմլում վրդովմունք են առաջացրել Փաշինյանի որոշ հայտարարությունները, օրինակ՝ ֆրանսահայ համայնքի «Nouvelles d՛Armenie» ամսաթերթին տված հարցազրույցի ժամանակ իր պատասխանը, որտեղ ասում է. «Երբ Ռուսատանը զենք է վաճառում Ադրբեջանին, մտահոգության առիթ է տալիս: Ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք հարյուրամյակների մեր բարդույթներից: Մենք ինքնիշխան գործընկերներ ենք, եւ եթե մեր գործողությունները նրանց մտահոգություն են պատճառում, մենք էլ իրավունք ունենք մտահոգվելու իրենց գործողությունների հետեւանքներով»:

Այս արտահայտությունը մեծապես ողջունել է «գրանտակերներից» Սարգիս Արծրունին, որ հարցազրույցի կարեւորագույն կետերից մեկն է համարել այն, նշելով, որ դրանով Նիկոլը կապանքներից ազատում է ինքն իրեն եւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ինքնիշխանական ուղերձ է հղում Մոսկվայում, ինչը դրական նշան է:

Ռուսաստանն անուղղակի ձեւով անդրադարձավ հակառուսական զգացմունքների ուժգնությանը: Սեպտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի օգոստոսի 5-ին Ղարաբաղում հնչեցրած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» խոսքերի առնչությամբ ասաց. «Մենք ելնում ենք այն բանից, որ անկասկած կա ներքին հռետորաբանություն, կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքըՙ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Բայց կա նաեւ խաղաղ գործընթաց իր մասնակիցներով, համահովանավորներով, խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված միջազգային ջանքերով: Մոսկվան ելնում է այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է լինեն ընդհանուր ջանքերի համատեքստում»:

Պարզ ասած, Ռուսաստանի արտգործնախարարությունը նախատում է Փաշինյանին խաղաղության գործընթացը վտանգի ենթարկելու համար: Բայց կարելի է հարցնել Զախարովային, թե որտե՞ղ էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում էր, որ ամբողջ Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մաս է կազմում:

Պատասխանը հստակ է: Ռուսաստանը այնքան է վրդովված, որ ստիպված է բարձրաձայնել ադրբեջանամետ լինելու իր դիրքորոշումը:

Այս բոլորը նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության թեժացմանը: Բայց ի՞նչ նպատակով: Լարվածությունը ինչ-որ ձեւով նպաստելո՞ւ է Հայաստանին, թե՞ ուղղորդված է արտաքին ուժերի կողմից, որոնք հաշվի չեն առնում Հայաստանի շահերը:

Ռուսաստանը թեեւ գերազանց դաշնակից չէ, բայց աշխարհառազմավարական այլընտրանքային տարբերակ չունենալու պայմաններում Հայաստանը դարեր շարունակ հարաբերություններ է մշակել Ռուսաստանի հետ:

Ռուսաստանն այսօր Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է եւ հիմնական զենք մատակարարողը: Նրա զինվորական բազան, ճիշտ է, ինքնանպատակ է, որպեսզի ապահովի իր ներկայությունը Կովկասում, եւ Մերձավոր Արեւելքում: Բայց դա նաեւ հզոր խոչընդոտ է մեր գոյությանն ուղղված Թուրքիայի սպառնալիքներին:

Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու եւ փաստական ինքնիշխանությունը վայելելու խաղում շատ տարբերակներ չունի: Ոչ մի երկիր չի նախագծում իր արտաքին քաղաքականությունը զգացմունքերի, բարեգործության կամ բարոյական սկզբունքների վրա հիմնվելով: Միայն շահերն են սահմանում արտաքին քաղաքականությունը: Հայաստանը պետք է հասկանա այս փաստը, ընդունի այն որպես միջազգային հարաբերություններ հաստատելու սահմանված ընդհանուր կանոն եւ մասնակցի խաղին այդ գիտակցությամբ:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30