Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2019 թ.-ի «Համաշխարհային զբոսաշրջության զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանը 5 կետով առաջընթաց է ունեցել եւ հիշեցրել, որ 2017 թ.-ի զեկույցում Հայաստանը 84-րդ տեղում էր: Իմիջիայլոց նշենք, որ դրան նախորդող՝ 2015 թ.-ի զեկույցում Հայաստանը 89-րդն է եղել եւ դրանից երկու տարի անց՝ 2017 թ.-ին՝ եւս 5 կետով առաջընթաց էր ունեցել: Հետեւաբար, այս անգամ եւս վարչապետը չի կարող խոսել թռիչքաձեւ տնտեսական աճի, իր խոստացած զբոսաշրջային բումի մասին, նրա «հայտնաբերած»՝ Հայաստան զբոսաշրջիկների այցելելու զավեշտալի մոտիվացիայի մասին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, թե ամբողջ աշխարհում Հայաստանը հայտնի է դարձել որպես «թավշյա հեղափոխության» երկիր, եւ դրա շնորհիվ շատերի մոտ ցանկություն կլինի գալ Հայաստան եւ տեսնել, թե «դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել»: Այն, որ հեղափոխությունն ու զբոսաշրջությունը հակառակ բեւեռներում են, բոլորին է հայտնի, բացի, թերեւս, վերոնշյալ հայտարարության հեղինակից եւ նրան դեռեւս կուրորեն հավատացողներից:
Այժմ կոնկրետ ցուցանիշներով ներկայացնենք, թե Հայաստանում զբոսաշրջությունն ի՞նչ աճ է ունեցել անցած երկու տարիներին, ինչո՞ւ է այդ աճի տեմպը նվազել, ի՞նչն է պատճառը, որ աճի տեմպը ավելի շատ չի նվազել կամ անկում տեղի չի ունեցել եւ ի՞նչ կապ ունի դրա հետ ներկայիս «թավշյա» վարչապետն ու նրա կառավարությունը:
Զբոսաշրջության աճի տեմպը սկսեց նվազել 2018 թ.-ի ապրիլ-մայիսից
Նախ հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում:
Կարդացեք նաև
2018 թ.-ին Հայաստան են այցելել շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով ավելի է, քան 2017 թ.-ին: Պատկերացում կազմելու համար դա շատ է, թե՞ քիչ, համեմատենք այն նախորդ տարիների հետ:
2017 թ.-ի հետ համեմատությունն 2018 թ.-ի օգտին չէ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը 2017 թ.-ին կտրուկ է եղել՝ 18,7 տոկոսով կամ 235 հազարով ավելի 2016 թ.-ի համեմատ, կազմելով 1 մլն 494 հազար զբոսաշրջիկ: Այսինքն, ակնհայտ է, որ թե՛ թվային, թե՛ տոկոսային առումով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն անհամեմատ ավելի շատ է աճել 2017 թ.-ին, երբ ոչ ոք «բում»-ի մասին չէր խոսում, բայց լուրջ աշխատանք էր տարվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:
Զբոսաշրջության աճի բարձր տեմպը շարունակվում էր նաեւ 2018 թ.-ի առաջին երեք ամիսներին, երբ Հայաստան էր այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով ավելի էր 2017 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ: Սակայն, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ զբոսաշրջությունում աճի տեմպն ապրիլ-մայիսից սկսեց նվազել: 2-րդ եռամսյակում՝ ապրիլ-հուլիս ամիսներին անկում գրանցվեց՝ Հայաստան եկավ 6 հազարով կամ 2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան նախորդ եռամսյակին՝ հունվար-մարտին: Տարվա վերջին եռամսյակում էլ զբոսաշրջիկների այցելությունների որոշակի աճ եղավ կապված երկու խոշոր միջոցառումների՝ Երեւանում անցկացվող Ֆրանակոֆոնիայի գագաթաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ, որոնք «թավշյա» կառավարությունը հաճելի ժառանգություն էր ստացել նախորդ իշխանությունից:
Երեք հակասական տվյալ 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին
Այժմ անդրադառնանք 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությանը: Վերստին մեջբերենք վարչապետի գրառումներին այս տարվա հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին: Գրառումներ, որոնցում նշված թվերը հակասում են միմյանց:
Այսպես, այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:
Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում»:
Օգոստոսի 8-ի գրառման մեջ 14,4 տոկոսը աննկատ փոխվել է եւ դարձել 12,8 տոկոս: Այդ գրառման մեջ հետեւյալն է նշվել.
«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»:
Թե ինչպե՞ս է պատահել, որ 14,4 տոկոսը «հանկարծ» դարձել է 12,8 տոկոս, թերեւս միայն գրառման հեղինակին եւ վիճակագրական կոմիտեին է հայտնի: Սակայն, սա էլ դեռ վերջը չէ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակումից պարզ է դառնում, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է ոչ թե 14,4 կամ 12,8 տոկոսով, այլ… 12,3 տոկոսով:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում