Ո՞րն է առաջնայինը՝ ֆիզիկակա՞ն իրականությունը, թե՞ վիրտուալը, հայաստանցիների ո՞ր տոկոսն է ապրում վիրտուալ իրականության մեջ. այս հարցերի պատասխանները հավանաբար գիտեն սոցիոլոգները, եթե, իհարկե, երբեւէ նման հետազոտություն են անցկացրել: Այն պայմաններում, երբ հայաստանցի երեխաների ճնշող մեծամասնությունը կրտսեր դպրոցական տարիքից հրաշալիորեն տիրապետում է հեռախոսին (հե՛նց հեռախոսին եւ ոչ համակարգչին) եւ իր ժամանակի զգալի մասն անցկացնում է յութուբից տարբեր հոլովակներ դիտելով, դժվար է խոսել ֆիզիկական իրականության լուրջ ազդեցության մասին: Նրանց համար կյանքը յութուբի հոլովակների անվերջ շարան է:
Նույն ձեւով հասուն մարդկանցից շատերը կարող են ժամերով նայել կամ լսել համացանցում քաղաքական գործիչների մենախոսությունները, նույնիսկ այն պարագայում, երբ դրանք ձեւակերպված են որպես «հարցազրույցներ»: Նման մարդկանց համար իրականությունը բաղկացած է քաղաքական հռետորների անվերջանալի ճառերից, որոնք կամ հաստատում են իրենց նախօրոք գոյություն ունեցող համոզմունքները, իսկ ավելի հաճախ՝ կանխապաշարումներն ու կարծրատիպերը, կամ էլ հերքում են դրանք:
Այս վիրտուալ իրականությունը ստեղծում է նույնքան վիրտուալ սեր կամ ատելություն, որը նույնպես արտահայտվում է վիրտուալ դաշտում: Արդյունքում իմ ֆեյսբուքյան ծանոթների գերակշիռ մասը մեկընդմիշտ որոշել է, թե որ «խրամատում» է կռիվ տալու, բնականաբար, խոսքը վիրտուալ խրամատի մասին է, եւ ով է նրա սրտի թագավորը կամ աչքի գրողը: Եթե մարդը, ենթադրենք, Նիկոլի երկրպագու է, ապա նա ոչ մի ՀՀԿ-ականի մեջ որեւէ դրական հատկանիշ չի տեսնում եւ Հայաստանի անցած վերջին քսան տարվա ընթացքում չի նկատում ոչ մի լուսավոր կետ, բացի իր լիդերի քաղաքական գործունեությունից: Իսկ իր մեկնաբանությունների վերջում նա անպայման ավելացնում է՝ «սաղ ժողովուրդն այդպես է մտածում»:
Եթե մարդը, օրինակ, հավատավոր քոչարյանական է, ապա այսօրվա իրականությունը նրան ներկայանում է այսպես. Նիկոլը Սորոսի հետ միասին քանդում է երկիրը՝ հետապնդելով ազգի հերոսին: Իր մեկնաբանությունների ավարտին նա անպայման նշում է՝ «ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ իրեն խաբել են»:
Այդ ամենը նորմալ, սովորական կլիներ, եթե, բացի վիրտուալ խրամատներից, չլինեին իրական, ֆիզիկական խրամատներ, որտեղ կանգնած են մեր զինվորները: Իսկ խրամատներից այն կողմ չլիներ հակառակորդը, որի նպատակները մեզ հայտնի են: Վիրտուալ կյանքով ապրող մեր համաքաղաքացիները հաճախ դրա մասին մոռանում են:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Օրինակ ես Քոչարյանին համարում եմ հերոս, բայց տենց չեմ ասում։
Ասում եմ պետքա նայեկ ըստ կատարված աշխատանքի։ Վերցնում ենք Նիկոլի ոճով 100փաստ կամ ցուցանիշ ու համեմատում ենք։
Ասենք 1998 -ին, 2008-ին 2018-ին ու ասենք 2028 -ին կամ երբ Նիկոլը կգնա,
1․Երկրի Բյուջեն ինչքանա եղել, ինչքանա դարձել։
2․ ՀՆԱ-ն
3․ Սևանի մակարդակը
4․ Ուսուցչի աշխատավարձը
5․ Թոշակները
ու տենց շարունակ