Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երթեւեկությունը ավելի՞ կծանրաբեռնվի

Սեպտեմբեր 28,2019 12:00

Երթեւեկության ծանրաբեռնվածության վրա կարող է ազդել այն, որ այս տարի աննախադեպ թվով տրանսպորտային միջոցներ են ներկրվել, իսկ վարորդական քննություն հանձնելու համար հերթեր են գոյացել։

Ալբերտ Ենոքյանը քսան տարվա վարորդ է։ Այն, որ մեքենաների թիվը աճել է վերջին շրջանում, ինքն էլ է նկատել: «Վրաստանից օրական բերում են, ամեն մարդ ուզում ա իրա ընտանիքն էդ ձեւով պահի»,- ասում է տաքսու վարորդ Ալբերտ Ենոքյանը։

Ոմանք տրանսպորտային միջոց գնում են, որ տանը լինի, ոմանք տունը վաճառում են, որ ավտոմեքենա գնեն, ոմանց ընտանիքի բոլոր անդամները սեփական մեքենաներ ունեն, իսկ փաստն այն է, որ 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 35 000 տրանսպորտային միջոց։

Աճել է նաեւ առաջին անգամ վարորդական իրավունք ստացողների թիվը։ Եթե 2018թ. վարորդական իրավունք է ստացել 21674 անձ, ապա այս տարի օգոստոսի 31-ի դրությամբ 14752 հոգի արդեն ունի վկայական։ Ամռան ամիսների ընթացքում վարորդական գործնական քննություն հանձնելու համար մեծ հերթեր էին գոյացել. վարորդի թեկնածուները վճարում էին կատարում գործնական քննություն հանձնելու համար, բայց հերթ հասնում էր մոտ մեկ շաբաթ անց: «Վերջին շրջանում վարորդական քննության հարցերի քանակը շատացել է, ու նաեւ աղմուկ է բարձրացել, որ մոտակա ժամանակներս քննություն հանձնելու կարգը փոխվելու, ավելի բարդանալու է»,- պարզաբանում է «Վարորդի ընկեր» հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը։

Կարելի է ենթադրել, որ երթեւեկությունն ավելի կծանրաբեռնվի, քանի որ շատերը կսկսեն մեքենա վարել, բայց վարորդականների բաժնի պետի տեղակալն այդպես չի կարծում: «Վարորդական իրավունքի վկայական ստացողների թիվն ուղղակիորեն կապել երթեւեկության ծանրաբեռնվածության հետ, իրատեսական չէ, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ վարորդական վկայական ստացող անձանցից ոչ բոլորն են սկսում վարել տրանսպորտային միջոց՝ իրավունքը ձեռք բերելու օրվանից սկսած»,- ասում է Սամվել Ներսիսյանը։

Իսկ մեքենաների թվի աճը ազդում է երթեւեկության բեռնվածության վրա։ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը իր հրապարակումներից մեկում նշել էր, որ մեծ քանակությամբ ներմուծած մեքենաների մոտ կեսը գտնվում է մայրաքաղաքում, ինչն էլ իր հերթին դժվարացնում է երթեւեկությունը, հանգեցնում խցանումների։

ՃՈ-ը երթեւեկությունը թեթեւացնելու միջոցառումների լայն ասպեկտ ունի՝ ասֆալտապատումից մինչեւ երթեւեկության ուղղությունների փոփոխություն։ Իսկ «Վարորդի ընկեր» հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը այլ տարբերակ է առաջարկում:

«Ամենաառաջին ու միակ աշխատող լուծումը հասարակական տրանսպորտի բարելավումն է»,- ասում է նա։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30