Ճանաչված դիրիժորը՝ հայ կոմպոզիտորների ու կատարողների հետ իր համագործակցության մասին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 13-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) հրավերով առաջին անգամ մեր հանդիսատեսին ներկայացավ բելգիաբնակ ճանաչված դիրիժոր Անդրեյ Բորեյկոն: Նա ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մեկնաբանեց Մանսուրյանի թավջութակի «Ո՞ւր է, Աբել, եղբայր քո» կոնցերտը (մենակատար՝ բելգիաբնակ Սեւակ Ավանեսյան) եւ Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհ» սիմֆոնիան:
«Առավոտի» հանդիպումը Անդրեյ Բորեյկոյի հետ կայացավ սեպտեմբերի 26-ին, եւ հաճելի էր, երբ մաեստրոն մեզ շնորհավորեց Կոմիտասի ծննդյան օրվա առիթով, ինչին հետեւեց հարցը, թե՝ հավանաբար քաջածանոթ է հայ երաժշտարվեստին: «Չէի ասի, թե քաջածանոթ եմ, բայց գիտեմ Խաչատրյան, որի երկրորդ սիմֆոնիան BBC-ի առաջարկով ձայնագրել եմ Լոնդոնում, բախտ եմ ունեցել կարճատեւ, բայց շփվել, ես կասեի՝ նորարար Ավետ Տերտերյանի հետ: Մեր վերջին հանդիպումը կայացավ նրա մահվանից մեկ տարի առաջ: Սակայն երբ 1980-ականների սկզբին Սվերդլովսկի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էի, մեկնաբանեցի Տերտերյանի 3-րդ եւ 5-րդ սիմֆոնիաները: Կարող եմ երկար թվել ոչ միայն հայ, այլ աշխարհին ծանոթ ձեր կոմպոզիտորների հետ իմ ստացիոնար եւ հեռակա շփումները, բայց կառանձնացնեմ ամերիկաբնակ Քիմ Քաշքաշյանին: Նրա հետ ես ձայնագրել եմ Խաչատրյանի ալտի կոնցերտը: Խորհրդային պատնեշի վերանալուց հետո շփվել եմ հայ երաժիշտների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով ապրում ու ստեղծագործում են արտասահմանում, այդ թվում՝ Եվրոպայում բնակվող դաշնակահար Վարդան Մամիկոնյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, դիրիժոր Վահագն Պապյանի, կրտսեր Ճգնավորյանի հետ, ում հայրը՝ Լորիս Ճգնավորյանը, եթե չեմ սխալվում, նախկինում հանդիսացել է ձեր ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը: Շատ էի լսել եւ տեսաերիզների միջոցով ծանոթացել Էդուարդ Թոփչյանի արվեստին: Եկա, ծանոթացա, տեսա նրան եւ, պատկերացրեք, բարձրակարգ ու բարձրարվեստ երաժշտի իմ՝ նրա հանդեպ հեռակա ստացած կարծիքը զրույցի արդյունքում վերաճեց գերզարգացած, հասուն արվեստագետի տպավորության»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Դիրիժորը դարձյալ շեշտելով հեռակա բառը, հայտնեց, որ ծանոթ է եղել Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին, իսկ նրա ներկայությամբ առաջին փորձից հետո հասկացել է, որ դիմացը փիլիսոփա-կոմպոզիտոր է:
Կարդացեք նաև
Անդրեյ Բորեյկոյից, որը ղեկավարել է աշխարհահռչակ բազմաթիվ նվագախմբեր ու հեղինակավոր փառատոների մշտական մասնակից է, հետաքրքրվեցինք՝ արտասահմանյան մամուլի բնորոշմամբ՝ որպես մոդեռն արվեստի որոնումների կողմնակից, ստեղծագործական իր ճանապարհին հանդիպե՞լ է որեւէ հայ կոմպոզիտորի, դառնալով նրա ստեղծագործության առաջին կատարողը: Արվեստագետը պատասխանեց. «Իսկապես, մոդեռն արվեստի կողմնակից եմ, բայց նման դեպքերում իմ աշխատաոճը հետեւյալն է՝ ես եմ պատվիրում կոմպոզիտորին, այլ ոչ թե որոնում գործ՝ բառի իսկական իմաստով: Պատվիրել եմ ճանաչված շատ կոմպոզիտորների, այդ թվում՝ Գիա Կանչելիին, Ֆազիլ Սեյին, Սպարրիին եւ մյուսներին: Բայց Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եմ եկել արտասահմանում, Ալեքսանդր Իրադյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործության կատարման պրեմիերայով»:
Ներկայումս մեր զրուցակիցը հանդիսանում է երկու կոլեկտիվների՝ Նեյպըլի (ԱՄՆ) եւ Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը: Հետաքրքրվեցինք՝ հենց ժամանակի առումով ինչպե՞ս է հասցնում խիտ հյուրախաղային գրաֆիկի առկայությամբ հանդիսանալ նաեւ երկու նվագախմբերի ղեկավար: Անդրեյ Բորեյկոն ժպտալով պատասխանեց. «Իհարկե, իդեալական է, երբ մեկ՝ թեկուզ հանճարեղ երաժիշտը, ղեկավարում է մեկ նվագախումբ, այնպես, ինչպես իրենց ժամանակ աշխատել են Կարայանը, Տոսկանինին, Մալերը եւ մյուսները: Բայց մեր ժամանակներում սա նորմալ է, եղել են ժամանակահատվածներ, երբ ղեկավարել եմ միաժամանակ 4 նվագախումբ: Իսկ թե դրանից ինչն է շահել կամ տուժել, դա արդեն հանդիսատեսի եւ մասնագետների ասելիքն է»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Անդրեյ Բորեյկոն (կենտրոնում) Տիգրան Մանսուրյանի եւ Սեւակ Ավանեսյանի հետ աշխատանքի պահին
«Առավոտ» օրաթերթ
27.09.2019