Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տարի երկու ամիս հետո «Առավոտի» եւ նրա նամակագրի դեմ դասախոսների դատն ավարտվեց

Սեպտեմբեր 28,2019 13:30

Դատավոր Էդիկ Ավետիսյանը սեպտեմբերի 25-ին հրապարակել է վճիռը, որով բավարարել է դասախոս Լյուբա Մեհրաբյանի հայցապահանջը:

2016թ. հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմեցին մի խումբ դասախոսներ:

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով անդրանիկ նախնական նիստը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 21-ին: «Առավոտի» նամակագիր, նախկինում նույն բուհի դասախոս Նորիկ Սարգսյանի,  «Առավոտի» եւ «Հրապարակի» դեմ հայցապահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Դատարանում վիճարկվում էր 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված դասախոսի՝ Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական էին համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ: Մասնավորապես,  «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ»:

Ն. Սարգսյանը մեղադրել էր տնտեսագիտական համալսարանին՝ «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման համար»:

Հայցվոր կողմը պահանջում էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ն. Սարգսյանին նշյալ լրատվամիջոցներով հերքել, ներողություն խնդրել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչը փաստաբան Աստղիկ Ղազարյանն էր, «Առավոտինն» այս երեք եւ ավելի տարիների ընթացքում՝ տողերիս հեղինակը:

Հիշեցնեմ, որ այս տարվա մարտի 12-ին նախկին ռեկտոր Կ. Աթոյանը, Մ.Հարությունյանը, Պ. Քալանթարյանը հայցապահանջներից հրաժարվելու մասին դիմումներ էին ուղարկել դատարան, որով խնդրել էին իրենց մասով վարույթը կարճել: Այդ հայցապահանջով «Հրապարակի» դեմ դատարանում ոչինչ չմնաց:

Եվ հավանաբար իմ գործընկերները կանխատեսել էին երկարատեւ դատական գործընթացի անհեթեթության մասին, այդ իսկ պատճառով որեւէ անգամ դատարան չներկայացան:

Հայցից չհրաժարված դասախոս Լյուբա Մեհրաբյանը հրաժարվել էր միայն գումարային փոխհատուցումից, իսկ դատական գործընթացում երրորդ անձից պատասխանող դարձած «Առավոտի» դեմ հայցից՝ ոչ: Նշեմ, որ հայցվոր կողմը պահանջել էր՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի ոչ թե 2000-ապատիկի չափով գումար, այլ՝ 500 000-ի չափով, նույնը վիրավորանքի դեպքում՝ հազարապատիկի փոխարեն՝ 500 000-ի չափով: Նրանք փոխհատուցումից էլ հրաժարվել են՝ հաշվի առնելով իրենց նախկին գործընկեր-դասախոսի կենսաթոշակառու լինելը:

Հիշեցնեմ, որ նամակում նշվել էր, որ Կ. Աթոյանը, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, պարտադրել է ՀՀ դատական ատյաններին՝ կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով իրեն մասնագիտական գործունեությունից. «Պարոն ռեկտոր, եթե դուք չվայելեիք Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունը, ապա նշված եւ ինձ ոչ հասու ստվերային ֆինանսական այլ խախտումները, հավանաբար, ջրի երես դուրս կգային եւ այժմ գոնե կկանխեին Ձեր՝ ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվելու հնարավորությունը»,- գրել էր Ն. Սարգսյանը:

Լ. Մեհրաբյանի ներկայացուցիչը պատրաստել է նամակագրի անունից հերքման տեքստ, որն ակնկալում են տպագրել «Առավոտում»:

Ի դեպ, «Առավոտն» առարկել էր, նկատելով, որ տեքստում կային այնպիսի արտահայտություններ, որոնք բաց նամակում չի եղել, եւ խախտում է ԶԼՄ-ների «հերքման մասին» պահանջը:

Վճիռը հրապարակելիս թե նամակագիրը, թե նրա ներկայացուցիչը, թե «Առավոտը» ներկա չեն եղել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30