Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ես սայլակավոր հաշմանդամ եմ, եւ դու տալիս ես մեկ սայլակ եւ ընդամենը 25 000 դրամ թոշակ»

Սեպտեմբեր 28,2019 13:00

2-րդ կարգի հաշմանդամ Աշոտ Մնացականյանն իր մարտական մկրտությունը ստացել է Ֆիզուլիում, ապա Հադրութում, Գորիսում: Նա «Առավոտ» էր եկել իր նամակով, որը խնդրեց ամբողջությամբ տպագրել: Նա իր «դիմում-պահանջը Փաշինյանին» ուղարկել էր նաեւ ՀՀ կառավարություն, սակայն այնտեղից հարկ չեն համարել պատասխանել: Տպագրում ենք նամակն ամբողջությամբ:

«Կցանկանայի դիմումս սկսել «հարգելի» կամ «խնդրում եմ» բառերով, սակայն քո կարգավիճակն ու իմ իրավիճակը թույլ չի տալիս այդ անել, քանի որ հարգանքը պետք է լինի փոխադարձ, իսկ խնդրանքը՝ տեղին:

Ես այն ազատամարտիկներից մեկն եմ, ով իր արյան գնով ապահովել է քեզ եւ բոլոր պաշտոնյաներին շքեղ աշխատասենյակներով, թանկարժեք մեքենաներով եւ շատ բարձր աշխատավարձով: Բարեկեցիկ եւ կենսուրախ կյանքով:

Այսօր ես սայլակավոր հաշմանդամ եմ, եւ դու տալիս ես մեկ սայլակ եւ ընդամենը 25 000 դրամ թոշակ: Բնակվում եմ միայնակ, հոսանքազրկված, գազազրկված, շուտով նաեւ ջրազրկված բնակարանում՝ պարտքերիս պատճառով: Իմ խնդրանքին՝  ցուցաբերել որեւէ աջակցություն, Կոտայքի մարզի թոշակառուների բաժնի պետը պատասխանեց՝ չկա, իսկ հարցիս, թե ո՞վ պետք է կատարի օրենքով հաստատված բոլոր պարտականությունները, պատասխանեց. «Ես իմ կաբինետում նստած ի՞նչ իմանամ»:

Ճիշտ է ասում, որտեղից լինի, երբ հազիվ է հերիքում հոգալ պաշտոնյաների շքեղ կարիքները: Ունեմ փաստեր բյուջեից անհիմն դուրս գրված ահռելի գումարների մասին: Կներկայացնեմ անպայման հանդիպման ժամանակ: Իսկ ձեր բոլոր հանձնարարականների վրա մեր համայնքի ղեկավարը թքած ունի եւ չի կատարում: Չնայած դրան՝ նա շարունակում է պաշտոնավարել, որովհետեւ ունի աջակիցներ ավելի բարձր պաշտոններով:

Մյուս աջակիցը Մարության Հայկն է, որն այս ճգնաժամային պայմաններում բյուջեից դուրս է գրել կրկնակի պարգեւավճար: Եվ սա այն դեպքում, երբ որդեկորույս մայրերը դուրս են գալիս ցույցի, որպեսզի կառավարությունն աջակցություն ցուցաբերի իրենց կենսակերպն ապահովելու համար: Մայրեր, ում զավակներն իրենց կյանքն են տվել մեզ համար: Ես խոնարհվում եմ նրանց առաջ… Այսպես ապրելն անհնար է: Ըստ այնմ, պահանջում եմ ինձ տալ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է իր պարտավորություններից: Փաստաթուղթը ներկայացնելու եմ այլ երկրների դեսպանատներին` սոցիալական ապաստան ստանալու համար:

Փաստաթուղթը կտաս դու, Փաշինյան, դուխով, չվախենաս»:

 

Աշոտ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կոտայքի մարզ, գյուղ Արզնի, 1-ին փողոց, 1-ին փակուղի, տուն 7

«Առավոտ» օրաթերթ
27.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել