Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Մասնակիցներն անդրադարձել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներին: Մասնավորապես քննարկվել են տարածքային ներկայացուցչության պահանջին, անդամակցության թվային սահմանափակմանը, կուսակցությունների վերագրանցմանը, գործունեության պայմանների առավել ազատականացմանը վերաբերող հարցեր:
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը արդյունավետ է գնահատել խմբի աշխատանքները՝ նշելով, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս: Պատգամավորը տեղեկացրել է նաեւ հաջորդ թեմատիկ հանդիպումների եւ հոկտեմբերի 18-ին կայանալիք խորհրդարանական լսումների մասին:
ՀՀ Ազգային ժողով