«Ինստիտուտի դժբախտությունը տեղի ունեցավ 2011-ին, երբ այդ ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը որոշեց ինստիտուտը դարձնել հիմնադրամ»,- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնական խնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները» թեմայով քննարկմանը հայտարարեց Արտեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանը: 2018-ին ինստիտուտի տնօրեն նշանակվեց Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Անի Ապրահամյանը:
Ռուբեն Մկրտչյանն ասաց, որ Ներսես Երիցյանը ժամանակին ստեղծեց հոգաբարձուների խորհուրդ, որին այն ենթարկվում էր, և փաստորեն դարձավ միանձնյա կառավարում. «Ինստիտուտի տերը նշանակում է՝ հոգաբարձուների խորհուրդն էր, որը նշանակված է անժամկետ, և մինչև հիմա էլ այդ նույն կազմը կա: Իրենք ուղղակի խախտում են ինստիտուտի կանոնադրությունը, ՀՀ օրենքները և նույնիսկ Սահմանադրությունը: Մենք բազմիցս բողոքել ենք այն վիճակի համար, որը ստեղծվել է, բայց մեր բողոքների պատասխաններ չենք ստացել: Սա այդ գործընթացի շարունակությունն է: Ներսես Երիցյանը դարձավ ինստիտուտի տերը, ինքը նշանակեց տնօրեն և տվեց հնարավորություն նրան անել այն, ինչ ուզում է: Դա նշանակում է ֆինանսավորել այն ուղղությունները, որոնք իրենց հետաքրքրում են»:
Ըստ Ռուբեն Մկրտչյանի՝ ինստիտուտի հաջորդ դժբախտությունը նա է, որ իրենց կապեցին ցիկլոտրոնի հետ. «Միգուցե կոպիտ, խիստ կլինի. տպավորությունը նա է, որ մեզ թաղելու են այդ ցիկլոտրոնի տակ: Այդ կառույցն ունի և ուներ խնդիրներ, որոնք ոչ մի տեղ չեն անհայտացել: Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը 2013-ին որոշեց մի ֆիրմայի հետ պայմանագիր ստորագրել, որ իրենք լիովին այդ կառույցը հանձնեն և շահագործեն ցիկլոտրոնը: Հիմա այդպես չէ. ճշտեցինք, որ այդ ֆիրման ոչ մի տեղ չի անհայտացել և պահանջում է որոշ գումար այդ պայմանագիրը չկատարելու համար: Չկա բիզնես պլան: Նախորդն ակնհայտորեն կեղծ էր, ասել էի Ներսես Երիցյանին: Այդ համակարգի ամեն մի ախտորոշումը թանկ է, պետական պատվեր տալն անհամաչափ, անհասկանալի է: Ակնհայտ է՝ ինչ է պետք անել այդ համակարգի հետ, բայց ոչ ոք ըստ էության չի զբաղվում դրանով: Նոր տնօրենը, և′ Ներսես Երիցյանը, և′ հոգաբարձուների խորհուրդը հայտարարել են ցիկլոտրոնը գերակա ուղղություն մեր ինստիտուտի համար: Իր հետ համապատասխան նոր գիտական ուղղություն են ստեղծում, որը մեզ համար խորթ չէ, բայց պետք է համարվի տարբերվող: Այդ ամենը կատարվում է առանց որևէ հիմնավորման»:
Կարդացեք նաև
Նշենք, որ խորհրդարանում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնված լինի տեխնոլոգիաների վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ