Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ստանում են գրանտներ և համարում դա իրենց անձնական փողը. դա շիտակ չէ». Անի Ապրահամյան

Սեպտեմբեր 27,2019 20:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին կազմակերպեց «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնական խնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները» թեմայով քննարկում:

Խորհրդարանում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնված լինի տեխնոլոգիաների վրա:

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն ասաց, որ իրենց բյուջեի 80-85%-ը աշխատավարձին է ուղղված, 10-12%-ը կոմունալ ծախսերն են. «Պատկերացրեք, թե ինչպես կարող է լինել ազգային-գիտական լաբորատորիան մնացած տոկոսով՝ շենքեր նորոգել, երիտասարդներին գործուղման ուղարկել և այլն…մեր ենթակառուցվածքները քայքայվում են. շենքերը հին են, տանիքները փլվում են, այն շենքի մեջ, որում հիմա մենք նստում ենք, տանիքից անձրև էր գալիս։ Մենք վերանորոգել ենք տանիքը, և առաջին ձմեռն է լինելու, որ անձրև չպիտի գա։ Հարցեր կան նաև անշարժ գույքի մասով, մեզ շենքերը տրված են որպես անհատույց օգտագործման, բայց մենք չենք կարող հրավիրել մարդկանց, որոնք ցանկանում են ներդրում անել, որովհետև դրանց սեփականությունը չունենք։ IT ընկերությունները, ուրիշ գիտական ընկերությունները պատրաստ են գալ, ներդրումներ անել, բայց մենք իրենց պետք է վստահություն ներշնչենք»: Անի Ապրահամյանը տեղեկացրեց՝ Ալիխանյան ազգային-գիտական լաբորատորիան ունի յոթ բաժանմունք և 354 գիտաշխատող: Նա մտահոգություն հայտնեց, որ շատ մարդիկ գրանտները համարում են իրենց անձնական գումարը և նշեց. «Մարդիկ ստանում են գրանտներ և համարում դա իրենց անձնական փողը: Դա շիտակ չէ, աշխարհում լսված չէ, հասկանում եմ՝ ինչ էին պայմանները, որ ստիպված էին մարդիկ. փող չունեին իրենց աշխատավարձով ապրելու: Մենք պետք է շնորհքով աշխատավարձ տանք և գրանտներ վերցնենք ինստիտուտի համար, համագործակցություն գտնելու համար, բայց ոչ աշխատավարձի»:

Ըստ Անի Ապրահամյանի՝ մյուս խնդիրն ահռելի թղթագործությունն է. «Այն պետք է հեշտանա ու թափանցիկ լինի: Սարքեր չենք գնել տարիներ ի վեր: Այս տարի մի քանի սարք ենք գնել: Գույքագրումն ու աուդիտը շնորհքով որ անենք, հոգաբարձուներին կխնդրենք, ինչը մեզ պետք չէ կվաճառենք, դուրս կգրենք և առաջ կգնանք: Մեր ինստիտուտը բավականին հին տեսք ունի՝ երկու ոտքով աթոռներ, երեք ոտքով սեղաններ: Ամենը դուրս պետք է գրվի, նորը գնվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30