Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի փաստաբան. «Դատարանը չունի նյութ, բայց գտնում է, որ հիմնավորված է»

Սեպտեմբեր 27,2019 20:10

Վերաքննիչ դատարանի դիմաց ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը որոշ մանրամասներ հայտնեց լրագրողներին: Նա ասաց, որ քննարկվում էր Վերաքննիչ բողոքը կալանավորման որոշման դեմ:

Երեմ Սարգսյանի ձեւակերպմամբ, դատարանի դատական ակտը եւ դատարանի տրամադրության տակ առկա նյութերն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ դատարանն ընդհանրապես չի ունեցել մեղադրանքի վերաբերյալ որեւէ փաստական տվյալ, սակայն գրել է, որ հիմնավոր կասկածն առկա է:

Նրա խոսքերով առաջին ատյանի դատարանը թույլ է տվել կոպիտ խախտումներ, ինչի առիթով դիմել են համապատասխան հանձնաժողովին, որպեսզի դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվի: «Դատարանն ընդհանրապես չուներ փաստական տվյալ, նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել,պատկերացնել՝ հանցագործություն կա, թե չկա»,-ընդգծեց փաստաբանը:

Հավելեց, որ դատարանը մեխանիկորեն հաստատել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը.« Եթե դատարանը չունի նյութ, ինչպես է հիմնավոր կասկածը հաստատված համարել, այստեղ ակնհայտ է, որ դատարանը խախտում է թույլ տվել՝ այս դեպքում անձի ազատության իրավունք է սահմանափակվել»:

Հարցին՝ արդյոք Գագիկ Խաչատրյանն ընդունում է մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց. «Պարոն Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը.. Դատարանը պետք է առաջին հերթին դեպքը հաստատի՝ հիմնավոր կասկածի մակարդակում, մինչդեռ մեկ փաստական տվյալ անգամ չի ունեցել, որ կարողանա նման դատողություն անել»:

Փաստաբանն ասում է, որ հատուկ են բոլոր բողոքներն ու միջնորդությունները մակագրվել մի դատավորի, որը բավարարել էր կալանավորման միջնորդությունը: Ձերբակալման ու կալանավորման իրավաչափությանն էլ անդրադարձ եղավ: «Գագիկ Խաչատրյանը գտնվելով ԳԴՀ-ում, վիրահատություն էր տարել, բայց քննիչի առաջին իսկ կանչով վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, որպեսզի իր մասնակցությամբ քննություն կատարվի, հետո նորից վերադառնա բուժման, ինչից զրկված է»,-նշեց փաստաբանը:

Ասաց, որ իրավասու մարմինների կողմից կա համապատասխան եզրակացություն, որ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եւ իր պաշտպանյալի առողջության վերաբերյալ այնպիսի տվյալներ կան, որոնք բավական են, որ նա ազատ արձակվի ու մեկնի բուժման:

Հարցին, եթե Գագիկ Խաչատրյանը չի ընդունում ՀՔԾ-ի մեղադրանքը, այդ դեպքում ինչու է պետական բյուջե գումար վերադարձրել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Գումար փոխհատուցվել է նշված քրեական գործով, սակայն թե ով է փոխհատուցել եւ ինչ հանգամանքներում, այս պահին դրան չեմ անդրադառնա»:

Նա ասաց, որ իր տպավորությամբ արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող, ապա ընդգծեց. «Խոսք է գնում պետությանը պատճառված վնասի եւ հափշտակության մասին…Հետհեղափոխական Հայաստանում, եթե վնասը վերականգնվում է, բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարվել է,թե դեպքում խնդիրը այն չէ, որ մարդիկ հայտնվեն բանտերում»: Նրա խոսքով, իրենք եւս վնասը վերականգնել են, որ ցույց տան պաշտպանյալի պատշաճ վարքագիծը, սակայն նրան գրավով ազատելու հնարավորություն չի տրվում:

Փաստաբանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն, այնուամենայնիվ, արդար որոշում կկայացնի, որը հայտնի կդառնա երկուշաբթի առավոտյան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30