«Այն, որ ընտրված է Ֆիզիկայի ինստիտուտը, դա կարող է թվալ նեղ թեմա, բայց իրականում սա ամբողջ Հայաստանի գիտության ճակատագրի խնդիրն է»,- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնական խնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Լևոն Զուրաբյանը։
Նա փաստեց՝ աշխարհում յոթանասուն տոկոսը գնահատում է այն, ինչ արտադրվում է ՀՀ Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից: Նա հավաստիացրեց՝ սա մի հիմնարկ է, որը եթե փրկվի, դա կլինի ամբողջ ՀՀ գիտության փրկության խնդիր:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապատեղեկատվություն է փոխանցվել և մանրամասնեց. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ, երբ բերում էր հարյուր փաստ, 98-րդ կետով արձանագրեց այն, որ գործարկվել է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որի գործարկմանն էին սպասում արդեն տասնյոթ տարի: Այստեղ նստած բոլոր մարդիկ գիտեն, որ սա ուղղակի մի ապատեղեկատվություն է, որ մատուցված է վարչապետին: Կուզեի իմանալ՝ ո՞վ է նման ապատեղեկատվություն մատուցել: Այն արագացուցիչը, որը ստեղծվել էր Ալիխանյանի կողմից, այն չի գործում վաղուց. գործարկվել է երկու մետրանոց մի ցիկլոտրոն, որը ստանդարտ մի ֆիրմայի արտադրության մի ցիկլոտրոն է: Այստեղ որևէ նվաճում փնտրել պետք չէ»:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ցիկլոտրոնը լուծում չէ. «Ֆինանսական հիմնավորվածություն չկա, ոչ էլ դա պետք է լուրջ հետազոտական նպատակների համար: Շատ եմ խոսել գիտնականների հետ: Եթե սա համեմատենք այն արագացուցիչի հետ, որը կար նախկինում, ապա ոնց որ համեմատենք ժամանակակից բեռնատար մեքենայի հզորությունը և ձիու ուժը: Նախկինն ավելի հզոր արագացուցիչ էր, քան սա: Սրանով ոչ մի լուրջ գործ անել չի կարելի: Իրականում լուրջ գիտություն սրանով չի արվի: Ցիկլոտրոնը միշտ փող է պահանջելու, երբեք ֆինանսապես չի արդարացնելու, բերելու է նրան, որ քամելու է ֆիզիկայի ինստիտուտի ֆինանսական միջոցները»:
Կարդացեք նաև
Լևոն Զուրաբյանն առաջարկեց փոխել Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը և ավելացնել գիտական ֆինանսավորումը ֆիզիկայի ինստիտուտի ուղղությամբ. «Պետք է գտնել կազմակերպական ձև միավորելու ֆիզիկայի ինստիտուտը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ, որը կդառնա մի միավորում, և սա կլինի գիտական և կրթական կենտրոն»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1»+ի