Նավթարդյունահանման արդի վիճակը
Global Firepower (GFP) հետազոտական խմբի տվյալներով՝ Ադրբեջանի նավթի ապացուցված պաշարները 2017թ. վերջի դրությամբ կազմել են 7 մլրդ բարել[1]: Ադրբեջանի նավթարդյունաբերության առանձնահատկություններից մեկն այն է, որ նավթի պաշարների և արդյունահանման հիմնական մասը բաժին է ընկնում Ադրբեջանի միջազգային նավթային կոնսորցիումի (AIOC) կասպիական Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի բլոկին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տվյալներով՝ 2017թ. երկրում արտադրվել է 38.7 մլն տոննա նավթ: Ընդ որում, նույն ժամանակահատվածում SOCAR-ի կողմից արտադրված նավթը կազմել է 7.4 մլն տոննա: 2016թ. երկրում նավթի արտադրությունը կազմել է 41.03 մլն տոննա, այսինքն 2017թ. արտադրությունը կրճատվել է 5.7%-ով: Ընդհանուր առմամբ նավթի արտադրության նվազումը սկսվել է 2010 թ․-ից: 2010թ. նավթի արտադրությունը կազմել է 50.79 մլն տոննա, 2011թ.՝ 45.62 մլն տոննա, 2012թ.՝ 43.38 մլն տոննա, 2013թ.՝ 43.48 մլն տոննա, 2014թ.՝ 42.02 մլն տոննա, 2015թ.՝ 41.58 մլն տոննա: Այսինքն 2017թ. 2010թ. համեմատությամբ արտադրությունը կրճատվել է 24%-ով կամ 12.1 մլն տոննայով[2]: 2018թ. նավթի արտադրությունն Ադրբեջանում 2017թ. համեմատությամբ շատ փոքր չափով ավելացել է՝ կազմելով 38.8 մլն տոննա (տե՛ս աղյուսակ 1): Սակայն հատկանշական է, որ ԱՉԳ-ում արտադրությունը կազմել է 28,72 մլն տոննա 2017թ. 28.91 մլն տոննայի համեմատությամբ (արտադրության կրճատում 0.6%-ով)[3]: Հատկանշական է նաև, որ 2010թ. համեմատությամբ գրեթե 1 մլն տոննայով կրճատվել է նաև Ադրբեջանի սեփական, այսինքն բուն SOCAR-ի կողմից նավթարդյունահանման ծավալը: Կասկած չկա, որ շահագործվող նոր հանքավայրերի բացակայության պատճառով Ադրբեջանի նավթարդյունաբերությունն արդեն իր մայրամուտն է ապրում:
Նավթի արդյունահանման ծավալները 2009-2018թթ.
Կարդացեք նաև
Տարի | Ադրբեջան (մլն տոննա) | որից՝ SOCAR (մլն տոննա) |
2018 | 38,814.0 | 7,542.0 |
2017 | 38,688.9 | 7,427.1 |
2016 | 41,034.5 | 7,522.4 |
2015 | 41,586.0 | 8,160.5 |
2014 | 42,022.7 | 8,320.4 |
2013 | 43,483.9 | 8,314.9 |
2012 | 43,389.8 | 8,289.8 |
2011 | 45,625.4 | 8,400.9 |
2010 | 50,795.5 | 8,459.7 |
2009 | 50,419.3 | 8,543.3 |
Աղբյուրը՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն
Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի (CESD) փորձագետներն առանձնացնում են Ադրբեջանում նավթի արդյունահանման կրճատման երեք պատճառ՝
- վերջին տասնամյակում Ադրբեջանի նավթի պաշարները կրճատվել են: 1994թ.-ից սկսած Ազերի, Չիրագ և Գյունեշլի նավթի հանքավայրերի բլոկում /կասպիական սեկտոր/ արդյունահանվել է 440 մլն տոննա նավթ,
- Ադրբեջանի կառավարությունը փորձում է աստիճանաբար նվազեցնել արդյունահանումը, որպեսզի նվազագույնի հասցնի «արդյունահանման կտրուկ նվազման» ռիսկը,
- նավթի ծավալների վրա ազդում են նաև նավթային հարթակներում իրականացվող նորոգման աշխատանքները:
Ադրբեջանի տնտեսության մշուշոտ հեռանկարները
Ադրբեջանի տնտեսության հենքը նավթագազային սեկտորն է: Ընդ որում, դրա առանցքն էլ 1994թ. կնքված պայմանագրի շրջանակներում միջազգային նավթային կոնսորցիումի կողմից ԱՉԳ նավթային հանքավայրերի շահագործումն է, որի հետ էլ մեծ հաշվով կապված են երկրում իրագործվող տրանսպորտային, շինարարական և այլ նախագծերը: 1994թ.-ից սկսած երկրի նավթագազային սեկտորում օտարերկրյա ներդրումները (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Նիդեռլանդներ և այլն) կազմել են շուրջ 70 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի տնտեսությունում ընդհանուր առմամբ ներդրվել է 144,4 մլրդ դոլար[4]: Ստացված նավթային եկամուտները թույլ են տվել Ադրբեջանին ներդրող ներկայանալ Թուրքիայում, Վրաստանում և Ռումինիայում:
Սակայն նավթի պաշարները նվազում են ԱՉԳ-ում, նոր այլ հեռանկարային հանքավայրեր էլ չկան: Ադրբեջանի խոշորագույն հանքավայրերը կամ սպառված են կամ գտնվում են արդյունահանման նվազման փուլում: 1994թ. համաձայնագիրը կնքվեց 30 տարով: Արդյունահանումը սկսվեց 1997թ.: Վերելքը շարունակվեց մինչև 2010թ., երբ AIOC-ը, ըստ կանխատեսումների, պետք է հասներ 50 կամ գոնե 45 մլն տոննա արդյունահանման ծավալի: Սակայն այդպիսի ծավալի ընկերությունը չհասավ: Առավելագույնը ստացվեց 40,6 մլն տոննա նավթ: 2011թ. արդյունահանումը կրճատվեց մինչև 35 մլն տոննա: Մասնագետների արձանագրմամբ՝ 15 տարի հետո համաձայնագրի «ոսկե» դարն ավարտվեց:
Ներկայումս ԱՉԳ-ն արդեն դասվում է հասուն հանքավայրերի շարքին: 2017թ. կապիտալ ներդրումները կրճատվեցին 27%-ով: 2017թ. հոկտեմբերին համաձայնագիրը վերանայվեց: Ադրբեջանը և AIOC-ը պայմանավորվեցին ԱՉԳ համաձայնագիրը երկարացնել մինչև 2050թ.: Մասնագետների կարծիքով՝ այն երկարաձգվեց մինչև 2050թ., որպեսզի կապիտալ ծախսերը փոխհատուցվեն նախագծի երկարաժամկետությամբ: Ըստ գնահատումների՝ առանց լուրջ ներդրումների ԱՉԳ հանքավայրերում արդյունահանման անկումը կկազմի տարեկան 10 տոկոս: Նոր համաձայնագրով նախատեսում է ԱՉԳ-ում ավելի բարդ շահագործվող շերտերի յուրացում, որոնց պաշարները կոնդենսատի հետ միասին BP Azerbaijan-ի կողմից գնահատվում են 500 մլն տոննա: Պլանավորվում է նախագծում ներդնել ավելի քան 40 մլրդ դոլար: Փորձագետների գնահատմամբ՝ այսպես կոչված «ԱՉԳ-2» նախագծի պայմաններն ավելի վատ են, քան 1994թ. կնքված համաձայնագրինը: 1997-2017թթ., այսպես կոչված, «ԱՉԳ-1»-ում արդյունահանվել է 448,8 մլն տոննա նավթ, իսկ կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 25,5 մլրդ դոլար: «ԱՉԳ-2»-ի իրականացման լավագույն սցենարի դեպքում կապիտալ ծախսերը մեկ տոննայի հաշվով կկազմեն 80 դոլար «ԱՉԳ-1»-ի 56,8 դոլարի դիմաց[5]: Նոր նախագծում SOCAR-ի կշիռն ավելացել է 11,6%-ից մինչև 25%, բնականաբար, ներդրումային պարտավորությունների հետ միասին, իսկ ահա պետության կշիռը շահույթի բաժանման մեջ նվազել է 80%-ից մինչև 75%: Ադրբեջանը կստանա բոնուսներ 3,6 մլրդ դոլարի չափով, որոնք, սակայն, կվճարվեն հավասարաչափ մի քանի տարիների ընթացքում:
Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ ԱՉԳ հանքավայրերի արտադրողականության նվազումը մեծ հարված է նախագծի գազային բաղկացուցչին: Խնդիրն այն է, որ ԱՉԳ-ում արդյունահանվող ուղեկից գազը մասամբ ներմղվում է նավթահորեր նավթի կորզման նպատակով շերտային ճնշմանն աջակցելու համար: Մնացած գազը տրվում է Ադրբեջանին որպես ապրանք: Որքան բարձր են նավթի արդյունահանման նվազման տեմպերը, այնքան շատ գազ է անհրաժեշտ ներմղել, բնականաբար ավելի քիչ գազ է AIOC-ը փոխանցում Ադրբեջանին:
2018թ. վերջին ամերիկյան Շեվրոնը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառել միջազգային կոնսորցիումում իր բաժինը (9,6%), ավելի շուտ ԱՉԳ-ում իր ակտիվների (6,8%) վաճառելու մասին հայտարարել էր ամերիկյան Exxon Mobil-ը: Շեվրոնը հրաժարվում է ոչ միայն ԱՉԳ-ում իր բաժնից, այլև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օգտագործումից, որում ամերիկյան ընկերությանը պատկանում է ակտիվների 8,9%-ը: Haqqin.az-ը ստիպված էր խոստովանել, որ «25 տարի հետո ամերիկյան նավթագազային ընկերությունները լքում են Ադրբեջանը»[6]:
Չի թաքցվում, որ նոր համաձայնագրի հիմնական նպատակը ոչ թե նավթի արդյունահանման ավելացումն է, այլ կայունացումը: Ադրբեջանի նավթային արդունաբերության մայրամուտի մասին կանխատեսում են շատ փորձագետներ: Նրանք այն կարծիքին են, որ «ԱՉԳ»-ում արդյունահանման ընթացիկ մակարդակը կսպառվի արդեն այս տարի:
Որոշ մասնագետների կարծիքով՝ արդյունահանման մակարդակը կախված է ВР ցանկությունից: ВР-ը ցանկացած պահի կարող է կանգնեցնել հանքահորերը նորոգման պատրվակով: Հատկանշական է, որ ВР-ն օպերատոր է նաև Ադրբեջանի մյուս խոշոր, այս դեպքում գազային նախագծում՝ Շահ-Դենիզում: Ցանկացած շեղում այս հանքավայրերում, նույնիսկ սարքավորման նորոգման տեսքով, ոչ միայն նվազեցնում է դրանց, այլև երկրի մասշտաբով ցուցանիշները:
Արդեն 2010թ.՝ նավթարդյունահանման պիկից հետո երկիրը մտել է անկայուն տնտեսական աճի փուլ: 2011թ. նավթի արդյունահանման 10,1% կրճատումը, նույնիսկ նավթի պատմականորեն բարձր գնի պայմաններում, 1996թ. հետո առաջին անգամ հանգեցրեց ՀՆԱ-ի անկմանը (–1,6%):
Տնտեսական աճն Ադրբեջանում 2015թթ. կազմել է 1,1 տոկոս: Այս անգամ տնտեսության վրա սկսում է զգացնել տալ համաշխարհային շուկայում նավթի գների նվազումը: Արդյունքում, սկսած 2015թ. առաջին եռամսյակից տեղի է ունենում մանաթի արժեզրկում (տարվա արդյունքներով ազգային արժույթը գործնականում երկու անգամ արժեզրկվեց դոլարի նկատմամբ), գնաճ, ինչն ուղեկցվում է գործազրկության աճով, կրճատվում են բյուջետային ծախսերը, աշխատավարձերը, մարդիկ սկսում են ծախսել խնայողությունները և կանգնում վարկերը մարել չկարողանալու խնդրի առաջ: Տնտեսական վիճակի վատթարացնումը հանգեցնում է գանգվածային անկարգությունների երկրի տարբեր վայրերում: 2016թ. տնտեսական ակտիվության առումով Ադրբեջանում վիճակն արդեն ճգնաժամային էր, ՀՆԱ անկումը կազմեց 3,1%[7]: ՀՆԱ անկման վրա առավել բացասական ներդրում ունեցավ շինարարական սեկտորը (-22.9%), քանի որ կրճատվեցին նավթային եկամուտների մեծությունից կախված պետական կապիտալ ծախսերը և վարկավորման ծավալները: Պետական պարտքը 2016թ. հասավ ՀՆԱ 50,7% -ին, իսկ 2017թ.՝ ՀՆԱ 54,1%-ին, այն դեպքում, երբ 2005-2014թթ. այն կազմում էր ՀՆԱ-ի մոտ 12%-ը: Ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոն 2015–2016թթ․ դարձավ բացասական նախորդ տասնամյակի դրական ցուցանիշներից հետո[8]: Ընթացիկ հաշիվը նորից դրական դարձավ միայն 2017թ., երբ նավթի գները բարձրացան և կազմեցին միջինը 52,1 դոլար:
Այդ անկումն այնքան խորն էր, որ Ադրբեջանի ներկայիս ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ գրեթե 2 անգամ փոքր է մինչև 2014-2015-ի ճգնաժամային տարիների ցուցանիշը: 2016թ. ռեցեսիայից հետո Ադրբեջանի տնտեսությունը 2017թ. աճեց 0,1%, 2018թ.՝ 1,4%-ով: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017թ. կազմեց 41.2 մլրդ դոլար, իսկ 2018թ.՝ 46.9 մլրդ դոլար (2014թ. այն հասել էր իր առավելագույն մակարդակին՝ 75.2 մլրդ դոլարի): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2016թ․ կազմեց 3,898 դոլար, 2017թ.՝ 4200, 2018թ.՝ 4742 դոլար (2014թ.՝ 7939 դոլար)[9]:
Ոչ նավթային ՀՆԱ-ն 2016թ. կրճատվեց 5,0%-ով՝ առաջին անգամ ցույց տալով բացասական դինամիկա 1990-ականներից հետո: Այդ փաստը վկայում է այն մասին, որ ոչ նավթային սեկտորի ճյուղերը (շինարարություն, առևտուր և այլն) էլաստիկ կախվածություն ունեն նավթագազային սեկտորից: Ադրբեջանի տնտեսությունը մեծ հաշվով նավթադոլարների հաշվին սուբսիդավորվող տնտեսություն է: Բյուջեից միլիոնավոր դոլարներ են տրամադրվում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Ազերսուն» և «Ազերիգազը», որպեսզի վերջիններս լուծեն իրենց ընթացիկ խնդիրները, մարեն վարկերը և իրականացնեն մի շարք նախագծեր: Ադրբեջանի միջազգային բանկը դեֆոլտից փրկվեց միայն պետության ֆինանսական աջակցությամբ: Շրջանների մեծ մասը դոտացիաներ են ստանում, ինքնուրույն չեն կարող համալրել իրենց բյուջեները:
Ոչ նավթային սեկտորի նավթայինից կախվածության հստակ կորելացիայի մասին է խոսում նաև ոչ նավթային սեկտորի արտահանման վարքագիծը նավթի գների անկման պայմաններում (ոչ նավթային արտահանումը կտրուկ նվազեց նավթի արտահանման ծավալների նվազմանը զուգընթաց): Ադրբեջանի արտահանման կառուցվածքում նավթագազային սեկտորի կշիռը կայուն կերպով շարունակում է մնալ 90%-ից ավելի: Վերջին հինգ տարիներին Ադրբեջանի արտահանումը կրճատվել է 13.6%-ով՝ 2012թ. 27.9 մլրդ դոլարից հասնելով 14.3 մլրդ դոլարի 2017թ.: 2017թ. արդյունքներով՝ արտահանման 82.3%-ը կազմել է նավթը, 9.1%-ը՝ գազը և 2.3%-ը՝ նավթամթերքները[10]: Ադրբեջանը 2018թ. արտահանել է $20,8 մլրդ արտադրանք, որից 1,6 մլրդ կամ 7.7 տոկոսը կազմել է ոչ նավթային սեկտորի արտադրանքը[11]:
Ի՞նչ սպասել նավթագազային սեկտորի եկամուտների մասով
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարեց, որ նավթի համաշխարհային գների կտրուկ իջեցումը սթրես դարձավ իր երկրի տնտեսության համար: Նրա խոսքերով՝ «նավթի գների անկումը ոչ միայն բարդացնում է բյուջեի հաշվեկշռվածության խնդիրը, այլև կեղեքում է հոգեբանորեն»[12]:
2018թ. ԱՉԳ բլոկից նավթի և Շահ Դենիզի կոնդենսատի վաճառքից ստացվող Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) եկամուտները կազմել են 9 մլրդ 720 մլն դոլար[13]: Եկամուտների այդպիսի մեծություն հնարավոր է եղել ապահովել նավթի գների բարձր մակարդակի պայմաններում: 2018թ. Brent Crude նավթի տարեկան միջին գինը հասավ մեկ բարելի համար 74 դոլարի: Միաժամանակ, հարկ է նշել, որ Ադրբեջանի նավթի արդյունահանման ծախսերը վերջին տասնամյակում աճել են: SOCAR-ի տվյալներով՝ մեկ բարելի արժեքը կազմում է 20 դոլար: Հաշվի առնելով նավթի բարձրացող ինքնարժեքը և արտադրության ծավալների կրճատումը, CESD-ում չեն սպասում, որ Ադրբեջանը նորից հսկայական եկամուտներ կստանա նավթի արտահանումից: Ըստ CESD-ի կանխատեսումների՝ Ադրբեջանի պետական SOFAZ-ի տարեկան եկամուտը կկազմի մոտ 6,0-7,0 մլրդ դոլար, այն էլ նավթի մեկ բարելը 60-70 դոլար գնի դեպքում[14]: Հատկանշական է, որ SOFAZ-ից պետական բյուջեի տարեկան հատկացումները մոտավորապես այդքան գումար են կազմում: Պետական բյուջեի եկամուտները 2019թ. ծրագրված է մոտ 13.47
մլրդ ԱՄՆ դոլար (BRENT տեսակի նավթի գինը հաշվարկված է 60 ԱՄՆ դոլար մեկ բարելի համար)[15]: Ընդ որում, դրա 6.79 մլրդ դոլարը ստացվելու է SOFAZ-ից: Հատկանշական է նաև, որ ուղղակի նավթային եկամուտները կազմելու են 50.4%: Եթե դրան ավելացնենք նավթային սեկտորից ստացվող անուղղակի եկամուտները, օրինակ նավթային ընկերությունների վճարած հարկերը, ապա այս ցուցանիշը կաճի 59.8%, փոքր-ինչ քիչ 2018թ. 60.2% ցուցանիշից[16]: Այսինքն նավթի գնից Ադրբեջանի պետական եկամուտների կախվածությունն այնքան մեծ է, որ դրա անկման դեպքում հետևանքներն անկանխատեսելի են:
Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացրել է անվնասաբերության վերլուծություն նավթարդյունահանող երկրների համար: Վերլուծությունն ի ցույց է դնում նավթի այն գինը, որն անհրաժեշտ է տնտեսությունում հաշվեկշռվածության համար: Վերլուծության համաձայն՝ Ադրբեջանում ֆիսկալ անվնասաբերության համար գինը կազմում է 45.1 դոլար, իսկ արտաքին անվնասաբերության համար՝ 55.1 դոլար[17]:
Եթե նավթի գներն ընկնեն վերը նշված մակարդակներից, ապա երկրի ամբողջ տնտեսական համակարգը լուրջ ցնցումների մեջ կարող է ընկնել: ԱՄՀ-ի այս ցուցանիշները ցույց են տալիս այն մակարդակները, որում Ադրբեջանի ֆիսկալ և արտաքին հաշվեկշիռը հավասար է զրոյի[18]:
Ադրբեջանի եկամուտների մյուս աղբյուրը գազն է: Սակայն գազից ստացվող եկամուտները չեն կարող փոխարինել նավթից ստացվող եկամուտներին: Որպես գազի հիմնական աղբյուր հանդես է գալիս «Շահդենիզ-2»-ը: 2007թ. մինչև 2018թ. հուլիսը շահագործվել է միայն Շահ-Դենիզ 1-ի ծանծաղ մասը՝ կորզելի 190 մլրդ մ3 գազի պաշարներով: Արդյունահանման սկզբից 10 տարի անց այստեղ նկատվում է արտադրության նվազում: 2017թ. արդյունահանվել է 10,2 մլրդ մ3՝ 2016թ. 10,7 մլրդ մ3 դիմաց: Անկումը բացատրվում է նույն կերպ, ինչպես ԱՉԳ-ում՝ սարքավորման նորոգում: Խորջրյա մասի, Շահ-Դենիզ 2 նախագծի շահագործումը սկսվել է 2018թ., կորզելի պաշարները կազմում են 625 մլդ մ3: Ըստ կանխատեսումների՝ հանքավայրի շահագործման երկրորդ փուլում գազի արդյունահանման ծավալը կարող է ավելանալ մինչև 24 մլրդ խորանարդ մետր: Այլ հանքավայրերից հեռանկարային կարող են համարվել Ապշերոնը (350 մլրդ մ3), Ումիդը (200 մլրդ մ3) և Բաբեկը (400 մլրդ մ3): «Ապշերոն» նախագծի մասնակիցներն են SOCAR-ը, ինչպես նաև ֆրանսիական Total և Gaz De France Suez ընկերությունները: «Ապշերոն»-ի առաջին հանքահորի հորատումը նախատեսվում է 2019թ. վերջին եռամսյակում:
Գազի արտահանման համար կառուցվում են Տրանսանատոլիական գազամուղը (TANAP) և Տրանսադրիատիկ գազամուղը (TAP), որոնք միասին ձևավորում են ԵՄ ձգվող Հարավային գազային միջանցքը: TANAP-ը պլանավորվում է գործարկել 2019թ. հուլիսի 1-ից, իսկ ամբողջ հզորությամբ կգործի 2021թ. հուլիսի 1-ից: TAP-ը պետք է գործարկվի 2020թ. առաջին օրվանից և ամբողջ հզորությամբ կաշխատի 2020թ. վերջում:
«Շահ-Դենիզ 2» և «Հարավային գազային միջանցք» նախագծերը շատ թանկ կնստեն ադրբեջանական կողմի վրա: Մոտավորապես 45 մլրդ դոլար կկազմի «Շահ-Դենիզ 2» նախագծի ընդհանուր արժեքը: Կպահանջվի նվազագույնը 10-15 տարի (եթե նավթի գները չընկնեն), որպեսզի նախագիծը հետ գնվի[19]:
Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Տնտեսական զարգացումներ և անվտանգություն ծրագիր
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
[1] Азербайджан – в нефтяной двадцатке, Sputnik, 05.01.2018, https://az.sputniknews.ru/economy/20180105/413472252/azerbajdzhan-neft-zapasi-mesto-v-mire.html
[2] Sharp decline in Azerbaijan oil outout in 2017, CESD, 02.01.2018, http://cesd.az/new/?p=11309http://cesd.az/new/?p=11309
[3] Caspian Barrel, http://caspianbarrel.org/en/2019/01/oil-production-at-acg-block-decreased-by-0-6-in-2018/
[4] Владимир Сухой: Азербайджан – нефть, газ, инвестиции. 20.09.2015. https://moscow-baku.ru/news/economy/professor_mgimo_telezhurnalist_vladimir_sukhoy_kontrakt_veka_pozvolil_azerbaydzhanu_stat_moshchnym_i/
[5] Игорь Ивахненко, Обмелело нефтяное море Азербайджана, 16 июля 2018, https://oilcapital.ru/article/general/16-07-2018/obmelelo-neftyanoe-more-azerbaydzhana
[6] Геннадий Грановский, Американцы побежали с бакинских нефтянных промыслов, 7 декабря 2018, https://topwar.ru/150851-amerikancy-pobezhali-s-bakinskih-neftjanyh-promyslov.html
[7] The State Statistical Committee of the Republic of Azerbaijan: The indices of main socio – economic indices (as
percent to previous year)
https://www.stat.gov.az/source/system_nat_accounts/en/001en.xls
[8]Азербайджан: ресурсная модель экономического роста, Бюллетень о текущих тенденциях мировой экономики декабрь 2018, N 39, Аналитический центр при правительстве Российской Федерации, стр. 7.
[9] Countrye Eonomy.com, https://countryeconomy.com/gdp/azerbaijan
[10] Observatory of Economic Complexity, https://oec.world/en/profile/country/aze/
[11] Ненефтяной экспорт Азербайджана за 2018г вырос на 10% – ЦБ, 01․04․2019, http://interfax.az/view/761748
[12] Нефтяное проклятие Баку: Дело — труба?, 22․01․2016, https://eadaily.com/ru/news/2016/01/22/neftyanoe-proklyatie-baku-delo-truba
[13] Доходы от продажи прибыльной нефти Азербайджана с блока АЧГ превысили $138 млрд, 09․01․2019,
[14] Sharp decline in Azerbaijan oil outout in 2017, CESD, January 2, 2018, http://cesd.az/new/?p=11309http://cesd.az/new/?p=11309
[15] Dan Breban Elmir Mukhtarov Jafar Jafarov, The CESD Assessment on the 2019 State Budget Project, Baku, November, 2018
[16] Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտե, Ադրբեջանի ֆինանսների նախարարություն:
[17] Regional Economic Outlook: Middle East and Central Asia, October 2017, p.108
https://www.imf.org/en/Publications/REO/MECA/Issues/2017/10/17/mreo1017
[18] International Monetary Fund: Assessment of MENAP Countries 2017
https://www.imf.org/~/media/Files/Publications/REO/MCD-CCA/2017/October/MENAP/mcd-printerwithout.ashx?la=en
[19] Джамиля Алекперова, Зависимость Азербайджана от нефти и газа дошла до опасной отметки, http://press-unity.com/analitika-stati/10904.html
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ