ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 51-ամյա բնակչին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 18:55-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոն է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ, պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ նա ենթարկվել է վիրահատության, որի ժամանակ՝ ժամը 21:45-ի սահմաններում, նրա մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները՝ շարժառիթը, դեպքի վայրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արմավիր մարզի բնակիչ՝ ծնված 1967 թվականին:
Կարդացեք նաև
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը դեպքի օրը Էջմիածին քաղաքի Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքում դիտողություն անելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Հովհաննիսյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնաս և դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ վերջինս թաքնվել է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
2019թ. մայիսի 23-ին հետախուզվող 51-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին