Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Ավինյանի հանդիպումը չկայացավ «Հյուսիս-հարավի» ներդրումային ծրագրով աշխատած, բայց չվճարված աշխատակիցների հետ

Սեպտեմբեր 27,2019 17:18

«Քրեական գործերն իրենց հերթով, շարքով գնում են, դրանց հետ կապված չեն մեր վճարումները, որովհետեւ այս ժամանակահատվածի, այս աշխատանքների ծավալի հետ որեւէ քրեական գործ չկա, համենայն դեպս, մենք տեղյակ չենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասացին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանդիպելու նպատակով կառավարություն եկած «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող կազմակերպության աշխատակիցները, որոնք դեռեւս 2018 թվականի սեպտեմբերից չեն ստացել իրենց աշխատավարձերը:

Փոխվարչապետի հետ հանդիպումը, սակայն, այդպես էլ չկայացավ: Աշխատակիցների խոսքով, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանն իրենց «sms»-ով տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի չի ունենալու: Իսկ թե ինչո՞ւ,  ըստ «Շին թրեյդ» ընկերության տնօրեն Կարապետ Սաքապետոյանի, դեռեւս չեն հիմնավորել՝ ինչու հանդիպումը չեղարկվեց:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ իսպանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 28 ենթակապալառուների ներկայացուցիչներ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին հրավիրվել էին կառավարություն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի եւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպման, որպեսզի հարցին լուծում տրվի:

«Մենք հիմա անակնկալի եկանք, 120 օր ականջներիցս լապշա կախեցին, մեզ խաբեցին: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ ինչումն է մեր մեղավորությունը, որ ընկել ենք այդ իրավիճակի մեջ: Հազար անգամ դիմել ենք կառավարություն, տասը առաջարկ ենք արել, բայց որեւէ մեկը չի ընդունվել»,-ասաց Կարապետ Սաքապետոյանը:

Հարցին՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի աշխատանքները կատարելիս բազմաթիվ խախտումներ են ի հայտ եկել, ինչո՞ւ եք այդ խախտումները թույլ տվել, «Շին թրեյդ»-ի ղեկավարը պատասխանեց. «Մենք խախտում թույլ չենք տվել, մեր կողմից կատարված բոլոր աշխատանքները կատարվել են բարեխիղճ ձեւով, ընդունվել են թե՜ տեխհսկողի թե՜ Կորսանի, թե՜ պետության կողմից: Դրանց հետ կապված բոլոր կատարողականները ստորագրված են, հաշիվ-ապրանքագրերը գրված են, ուղղակի գումարները չենք ստացել»:

Աշխատակիցների տվյալներով, կատարված աշխատանքների դիմաց իրենց, ընդհանուր առմամբ, պարտք են 250 միլիոն դրամ:

Ենթակապալառուների ներկայացուցիչները նշել են, որ Վարագ Սիսեռյանը մայիսի 30-ին խոսք էր տվել 45 օրվա ընթացքում հարցին լուծում տալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30