ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային եւ Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄքԴերմոթին եւ Թրենթ Զինեմանին:
Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը եւ երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Կարդացեք նաև
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին սատարող դիրքորոշում:
Արարատ Միրզոյանը հյուրերին ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ավստրալիայում բացել դեսպանատուն: «Կարծում եմ, որ երբ այս ծրագիրն իրականանա, սա մեծ, կարեւոր պայման կլինի հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:
Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ մեր հայրենիք եւ դրա փոքրիկ մաս՝ Արցախ կատարած այցի համար, ինչպես նաեւ հայկական կազմակերպությանը՝ այցը կազմակերպելու եւ հյուրերին ուղեկցելու համար: Արման Բոշյանը շնորհավորել է Ջոն Ալեքսանդրին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհած «Վաչագան Բարեպաշտ» եւ Հյու ՄքԴերմոթին՝ «Երախտագիտության» պետական պարգեւների համար: Արման Բոշյանը նշել է, որ պատրաստվում են նոր հարթություն տեղափոխել միջխորհրդարանական համագործակցությունը ու համոզված է, որ այն ակտիվ է լինելու եւ ծառայելու է երկու երկրների շահերին:
ՀՀ ԱԺԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ