Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ, համաձայն իրենց կատարած վերլուծության, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվության ազատության ապահովման հարցում

Սեպտեմբեր 27,2019 17:06

 Սեպտեմբերի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական ուղենիշները: Նա կարևորել է քաղաքացիական հասարակության շարունակական աշխատանքը Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելու և համապատասխան մշակույթ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության մշակմանն  աջակցելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շուշան Դոյդոյանը խորհրդանշական է համարել այն, որ հանդիպումը տեղի է ունենում Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին և կարևորել քաղաքական ղեկավարության բարձր մակարդակում սույն հարցի նկատմամբ ուշադրությունը: Նրա խոսքով հանդիպման խթաններից մեկը հանդիսացավ սեպտեմբերի 5-ին փոխվարչապետի տրված հանձնարարությունը պետական մարմիններին՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները պահպանելու մասին:

Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ համաձայն իրենց կատարած վերլուծության, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվության ազատության ապահովման հարցում: Միաժամանակ, դաշտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նա ներկայացրել է հետազոտությունների արդյունքում հանրային կառավարման համակարգ-քաղաքացի փոխհարաբերություններում արձանագրված բացերը և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ: Այս ամենի առումով Տիգրան Ավինյանն նշել է, որ վերջերս մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը, և որի շրջանակներում, ի շարս այլ հարցերի, կապահովվեն պետական համակարգի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը:

Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող շատ դրույթներ իրենց տեղը կգտնեն հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ և առաջարկել զրուցակիցներին ակտիվորեն ընդգրկվել այս գործընթացում։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայն որի՝ հանդիպմանը ներկա կազմակերպությունները շարունակական մշտադիտարկման կենթարկեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ կապված իրավիճակը և արդյունքները կներկայացնեն կառավարության ուշադրությանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30