Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին՝ նշեց, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վարչապետի որևէ հանդիպում նախատեսված չէր. «Միայն արտաքին գործերի նախարարն է հանդիպում ունեցել Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ: Այլ բարձր մակարդակի հանդիպումներ հայկական պատվիրակությունը չի ունեցել։ Շատ էր շահարկվում, որ հնարավոր է հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ, բայց բնական էր, որ այդպիսի հանդիպում այս փուլում լինել չէր կարող։ Նախ խիտ գրաֆիկների պատճառով՝ մասնավորապես Թրամփի, և բացի դրանից նաև այն պատճառով, որ օրակարգային կարևոր հարցեր չկային, որ կարողանային քննարկել»:
Անդրադառնալով ՄԱԿ-ում վարչապետի ելույթին ՝ Սուրեն Սարգսյանն ասաց. «Սա վարչապետի երկրորդ ելույթն էր ՄԱԿ-ում և մեծ հաշվով մեսիջները մի փոքր ավելի լայն կարող էին լինել, գոնե այն առումով, որ վարչապետը նույն ամբիոնից երկրորդ անգամ խոսեց հեղափոխության՝ դրա հետևանքների և պատճառների մասին, ներքաղաքական գործընթացների մասին։ Ես կարծում եմ՝ միջազգային հանրությանը, որն այստեղ հիմնական ունկնդիրն է, այդքան էլ հետաքրքիր չեն Հայաստանի ներքաղաքական գործընթացները։ Կարծում եմ՝ ավելի էֆեկտիվ կլիներ, եթե վարչապետն անդրադառնար Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաև այն բարեփոխումներին, որոնք Հայաստանի կառավարությունը սկսել է կամ պետք է սկսի իրականացնել»:
Այն հարցին, թե ինչո՞ւ էր տրամաբանական, որ այս փուլում տեղի չէր ունենա Թրամփ – Նիկոլ Փաշինյան հանդիպումը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Արտաքին գործերի նախարարը շատ անկեղծ նշել է՝ կուզեմ նաև ցիտել նրան, նա ասաց, որ երբ որ կարիքը լինի, երբ որ մենք կարևոր բան ունենանք ասելու, մենք հեռախոսը կվերցնենք՝ ես կխոսեմ պետքարտուղար Պոմպեոյի հետ, վարչապետն էլ կզանգահարի նախագահ Թրամփին: Նրանք մեր հեռախոսազանգին բնականաբար կպատասխանեն։ Այստեղ ամենակարևորը՝ երբ-որ մենք բան ունենանք ասելու։ Ի՞նչ ունեինք մենք կարևոր ասելու ԱՄՆ-ի ղեկավարներին։ Պատկերացրեք՝ ՄԱԿ-ում գտնվում էին 190 երկրների առաջնորդներ, իրենց պատվիրակություններով։ Ու այդ 190-ն էլ քանի եկել հասել էին ԱՄՆ՝ մեծ ցանկություն ունեին հանդիպելու նախագահի հետ։ Թրամփը ռեկորդային քանակությամբ հանդիպումներ է ունեցել, մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների հետ է շփվել։ Իր համար ամենակարևոր առաջնահերթություններ ունեցող պետությունների ղեկավարների հետ է շփվել. և բնականաբար՝ այդ առաջնահերթությունների շարքում Հայաստանը նույնիսկ առաջին հարյուրի մեջ չկար։ Եվ բնական է, որ Թրամփը հենց այսպես էլ բաշխելու էր ինքն իր հանդիպումների գրաֆիկը»:
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ