ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր թեժ քննարկում եղավ ԱԺ առողջապահական եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի շուրջ: Պատգամավորն առաջարկում էր մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն : Նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, իսկ առողջապահության փոխնախարարը եւ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն այսօր պաշտպանում էին այդ եզրակացությունը:
Գնահատումն իրականացվել է, երբ մասնավորեցման ցանկ է մտել, այսինքն, 2017-ին: Ըստ այդմ, 2,2 հեկտար տարածքը գնահատվել է 750 միլիոն դրամ եւ տարաժամկետ վճարման տարբերակով: Պատգամավորներն ընդվզեցին`իրականում շուկայական արժեքը շատ ավելին է: Գնի վերանայման մասով կառավարության ներկայացուցիչները դեմ չեն: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը սկզբում` ի պատասխան պատգամավորների հարցերի, նպատակահարմար չգտավ գնորդի անունը հրապարակել. ասաց, մի քանի կազմակերպություն կա, նաեւ կոլեկտիվն է շահագրգիռ: Ավելի ուշ հրապարակեց` «Մեդ լայն» բժշկական կենտրոնը: Եվս մեկ ընկերություն բանավոր հետաքրքրություն է հայտնել: Հրապարակումից հետո, կարծում են, էլի ներդրողներ կհայտնվեն:
Պատգամավորները մտահոգված էին`հնարավոր է հիմնարկը տանել սնանկացման, գույքը հանել բալանսից, ուստի առաջարկեցին վերանայել մասնավորեցման ծրագիրը: Գեւորգ Պապոյանն անգամ հիշեց Արցախում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ բնակչության թիվը պետք է հինգ միլիոն դառնա: Կառավարության ներկայացուցիչներն անդրդվելի էին:
Բաբկեն Թունյանի մոտ տպավորություն ստեղծվեց, որ «մասնավորի հետ համաձայնեցրել եք, հաշվի եք առել նրա մտահոգությունները, բայց մեզ, որ այս հարցով որոշում պիտի ընդունենք, չեք ուզում լսել: Գոնե ասեք, թե ովքեր են գնորդները»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տարակուսեց. «Աջափնյակում 1 քառակուսի մետրը 34 հազար դրամո՞վ ենք վճարում.. դա նորմա՞լ գին է»: Ի դեպ, գնահատումն իրականացվել է այս տարի` 2019-ի ապրիլի 18-ին, ՊՈԱԿ-ի կողմից:
Հանձնաժողովի անդամ Գուրգեն Բաղդասարյանը տպավորություն ունի, որ «մանկապարտեզների սեփականաշնորհումից պրծել`անցել ենք բուժհիմնարկներին»: Չի հասկանում`«բյուջեն փող չկա՞, որ ուզում եք մասնավորեցնել»: Հարևանությամբ նստած ֆինանսների փոխնախարարը ասաց`կա:
Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանի կարծիքով, բիզնես տեսակետից ձեռնտու չէ հիմնարկի մասնավորեցումը, ուստի որեւէ հիվանդանոց չի ունեցել եւ չի պլանավորում ունենալ այդ պրոֆիլի ծառայություններ: Նա կարծում է, որ շենքը մասնավորեցման ծրագրում է ընդգրկվել, քանի որ լավ տեղում է`Հանրապետական հիվանդանոցի հետնամասում, այգու մեջ: Ի դեպ, նրա տեղեկացմամբ, «Արաբկիր» բժշկական կենտրոնում փակվել է մանկական մաշկային բաժանմունքը եւ այդ պրոֆիլի մանկական հիվանդները նույնպես այդ հիվանդանոցում են բուժօգնություն ստանում:
«Պրոֆիլը պահպանվելու է, բայց շենքային պայմանները թույլ են տալիս, որ այն բազմապրոֆիլ դառնա»,- պատգամավորին հակադարձեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը` հավելելով, որ ըստ պայմանագրի, պրոֆիլի պահպանումը պարտադիր եւ անժամկետ է, իսկ երեք տարվա ընթացքում պետք է պահպանի այն ծավալները, որոնք մինչեւ սեփականաշնորհումն են իրականացվել:
Նարեկ Զեյնալյանը դեմ է հարցը միայն տնտեսական տեսանկյունից դիտարկել, վստահ է, որ այս ոլորտը ևս պետության համար ռազմավարական նշանակություն ունի, մանավանդ որ հիվանդանոցը վերջին չորս տարիներին վճարովի ծառայությունների 304 տոկոս աճ է ապահովել: Բիզնեսի արդյունավետությունն էլ, ասում է, կառավարչից է կախված, ոչ թե պատական կամ մասնավոր լինելուց:
Այլ մանրամասները` տեսանյութում
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ուռուցքաբանության, այրվածքաբանության կենտրոնները մասնավորեցման ցանկից հետ բերվեցին կառավարության տիրույթ. «Ո՞րն է տարբերությունը, եթե այս դեպքում կարծում եք, որ մասնավորն ավելի արդյունավետ կկառավարի»: Փոխնախարարն ասաց, որ կառավարության համար ուռուցքաբանությունը առաջնային խնդիր է եւ ներդրումներ է պատրաստ անել: Նույնը`այրվածքաբանության մասով: Ռազմավարական կարեւորությունից բացի, դրանք պետության համար շահութաբեր ծառայություններ կարող են լինել, ըստ փոխնախարարի:
Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Եթե լիագումար նիստում էլ դրական եզրակացություն ստանա, ապա բուժհիմնարկը կհանվի 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկից:
Հանձնաժողովն այսօր հավանություն տվեց նաեւ 2017-2020 թվականների պետգույքի մասնավորեցման ծրագրի ցանկից «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն հանելու Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ