Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները հավանություն տվեցին նախագծի, որը ստացել էր կառավարության բացասական եզրակացությունը

Սեպտեմբեր 27,2019 15:19

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Բաբկեն Թունյանն են: Նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

Նախագծով առաջարկվում է` ԱԱՀ-ից ազատել բրոկերային գործունեությունը արժեթղթերի մասով. «…կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաեւ գործառնական ծախսերը», նաեւ «…շահաբաժինների ազատում եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից», քանի որ 2018 թ.-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի համաձայն ԱԱՀ-ով սկսեցին հարկվել նաեւ արժեթղթերի շուկայում բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունները, որը թեեւ չնչին եկամուտներ ապահովեց բյուջեի համար (ըստ նախնական տվյալների՝ 2018 թ.-ին ողջ ֆինանսական շուկայից այս ծառայություններից գանձվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ ԱԱՀ), սակայն մյուս կողմից առաջացրեց անհամեմատ ավելի մեծ բացասական ազդեցություն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացնելով կառավարության բացասական հիմնավորումները` նկատեց, որ այդ նախաձեռնությունը ոլորտում քաոս կառաջացնի ու հավելեց. «Ձեր ձեւավորած կառավարությունը սկզբունքորեն դեմ է»: Փոխնախարարն ասաց, որ կառավարությունում այժմ հաստատված ծրագիր կա, որը համապարփակ կարգավորումների է բերելու գործողության ընթացքում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Բաբկեն Թունյանն այսպես հակադարձեց փոխնախարարին`որ մեր ձեւավորած կառավարությունն է, այնպես չէ, որ անվերապահ պետք է ընդունենք կառավարության տեսակետը կամ իրենք պետք է անվերապահ մեր տեսակետն ընդունեն:

Պատգամավորները դժգոհեցին`տեղյակ չեն այս մասով կառավարության ծրագրից, կառավարությունում ընթացքող քննարկումներում իրենք ընդգրկված չեն եղել: Նախագիծը երկու անգամ արդեն հետաձգվել էր, այժմ այն պետք է հանվեր առհասարակ կամ քվեարկության դրվեր: Քվեարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30