Լրահոս
Օրվա լրահոսը

Բադասյանի ուղերձը՝ դատավորներին. «Այն դատավորները, որոնք չեն իրականացնում արդարադատություն, ներկայացված է գործիքակազմ՝ կարգապահական վարույթների»

Սեպտեմբեր 27,2019 14:27

«Մենք չենք կարող այս ամբիցիոզ ծրագիրը կյանքի կոչել, եթե չլինի բոլորի մասնակցությունը»,- այսօր «ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա խոսեց դատարանների արդարադատության մատչելիության մասին. «Որպես փաստաբան աշխատելով՝ հաճախ նկատել եմ, որ գործարար շրջանակները խուսափում են դատարաններում գործ ունենալուց, որովհետեւ գիտեն, որ գործընթացը բավականին երկար է, այն սթրեսը, որը տանում է բիզնեսը դատական համակարգում գործ ունենալիս, վերջում դրական արդյունքը նույնիսկ չի բավարարում»: Նա ասաց, որ դատական գործերի քննության ժամանակահատվածը կրճատելու են:

Բադասյանն ասաց, որ իրենց հիմնական ուղերձը հետեւյալն է՝ «Այն դատավորները, որոնք բարեխիղճ  կատարում են իրենց պարտականությունները, իրականացնում են արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ, ավելի ընդլայնված, քան հիմա ունեն եւ արդյունավետ  իրենց լիազորություններն են իրականացնելու: Իսկ այն դատավորները, որոնք չեն իրականացնում արդարադատություն, ներկայացված է գործիքակազմ՝ կարգապահական վարույթների: Նախատեսված են հստակեցումներ այսօր առկա հիմքերի մասով: Որեւէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա եւ կարգապահական վարույթները, համապատասխան միջնորդություն ԲԴԽ-ին ներկայացվելու են միայն այն դեպքում, երբ մենք համոզված լինենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմն ապահովված է»:

Բադասյանն ասաց, որ էլեկտրոնային արդարադատության շրջանակում հատվածական մոտեցում չի լինելու, ամբողջ դատական համակարգի փաստաթղթերը միահյուսված են լինելու:

Անցումային արդարադատության մասին խոսելով՝ նա ասաց, որ հաճախ քննադատում են, որ չի կարելի կենտրոնանալ անցյալի վրա, սակայն դա ռազմավարական փաստաթղթի տարընթերցման եւ ուշադիր կարդալու բացակայության արդյունք է, որովհետեւ հստակ շեշտված է ապագայի վրա կենտրոնանալու միտումը. «Մենք փաստահավաք խմբերի միջոցով վեր ենք հանելու բոլոր այն կոռուպցիոն երեւույթները, բոլոր այն երեւույթները, որոնք չեն նպաստելու ՀՀ-ում տնտեսության զարգացմանը, արդարադատության ոլորտի զարգացմանը եւ ոչ թե որդեգրելու ենք պատժիչ քաղաքականություն, այլ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք ապագայում կբացառեն նման կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30