Այսօր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՍԴ-ի վրա ճնշումներ գործադրվո՞ւմ են՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել: Գիտեք ինչ, ճնշում են նրան, ով որ ճնշվում է: Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն թող կողքից խոսեն: Ես կարող եմ իմ համար պատասխան տալ՝ ինձ հնարավոր չի ճնշել, շեղել ճիշտ ուղուց»:
Հարցին՝ դուք ա՞յս իշխանությունների օրոք եք անկաշկանդ եղել, թե՞ նախկին իշխանությունների՝ նա պատասխանեց. «Ես անկաշկանդ եմ եղել բոլոր իշխանությունների օրոք եւ աշխատում եմ նաեւ այս իշխանությունների օրոք: Որեւէ փորձ ինձ ճնշելու չի եղել, որովհետեւ երեւի իշխանություններն ինձ լավ են ճանաչում»:
Aravot.am-ը հարցրեց՝ հանրային խորը անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, այդ թվում՝ ՍԴ որոշումների նկատմամբ, չե՞ք կարծում, որ դրա համար հիմք է ծառայել այն, որ հատկապես ընտրական վեճերը լուծելիս ՍԴ-ն օրվա իշխանությունների քիմքին համապատասխան որոշումներ է կայացրել՝ Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Համապետական ընտրությունները անվավեր ճանաչելը դա այդքան հեշտ գործ չի, որովհետեւ դուք գիտեք, որ համապետական ընտրություններ են, ռեսուրսներ են, երկու կողմերի հնարավոր բախումներ են: Կանխավարկածը ՍԴ-ի ցանկացած երկրում այն է, որ ելակետային պետք է ընդունվի այն, որ համենայնդեպս, անվավեր ճանաչելու հիմեր չկան: Ցավոք սրտի, գիտե՞ք ինչ է կատարվում, մեր փաստաբանները, կամ կողմի ներկայացուցիչները երբեմն գործը լավ չնախապատրաստելով, բավարար ապացույցներ դատարանին չներկայացնելով՝ այսպես ասած քավության նոխազ են գտնում դատարանին»:
Դիտարկմանը, որ հասարակության ցանկացած անդամի մոտենաք ու հարցնեք, կասի, որ կեղծվել են ընտրությունները՝ Գյուլումյանն արձագանքեց. «Հա, բայց մենք չենք կարող հասարակության այդ կարծիքը դնել… համոզմունք կարող է լինել, համոզմունքին պետք է հիմնավորող ապացույցներ լինեն: Մենք ապացույցներն ենք դնում վճռի հիմքում: Եթե ապացույց չի ներկայացվու, ամենաակնհայտ գործ էլ կարող է արդյունք չունենալ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ հասարակության վստահություն ասելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել, այսօր չի կարող ասել՝ հասարակությունը վստահո՞ւմ է, թե՞ չի վստահում ՍԴ-ին. «Նման հետազոտություն ես ինքս չեմ արել»:
Նա վստահեցրեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, ճգնաժամ կլիներ, եթե որոշումներ չընդունեին, նիստեր չանեին, բայց նիստերը բնականոն հունով գնում են:
Ի դեպ, ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության թեմայով համաժողովին մասնակցում էր նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, բայց նա որեւէ մեկնաբանություն չտվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ