ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել նրա գործունեությունը ինչպես հայագիտության, այնպես էլ Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման գործում:
Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաջողություններ է մաղթել նախարարին սերունդներին կրթելու և լուսավորելու կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Թուրքիայում ծնված և այսօր գործունեություն ծավալող գործիչն արձանագրել է, որ վերջին տասնամյակում փոխվել է թուրք ժողովրդի վերաբերմունքը ինչպես հայերի ու քրդերի, այնպես էլ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Նա ներկայացրել է աշխարհում Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Նախարարը վստահություն է հայտնել, որ այսօր թեմի կողմից նախաձեռնվող բոլոր քայլերի և ծրագրերի հիմքում սերունդներին հայ ժողովրդի և եկեղեցու ժառանգությունը անխաթար փոխանցելու սկզբունքն է, ինչին ի պատասխան արքեպիսկոպոս Զեքիյանը եզրափակել է, որ հենց այդ նպատակին է միտված եղել իր կեսդարյա գործունեությունն ու ծառայությունը եկեղեցուն:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ