Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. «Իմ եւ Հատուկ քննչականի տեսակետը գրեթե միանման է». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2019 13:26

«Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանեց Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը։

– Տիկին Սաֆարյան, ՀՔԾ-ն երեկ հայտարարեց, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ընդհանրապես, ՀՔԾ հաղորդագրությունում բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների անուններ էին շոշափվում։ Նախկինում ձեր հավաքած տվյալները համապատասխանո՞ւմ էին այդ հաղորդագրությունում նշված տվյալներին։

– Դրանով եւս մեկ անգամ հաստատվեց, որ իրենք (իշխանությունները-խմբ.) 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում որեւէ օպերատիվ միջոցառում իրականացնելու հիմքեր, կասկածներ չեն ունեցել, եւ դա, կարելի է ասել, ինքնագործունեություն էր։ Դրանից հետո որոշել են, որ պետք է գնան, ոստիկանությունում ստեղծեն զեկուցագրերի մեծ խումբ, որոնց բովանդակությունն այն էր, թե իբր մինչեւ մարտի մեկն էլ իրենց հայտնի է եղել, որ հանրահավաքի մասնակիցների մոտ զենքի կուտակումներ կան եւ այլն, եւ այլն; Էս կարգի տեղեկություններ փաստահավաք խմբում պահանջեցինք նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից. նա մեզ չտրամադրեց դա, եւ հասկացանք, որ ամեն ինչ իմիտացիա է։ Ինչեւէ, էդ կեղծիքների համար, այո՛, Ալիկ Սարգսյանի գլխավորած կառույցը պատասխանատու է։ Եվ պատահական չէ, որ նախագահականից էին ուղղորդվում էդ կեղծիքները եւ ամբողջ տեղաշարժը։

Հետագայում, ինչպես գիտեք, Ալիկ Սարգսյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, չգիտեմ ինչ խորհուրդ էր տալիս, բայց փաստորեն էդ խորհուրդների արդյունքում էսօր քրեական գործը համեմված է բազմաթիվ կեղծիքներով, ինչը համակարգային է եւ շատ ցավալի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը շարունակեց այն գիծը, որ իրենք տանում էին։ Այդ գործընթացը (տվյալները կեղծելու-խմբ.), փաստորեն, հաջողված ավարտ ունեցավ։ Ուղղակի երեւի իրենք չէին սպասում, որ այս կարգի իրավիճակներ կլինեն, իրենք պատասխանատվության կենթարկվեն եւ էդ պատասխանատվությանը չեն դիմանա, շուտ-շուտ կասեն՝ ուզում ենք դուրս գանք, ինչո՞ւ բանտ նստենք, էն մյուսը կասի՝ ուզում եմ ինքնասպան լինել, երրորդը կասի՝ հաշտության մթնոլորտ եմ ուզում, չորրորդը կասի՝ մենք տարաձայնություն ենք մտցնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, բայց մի անգամ հարց չեն տա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ա՛յ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, դուք մի անգամ դատապարտեցի՞ք ձեր որդիներին մեզ մոտ այս կարգի իրավիճակ ստեղծելու համար։ Ուզում եմ ասել, որ ովքեր ինչ արել են՝ պիտի պատժվեն։

– ՀՔԾ հաղորդագրությունում խոսվում է 25 հարցանի հարցաշարի մասին, որը Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանը ներկայացրել են Ալիկ Սարգսյանին եւ նրա մոտ հրավիրված խորհրդակցության մասնակիցներին եւ պահանջել են հետին ամսաթվերով կազմել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր։ Նման հարցաշար հասանելի եղե՞լ է փաստահավաք խմբին։

– Ես չգիտեմ, թե էդ հարցերի շրջանակը ինչ է, բայց գիտեմ, թե ինչ է կատարվել։ Եղել է հարցերի շրջանակ, ինչը պիտի կեղծվի։ Չգիտեմ քանի հարց է եղել, բայց կա այդպիսի հարցերի շրջանակ։ Դրանք վերաբերել են ապացույցներին, առավոտվա դեպքերը կեղծելուն, զեկուցագրերը կեղծելուն։ Իրենց գործողությունները հիմնավորող զեկուցագրերը 2008 թվականի հուլիսից հետո են կազմվել, որովհետեւ մինչեւ հուլիս ես դատի եմ տվել ոստիկանապետին, Հայկ Հարությունյանի ղեկավարած կառույցին, եւ նրանք այդպիսի փաստաթղթեր, զեկուցագրեր, ոչ մի բան չեն բերել։ Դատարանը, իհարկե, իմ օգտին որոշում չի կայացրել, ո՞նց կարող էր էդ ժամանակ Կենտրոնի դատարանը իմ օգտին որոշում կայացնել։ Բայցեւայնպես, արձանագրվել է ինչ են բերել, ինչ չեն բերել։ Այդ բոլորը առգրավվել է եւ այսօր կա, որ մինչեւ հունիս եղել է անփաստաթուղթ վիճակ։ Հուլիսից հետո արդեն հետին թվով փորձել են ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապահովեն նաեւ մարտի 1-ի առավոտվա օպերացիայի իրավական հիմքը։ Այս տեսանկյունից իմ եւ Հատուկ քննչականի տեսակետը գրեթե միանման է։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30