Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ էն տասը հոգին, որ եկան ու կանգնեցին ՍԴ-ի մոտ, նրանք հասարակություն են». Ալվինա Գյուլումյան

Սեպտեմբեր 27,2019 13:14

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն գործընթաց է սկսել՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու: Այսօր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում այս գործընթացի հետ կապված հարցերին ի պատասխան՝ ասաց, որ չի մեկնաբանի, որովհետեւ ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք. «Նշանակում է, որ ես կաշկանդեմ իմ իրավունքը՝ գործի քննությանը մասնակցելու»:

Հարցին՝ օրինակ, ձեզ տարօրինակ չէ՞, որ մի դատավորի բարեկամը, հարազատական կապ ունեցողը ներկայացնում է դիմում եւ այդ դատավորն ընդհանրապես ձայն չի հանում եւ իր՝ այդ գործին մասնակցելու անհնարինության մասին չի խոսում՝ Գյուլումյանը պատասխանեց. «Այդ հարցերից ոչ մեկին ես չեմ պատասխանում»:

Թե ինչո՞ւ է ԱԺ ուղարկվել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված դիմումները անստորագիր՝ Գյուլումյանը պատասխանեց, որ ստորագրված է եղել անգլերեն տարբերակը, որովհետեւ այդ կառույցներին էր այն ուղղված. «Հայերենը կարող էր կցվել՝ որպես պաշտոնական թարգմանություն»: Սա համարվո՞ւմ է իրավական ուժ ունեցող փաստաթուղթ՝ նա պատասխանեց, որ իրավական ուժ ունի այն որոշումը, որով գտել են, որ պետք է դիմեն այդ կառույցներին. «ՍԴ-ի այդ որոշումը դրված է կայքում, դա աշխատակարգային որոշում է»: Նա ասաց, որ անձամբ ինքը տեղյակ է եղել այդ որոշումից:

Գյուլումյանն ասաց, որ ՍԴ-ն այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ ու եթե իրենք սկսեն զբաղվել այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող են առնվազն խախտել իրենց քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերելու մասին պահանջը»:

Նա ասաց, որ իրեն ոչինչ չի կարող կաշկանդել գործ քննելու եւ դրա հետ կապված որոշում կայացնելու:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք խոսում եք ՍԴ-ի քաղաքական չեզոքության մասին, այսօր դուք ՍԴ-ն քաղաքականացված մարմին չե՞ք համարում՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Այն, որ ՍԴ նախագահը նախկինում ՀՀԿ անդամ է եղել, էլի՞ քաղաքական չեզոքության մասին կարող ենք խոսել՝ տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Գիտեք, մեր հասարակությունը այնքան փոքր է, մեր մոտ կա նաեւ կապեր ունեցող այսօրվա քաղաքական ուժի հետ, ես ինքս մեկի կամ մյուսի հետ կապեր ունեմ, ինչի՞ մասին է խոսքը: Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում, ասե՛ք, ձեր ընտանիքում, ձեր բարեկամության շրջապատում չկա՞ն ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի ներկայացուցիչները: Բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ եւ անկախ»:

Հարցին՝ բայց անաչա՞ռ եք դուք, հասարակությունը չի վստահում՝ Գյուլումյանը պատասխանեց. «Գիտեք, ես չեմ կարծում, որ էն տասը հոգին, որ եկան ու կանգնեցին ՍԴ-ի մոտ, նրանք հասարակություն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30