Իրավաբանների հայկական ասոցիացիան «ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» թեմայով համաժողով էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ է ստեղծվել, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու պահանջ է դրվում, ԵՄ-ն ի՞նչ դիրքորոշում ունի՝ պատասխանեց. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը կամք է ներկայացնում՝ դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Իհարկե, ԵՄ-ն աջակցություն է տրամադրում, աջակցում ենք փորձագետների տրամադրման համար, մենք ողջունում ենք քաղհասարակություն-կառավարություն երկխոսությունը»:
Հայաստանում անցումային արդարադատության հետ կապված հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ գործընթացի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի ուզում անել. «Մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, երբ ունենանք, մեր փորձագետները կուսումնասիրեն եւ մեր կարծիքը կներկայացնենք, մենք սպասում ենք, որ դա կստանանք անգլերեն լեզվով ու կկարողանանք աշխատել»:
Հարցին՝ դատարանները շրջափակելու վարչապետի հայտարարությունը շատերը ճնշում են դիտարկում՝ դատական համակարգի նկատմամբ, ո՞րն է ձեր տեսակետը՝ տիկին Վիկտորինը պատասխանեց, որ դեռ նոր է եկել, համագործակցում է ԱՆ-ի հետ. «Եթե մենք զգանք որեւէ բան, որ պետք է փոխանցենք, մենք դա կանենք ուղիղ»:
Կարդացեք նաև
Հարցրեցին՝ Արեւելյան գործընկերության երկրներին ԵՄ-ն 11 մլրդ էր հատկացրել, բայց ՀՀ-ին մոտ 700 մլն, այսինքն՝ ավելի քիչ, հնարավո՞ր է մոտեցումը վերանայվի՝ տիկին Վիկտորինը պատասխանեց. «Համագործակցության եզրեր կան, մենք կկատարելագործենք համագործակցության եզրերը: Մենք հոկտեմբերի 9-ին ունենալու ենք մեծ ծրագիր, դրա նախաձեռնող կողմը ՀՀ կառավարությունն է»:
Aravot.am-ը Անդրեա Վիկտորինին հարցրեց՝ Հայաստանում խորը անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ եւ ԱԺ-ում գործընթացներ են ձեռնարկում, օրինակ, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ, դատավորների վեթինգի մասին է քննարկվում եւ այլն, ԵՄ-ն աջակցում է բոլո՞ր այս գործընթացներին, որոնք ձեռնարկում է իշխանությունը, թե՞ այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ կան՝ պատասխանեց. «Դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում եւ անդրադառնում եք ամենաբարդ հարցերից մեկին: 10 տարի առաջ ես տեսել եմ, թե ինչ է նշանակում, երբ հասարակ քաղաքացին չունի վստահություն դատական համակարգի եւ դատարանների նկատմամբ: Ես արդեն մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությանը եւ դրանից բխող ծրագրին ընթացք տալու ուղղությամբ: Եկեք նայենք գործընթացին դրական առումով՝ 10 տարի առաջ նման համաժողով ես չէի կարող պատկերացնել անգամ: Եկեք սպասենք, թող փորձագիտական խումբը, քաղհասարակությունը ներգրավեն, կառավարության հետ որոշեն անելիքները, որից հետո ԵՄ-ն նույնպես կներգրավվի: Սա գործընթաց է, որի համար համբերատարություն է պետք: Հաջորդ շաբաթ հանդիպում է լինելու, այդ ժամանակ ավելի մեծ դետալներ կպարզվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ