«Իմ քայլը» հիմնադրամը Բյուրականի արվեստի ակադեմիայում հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների հետ, որտեղ ներկայացվեցին տարբեր ոլորտներում իրականացրած իրենց ծրագրերը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, նպատակները, իսկ հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը՝ կրթական ծրագրերը: Վերջինս ընդգծեց, որ կրթական ծրագրերի նպատակն է նպաստել մարդկային կապիտալի հզորացմանը Հայաստանում, ապա խոսեց այն մասին, թե ինչպես են իրականացնում իրենց ծրագրերը:
Անդրադարձ եղավ «Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակներին: Արմեն Ներսեսյանը նշեց, որ ի սկզբանե լսել են շուրջ 200 կարծիք կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ, ուսումնասիրել միջազգային փորձը, ձեւավորել խորհրդատվական խումբ: Նա ասաց, որ մշակվել են չափորոշիչներ, որոնց թվում են պարտադիր ՀՀ քաղաքացի, 17-40 տարեկան լինելը եւ աշխարհի լավագույն բուհերն ընդունվելը: Կրթական ծրագրերի համակարգողն ընդգծեց, որ կրթաթոշակ տրամադրելիս առաջնահերթությունը տրվում է հատկապես մագիստրատուրայի դիմորդներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց Հայաստան վերադառնալն ավելի շուտ կարող է լինել: Հաջորդ առաջնահերթությունը ասպիրանտուրան է, ապա բակալավրիատը:
Կարդացեք նաև
Խոսեց նաեւ այն մասին, որ առանձնացրել են հատկապես 37 մասնագիտություն կրթաթոշակային ծրագիրն իրականացնելիս: «Իմ քայլի» կրթական ծրագրերի համակարգողի ձեւակերպմամբ՝ իրենք տրամադրում են դիմորդի ուսման վարձի մինչեւ 50%-ը, մինչ այժմ տրամադրված ամենամեծ կրթաթոշակը եղել է 20 հազար ԱՄՆ դոլարի չափով: Կրթաթոշակառուները, ըստ պայմանագրի, պարտավոր են վերադառնալ Հայաստան եւ աշխատել Հայաստանում կամ Արցախում:
Այս տարի ստացվել է 90 դիմում, ընտրվել է 54 կրթաթոշակառու եւ նրանց կրթաթոշակների համար տրամադրվել է 840 հազար ԱՄՆ դոլար: Կրթաթոշակառուներից 27-ը իգական սեռի է, 27-ը՝ արական, 30 հոգի ընդունվել է մագիստրատուրա, 23-ը՝ բակալավրիատ, 1-ը՝ ասպիրանտուրա: Նրանք ընդունվել են 8 երկրների համալսարաններ, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, ասիական երկրների:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք կրթաթոշակներ տրամադրելիս հանձնաժողովը ուշադրություն դարձնում է դիմորդների՝ այս կամ այն ուժին հարելը, քաղաքական հայացքները: Արմեն Ներսեսյանը պատասխանեց, որ իրենց համար կարեւորը աշխարհի լավագույն բուհերն ընդունված լինելն է եւ դրսի համալսարանների կարծիքն ու ընտրությունը
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ