Փաստ է, որ «Մարտի 1»-ն ունեցել է այսպես ասած ծրագրելու՝ Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 23-ի հավաքը, 0038 տխրահռչակ հրամանի արձակումը՝ Քոչարյանի կողմից իջեցված ցուցումները կատարելու վերաբերյալ, մարտի 1-ի առավոտյան գործողությունը, երեկոյան իրադարձությունները, եւ այս ամենի «եզրափակիչ ակորդը»՝ արտակարգ դրության հայտարարումը։ Առավոտյան գործողության իրականացման պատասխանատվությունը, ինչպես գիտենք, դրված է եղել Հ. Հարությունյանի վրա։
Եվ եթե չլիներ ցուցարարների բռնի տեղահանումը՝ «տեղազննություն» միջոցառման անվան տակ, ապա գուցե կանխվեին հետագա ողբերգական զարգացումները՝ մահվան դեպքերը։
Այն, որ այդ տեղազննություն կոչվածը օրինական փաստաթղթավորում չի ունեցել (կեղծվել են նաեւ ցուցարարների մոտ զենքի առկայության մասին զեկուցագրերը, որոնք էլ պետք է տեղազննության հիմքը հանդիսանային) դա արվել է հետին թվով, փաստաթղթեր կեղծելով եւ այդ կեղծիքին ակամա մասնակից է եղել նաեւ Հ. Հարությունյանը՝ պարզվեց ՀՔԾ հաղորդագրությունից։
Ստացվում է, որ եթե Հարությունյանը դատարանում ցուցմունք տար, ապա ստիպված էր լինելու կրկնել ՀՔԾ-ի հաղորդագրության շարադրանքն ու ընդունել՝ կատարելով Քոչարյանի հրահանգը՝ սկզբում գործել է ապօրինի, հետո մասնակցել է այդ աղաղակող ապօրինության օրինականացմանը։ Ոստիկանությունը, հիշեցնենք, կառավարությանն առընթեր կառույց էր, իսկ վարչապետը՝ Ս. Սարգսյանը, մարտի 1-ի պլանավորման տխրահռչակ շտաբի անդամներից էր։ (Ստացվում է, որ դատարանում իր ցուցմունքը պնդելուց Հարությունյանը պետք է տար առնվազն այս երկու անձանց անունները՝ որպես հրահանգիչներ)։ Չընդունել չենք կարող, որ ապօրինություն թույլ տալը, այն էլ այս ծավալի, որ 10 մարդու կյանք է արժեցել, գեներալի պատվին անհարիր քայլ է։ Եվ այն հետահայաց վերլուծել, դրա ողբերգական հետեւանքները գիտակցելը կարող էին մարդուն հոգեկան հավասարակշռությունից հանել ու դրդել ծայրահեղ քայլի՝ ինքնասպանության։
Կարդացեք նաև
Ըստ ՀՔԾ-ի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ ԶՈՒ զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների եւ զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գ. Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել եւ վարույթն իրականացնող մարմնին ու Փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ եւ գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը»։ Ստացվում է, որ այս կեղծ փաստաթղթով փորձ է արվել կոծկել ՊՆ ԶՈՒ հիշյալ ներկայացուցիչների ներքաշումը քաղաքական իրադարձություններում, որը եւս խոսում է Քոչարյանի մեղադրանքի՝ սահմանադրական կարգի տապալման օգտին։
Նշենք նաեւ, որ Մարտի 1-ի գործով ԱԺ հանձնաժողովի նիստում նախկին ոստիկանապետը պնդում էր, որ ոստիկանության գործողություններն այդ օրը իրավաչափ են եղել, ավելին՝ շոկային հայտարարություն էր արել դիպուկահարի մասնակցության մասին։ Ըստ նրա՝ նպատակաուղղված կրակոցներ չեն եղել՝ բացառությամբ դիպուկահարի, «թեկուզ դրա իրավական հիմքերը կային»։ Նաեւ նշել էր, որ եթե Ֆրանսիայի դեսպանատան մոտ տիրող իրավիճակը լիներ նաեւ Շահումյան հրապարակում, մեկ դիպուկահար էլ այնտեղ կդիրքավորեին:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում