Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ շահերը ենթադրում են, որ չարժե շատ փորփրել ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների անցյալը, որովհետեւ դա իր մեջ ներքաղաքական ապակայունացման որոշակի վտանգ է պարունակում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2019 11:55

Ողբերգություն է, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանական այնպիսի համակարգ ու կառավարման այնպիսի մեխանիզմներ են գործել, որ ցանկացած ոլորտ ուսումնասիրելիս կամ աղմկահարույց քրեական գործ քննելիս հսկայական կծիկներ են բացվում, որոնցում այս կամ այն չափով ներգրավված են լինում տասնյակ ու անգամ հարյուրավոր նախկին պաշտոնյաներ, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կառավարական համակարգը վերից վար, ծայրից ծայր արատավորված է եղել։ Ու պատահական չէ, որ ավելի ու ավելի հաճախ են տեսակետներ հնչում, թե «եթե բոլոր նրանք, ովքեր նախկինում ինչ-որ հանցանք են գործել, պատասխանատվության ենթարկվեն, տակը մարդ չի մնա»։ Այդպիսով, իշխանություններին անուղղակիորեն կոչ է արվում հաշվի առնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների (թեկուզ նախկինում լուրջ հանցանքներ կատարած կամ նման հանցանքներ կատարելու մեջ կասկածվող) ծառայությունները, անցյալը շատ «չքչփորել» եւ շարժվել առաջ։

Այս առաջարկն, իհարկե, իր մեջ որոշակի ռացիոնալ հատիկ պարունակում է, որովհետեւ իսկապես էլ, եթե բանակի, ոստիկանության կամ հատուկ ծառայությունների նախորդ տարիների գործունեությունը լրջորեն ուսումնասիրվի, հարյուրավոր բարձրաստիճան սպաներ կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին, և արդյունքում այդ համակարգերը կարող են նաեւ տուժել (համենայն դեպս՝ կարճաժամկետ կտրվածքով)։ Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ներքին կարգով ինչ-որ «համաներում» կիրառվեր եւ որոշվեր, որ, օրինակ, նախկինում կատարված այս- այս-այս կարգի հանցագործությունները «մոռացվում են», իսկ այս-այս-այս հանցագործությունների մեղավորներն անպայման պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Ու խնդիրը նույնիսկ փիլիսոփայական հարցադրումը չէ, թե, ասենք, կարո՞ղ էին բանակի կամ ոստիկանության ամրապնդման հարցում լուրջ ծառայություններ ունենալ մարդիկ, ովքեր այդ նույն բանակի կամ ոստիկանության հաշվին մուլտիմիլիոնատերեր են դարձել։ Խնդիրը շատ ավելի ընդգրկուն է՝ բոլո՞րն են պատասխանատվության ենթարկվում, թե՞ մեծ մասի դեպքում պետք է ըմբռնումով մոտենալ՝ հաշվի առնելով, որ «ժամանակներն էին այդպիսին»։

Ըստ երեւույթին Հայաստանի իշխանություններն այս հարցում իսկապես լուրջ երկընտրանքի առջեւ են կանգնած, ընդ որում հազիվ թե սա այն հարցն է, որտեղ կարելի է որոշում ընդունել ըստ ժողովրդի մեծամասնության կամքի (մեծ հավանականությամբ՝ եթե այս հարցով հանրաքվե անցկացվի, մարդկանց մեծամասնությունը կողմ կլինի անխտիր բոլորին պատասխանատվության ենթարկելուն)։ Որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով Հայաստանի կարճաժամկետ եւ երկարաժամկետ պետական շահերը։ Կարճաժամկետ շահերը ենթադրում են, որ չարժե շատ փորփրել ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների անցյալը, որովհետեւ դա իր մեջ ներքաղաքական ապակայունացման որոշակի վտանգ է պարունակում, իսկ երկարաժամկետ շահերը պարտադրում են հիմնովին մաքրել ուժային կառույցներն այն սպաներից, ովքեր նախկինում ինչ-ինչ կոոուպցիոն սխեմաների մեջ են եղել, այսօր կարոտով են հիշում այդ ժամանակները եւ առաջին իսկ առիթի դեպքում կփորձեն վերադարձնել անցյալը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30