«Ես սպասում էի, որ համանախագահներն առարկայական կանդրադառնան նաեւ վերջին օրերի միջադեպերին, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ ակնկալիքներս չարդարացան, որովհետեւ հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումները, մեղմ ասած, չի արտացոլում այն պատկերը, ռիսկերը, որոնք ունեցել ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
– «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար». Հայաստանի վարչապետի այս թեզը, որը նա առաջ քաշեց նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից, որքանով է համադրության մեջ իր իսկ հայտարարության հետ, որն արվեց վերջերս Արցախում` «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» եւ ի սկզբանե արված հայտարարության հետ, որ Արցախը պարտադիր պետք է վերադառնա բանակցային սեղան: Արդյո՞ք այսպիսով անուղղակիորեն Հայաստանը չի հայտարարվում հակամարտության կողմ: Եվ ո՞րն է այդ լուծումը, որը կբավարարի երեք կողմերին էլ:
– Կարգավիճակիս բերումով չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունները:
Իսկ ընդհանուր առմամբ հետեւյալը կասեի: Արցախի՝ բանակցությունների վերադարձի հարցը վերջին 2 տասնամյակում Հայաստանի եւ Արցախի արտաքին օրակարգի անկյունաքարն է: Սա պատահական չէ, որովհետ, իմ համոզմամբ, առանց Արցախի ուղիղ մասնակցության անհնար է խոսել ձեռք բերված պայմանավորվածությունների, շահավետ լուծումների մասին:
Կարդացեք նաև
Ադրբեջանին բավարարող մոտեցումները երբեք չեն կարող մեզ ձեռնտու լինել, խոսքս վերաբերում է գոնե այն դիրքորոշումներին, որոնք հրապարակային ձեւով ներկայացվում են Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարության միջոցով:
Ամեն դեպքում, Ադրբեջանը ոչ մի էական փոխզիջման պատրաստ չէ եւ դրա մասին հրապարակային հայտարարում է: Անկեղծ ասած, այս պարագայում չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ինչի շուրջ պետք է կառուցել երկխոսությունը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Նյու Յորքում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո, հայտարարություն են տարածել, որում գոհունակություն են հայտնել բռնությունը նվազեցնելու համար կողմերի ներդրած ջանքերից, ինչը ամառային շրջանում դրական արդյունք է ապահովել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ ջանքերի մասին է խոսքը, երբ Ադրբեջանում, նաեւ ամառային շրջանում, ատելության քարոզի եւ հռետորաբանության պակաս չնկատվեց:
– Ես չգիտեմ, թե ինչ ջանքերի մասին է խոսքը, բայց շատ լավ գիտեմ այն քայլերի մասին, որոնք վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել է Ադրբեջանը: Դիվերսիոն ներթափանցման փորձ՝ խոցված ադրբեջանցի, Արցախի օդային տարածքի հատում՝ ՀՕՊ-ի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացում:
Եթե այս ամենը տեղավորվում է գործադրվող ջանքերի տրամաբանության մեջ, ապա ասեմ, որ դա մեզ չի բավարարում: Անկեղծ ասած, ես սպասում էի, որ համանախագահներն առարկայական կանդրադառնան նաեւ վերջին օրերի միջադեպերին, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ ակնկալիքներս չարդարացան, որովհետեւ հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումները, մեղմ ասած, չի արտացոլում այն պատկերը, ռիսկերը, որոնք ունեցել ենք:
Սա առիթ էր, որպեսզի այս միջադեպերի համատեքստում առաջին պլան բերվեր առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկը, որը ինչ-որ առումով, զսպող դեր կունենա հետագա զարգացումների առումով:
– Համանախագահները նաեւ ցավ են հայտնել «ճակատագրական ելքով վերջին միջադեպերի կապակցությամբ»: Հավանաբար նկատի է առնվում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին երկու դիվերսիոն փորձերը: Ի՞նչն էր պատճառը, որ Ադրբեջանում նորից անցան ոտնձգությունների քաղաքականությանը: Դա նյույորքյան հանդիպումների համար «ֆոն ապահովելո՞ւն» էր միտված, թե՞ այլ պատճառներ կան:
– Դա ավելի շատ խոսում էր այն տրամադրությունների մասին, որոնք առկա են Ադրբեջանում: Նրանց համար արդեն մեկ է՝ թե ով ինչ կմտածի, իրենք գծում են իրենց ճանապարհը, իսկ դա ակնհայտ հարցի խաղաղ կարգավորման ուղղությունը չէ եւ շարժվում են առաջ՝ առանց շեղվելու:
Իսկ միջադեպերի հետ կապված ոչ ադեկվատ ձեւակերպումները միայն խորացնում են առանց այդ էլ կողմերի միջեւ եղած անվստահությունը՝ իրավիճակը հրում դեպի անորոշություն:
– Հայաստանում եւ Արցախում լայնածավալ եւ մարտական տեխնիկայի մասնակցության առումով աննախադեպ զորավարժություններ են: Ինչպե՞ս կգնահատեք դրանք, ի՞նչ նշանակություն ունեն այդ զորավարժությունները եւ ի՞նչ արդյունքներ են ապահովել:
– Այս զորավարժությունները ես կարեւորում եմ նախեւառաջ պետական կառավարման համակարգի մասնակցության առումով, որովհետեւ զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումներ տարվա մարտական պատրաստության պլանում քիչ չեն: Զինված ուժերը տարվա ընթացքում, տարբեր մասշտաբի մեծ թվով զորավարժություններ է անցկացնում, այստեղ հարցը զինված ուժերի եւ պետական մյուս ինստիտուտների գործակցության մասին է:
Առանց ճկուն, էֆեկտիվ պետական կառավարման անհնար է հաջող մարտ վարել, դիմագրավել տարատեսակ մարտահրավերներին, իսկ հնարավոր մարտական գործողությունների դեպքում ողջ պետական ապարատը ներգրավվում է դրանում:
Սա է պատճառը, որ զորավարժություններն այս բնույթի են եւ այս տրամաբանության մեջ են իրականացվում:
– Ինչպիսի՞ն է իրավիճակն այս օրերին, արդյո՞ք լարվածության աճ կա:
– Արձանագրված միջադեպերը որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, մտցրել են եւ դա բնական է, իսկ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է: Մեր զինված ուժերը շարունակում են բարձր մակարդակով կրել իրենց ծառայությունը եւ կանխելու այն գործողությունները, որոնք կարող են վնաս հասցնել մեր անվտանգությանը:
-Տեղի ունեցած սադրանքներից հետո, արդյո՞ք ադրբեջանական կողմում շարժեր են նկատվել, արդյո՞ք նոր հարվածներ կարող ենք ակնկալել:
– Կլինեն սադրանքներ, կհետեւի ծանր պատասխան, այս ամենին այլընտրանք չկա ու չի կարող լինել:
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմի նկատվող հնարավոր շարժերին, ապա այդ առումով իրավիճակային կտրուկ փոփոխություններ չկան: Հակառակորդը տարբեր գործողությունների նախաձեռնման համար սահմանի մոտ հատվածներում բազաներ ունի՝ անձնակազմով, զրահատեխնիկայով եւ հրետանիով, հնարավոր չէ այդ ագրեսիան բացառապես շարժերի եւ կուտակումների միջոցով վերլուծել:
Ամեն դեպքում, իրավիճակային բոլոր փոփոխությունները հավաքագրվում եւ վերլուծվում են, իրավիճակին համահունչ միջոցառումներ իրականացվում:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2019