Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին. ԲՀՀ հայտարարությունը

Սեպտեմբեր 27,2019 10:23

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են  հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից: Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից և հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության և քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսևորումները կանխելու համար:

Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվել են  Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:

2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները: Գրասենյակ այցելելուց և հեռանալուց հետո  «Վետո» նախաձեռնության  անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել և տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝  կոչ անելով սոցցանցերի օգտատերերին  տեղեկություններ  հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:

Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ և զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի և վիրավորանքի: Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու և մաթեմատիկա են դասավանդել Արարատի մարզի 185 աշակերտի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն և ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:

Հիմնադրամը մանկավարժներին վերաբերող սուտ, զրպարտիչ տեղեկությունների հրապարակումն ու նրանց հանրային հետապնդումը, և դրանց հետևանքով իրենց համայնքներում հանրային պարսավանքի ենթարկվելու փաստերը որակում է որպես «Վետո» նախաձեռնության կողմից հավաքների ազատության իրավունքի չարաշահում, որն արտահայտվել է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման, նրանց պատիվը, արժանապատվությունը և մանկավարժական բարի համբավի  արատավորմանը հանգեցրած դրսևորումներով:

Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30