Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշակի հարցը

Սեպտեմբեր 27,2019 10:00

Գիտեմ, որ դարձյալ կարող եմ մեղադրվել սնոբիզմի մեջ, բայց կրկին ցանկանում եմ խոսել ճաշակի մասին՝ այն վարքագծի մասին, որը պատշաճ դաստիարակություն ստացած մարդը երբեք, ոչ մի հանգամանքներում իրեն թույլ չի տա: Իմ այդ «գեղագիտական» մոտեցումը ոչ մի կապ չունի քաղաքական «խրամատավորման» հետ: Ավելին՝ ինձ թվում է ճաշակը պետք է լինի առաջնայինը, «խրամատավորումը»՝ 10-րդականը:

1/ Կնոջ՝ մազերն ուղղելու վրա քաղաքականություն սարքելը վատ ճաշակի դրսեւորում է: Ոչ միայն վարչապետի կնոջ կամ մեր գործընկերոջ, այլ ընդհանրապես՝ ՈՐԵՎԷ կնոջ նման գործողությանն անդրադառնալը ՈՐԵՎԷ մարդ եւ հատկապես տղամարդ պետք է համարի իր արժանապատվությունից ցածր:

https://www.facebook.com/robert.markarian/videos/10206467564884161/

2/ Վարչապետի հանրահավաքից առաջ «քյառթու» ռաբիս երաժշտություն միացնելը վատ ճաշակի դրսեւորում է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Լոս-Անջելեսի եւ մերձակա քաղաքների հայությունը հավաքվել է «խաշ-քյաբաբային» շոուի, եւ այդ մարդկանց մտավոր, մշակութային մակարդակը թույլ է տալիս միայն լսելու նման երաժշտություն եւ վարչապետի ելույթի ժամանակ հիացական ճիչեր արտաբերելու: (Եվ, ի դեպ. այդ նրանք չէի՞ն, որ կուրծք էին ծեծում՝ «հենց Սերժը գնա, մենք տուտ ժե կվերադառնանք»: Բա ինչո՞ւ էին դեռ այնտեղ):

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/534475117299307/?__xts__[0]=68.ARBy-FDOOjABVwA0HKjbUtR3l8GMYOOX29gtE3mIMOM6xZi79IxO0mRdKXHTNzQ-CEq9mhlScQwGkEONmJweX323AxUklr3fuw8wxv3JqYF0c-UzYUTvgGT3HUq7TnfQmtaSt3X8cQOJRsIEAOTgMv0JDLHVo5nK4FtiUQjyyQSbdZGXPHKNUh6JSV1XX5OA6AdirQLuVsb2k1kgH0msWXfFx6oOoUmhzj5VuiJcKXtYYqxbATzh_LGOfGr3swImbUwWuzyng3VNg_jxg5lcZ8QIWjABMM_ZB05Q8ycDc2VkgpoZpxgCE5nJbsIixcrGc-Et6ZIVhWss4bkdfctXGazKTWkgQBS0vUfOBQ&__tn__=-R

3/ Երբ գործից ազատված կամ հրաժարական տված նախկին պաշտոնյան սկսում է արդարանալ, որ ինքը «միշտ դեմ է եղել» այդ կամ այն վատ դրսեւորմանը, իսկ նրա վերադասը սկսում է համոզել, որ ինքը «միշտ գիտեր», որ սույն նախկին պաշտոնյան «անհաջող կադր է», դա վատ ճաշակի դրսեւորում է: Գնահատե՛ք միասին անցած ճանապարհը. ես դա ասում էի դեռեւս 90-ականներին գժտված նախկին գործընկերներիս, ասում եմ նաեւ հիմա:

4/ Մայր Աթոռի Վեհարանը վերակառուցելու դիմաց սենյակներից մեկում սեփական մեծադիր նկարը տեղադրելը վատ ճաշակի դրսեւորում է: Օգնեցիր, աստվածահաճո գործ արեցիր՝ շատ ապրես: Բայց, ինչպես հայտնի է, «աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է արել ձախը», այսինքն՝ պետք չէ փողահարել սեփական բարեգործությունը: Թե չէ այն տժվժիկի պատմությունն է հիշեցնում:

5/ Քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքական, առավել եւս՝ իրավական քննարկումների թեմա սարքելը վատ ճաշակի դրսեւորում է: Սահմանադրական դատարանը սխալ, ոչ իրավաչափ որոշո՞ւմ է ընդունել՝ բարձրացրեք այդ կառույցի իրավաչափության հարցը, ոչ թե մտեք ՍԴ անդամներից մեկի անձնական կյանքի մեջ: (Կարո՞ղ է՝ նա միայնակ է այդ որոշումը կայացրել): Պետք չէ պետական գործերն իջեցնել կենցաղային մակարդակի:

Գուցե ասեք՝ հիմա ճաշակի ժամանակը չէ, ազգը կարեւոր հարցեր է լուծում: Բայց ճաշակ ունենալն, իմ կարծիքով, ազգի կարեւորագույն հարցերից մեկն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30