Նախաքննական մարմնից իմացանք, որ Հայկ Հարությունյանը խմած է եղել: Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել՝ սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն է եղել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ մեղադրող կողմը զրկվել է մարտիմեկյան գործի առանցքային վկաներից մեկին դատարանում հարցեր տալու հնարավորությունից: Հրապարակվել է նաև նրա ցուցմունքը, որ շատ հարցերում համարժեք չէ իրականությանը:
Մինչ ոմանք փորձում են Հայկ Հարությունյանի մահը ներկայացնել ինքնասպանության դրդում, ոմանք համարում են, որ մարտի 1-ի գլխավոր վկաներից մեկի մահը ձեռնտու է միայն գլխավոր մեղադրյալին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ոմանք էլ առաջադրում են վարկած, թե ինչ-որ մեկին կարող էր պետք լինել մահ, որի կասկածը գնալու էր Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Այսինքն՝ կա երրորդ կողմ: Գուցե ոչ Հայաստանից:
Իհարկե, Հայկ Հարությունյանն առանցքային վկա էր, ու դատարանում նրա ցուցմունքները կարևոր էին. նա ուներ վկայի կարգավիճակ: Հայկ Հարությունյանն այն պաշտոնյաներից էր, որ աշխատանքի բերումով բազում գաղտնիքներ գիտեր, նրա բացահայտումները, եթե որոշեր խոսել, վտանգավոր կարող էին լինել շատերի համար: Հիմա բոլորը կենտրոնացել են Մարտի 1-ի վրա, բայց Հայկ Հարությունյանը առնչվել է կալանավայրերին, ոստիկանապետ էր 2000-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ճնշեց Արկադի Վարդանյանի ընդդիմադիր շարժումը, երբ 2004-ի ապրիլի 12-ին արյունով ներկվեց Բաղրամյան պողոտան, ջարդուփշուր արվեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները, ու ձերբակալվեցին տասնյակ ընդդիմադիրներ:
Շատերն են ասում, որ Հայկ Հարությունյանն այն մարդը չէր, որ ինքնասպան լիներ։ Հեռացածներից նա միակը չէ՝ տարիներ առաջ սրտի կաթվածից մահացավ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության պետ Գրիգորի Սարկիսովը: Մի քանի տարի առաջ ծանր հիվանդությունից մահացավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, հետո ծանր հիվանդությունից մահացավ Ազատության հրապարակում գործողության պատասխանատու Արմեն Երիցյանը, սպանվեց Գևորգ Մհերյանը: Ամիսներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացել են կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են Մարտի 1-ի գործին: ՈՒ հիմա պետության գործն է դառնում վկաների անվտանգության ապահովումը:
Կարդացեք նաև
Ճիշտ էր նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ Ֆեյսբուքում գրել էր. «Փաստորեն՝ Մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»: Եվ ոչ ոք չարձանագրեց, որ այս օրերին երկրում չեն նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որ ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց կատարվածին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում