Հայաստանում նոր թերթեր չեն տպվում, եղածներն էլ հազիվ են գոյատեւում, շատերի տպաքանակը նվազում է, մինչդեռ ամեն օր կարելի է տեսնել սնկի պես աճող լրատվական կայքերի: Հայաստանում 2011թ. տվյալներով տպագրվում է մոտ 10 անուն հասարակական-քաղաքական օրաթերթ, որոնց համախառն միջին ընդհանուր տպաքանակը 40-50 հազար օրինակ է: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տրամադրած տվյալների համաձայն, հանրապետությունում հաշվառված է 1167 թերթ եւ ամսագիր, որոնցից 797-ը թերթ է, 370-ը` ամսագիր: Իսկ ինչպիսի՞ն են միջազգային տենդենցները. 1985-1990 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրական թերթերի վաճառքի շրջանառությունը տատանվել է 62.3 միլիոնից 62.7 միլիոն տպաքանակի սահմաններում: Իսկ 2014-ին նվազել է մինչեւ 40 միլիոն: Ինչի՞ մասին է սա վկայում, եւ արդյո՞ք կարելի է եզրակացնել, թե տպագիր մամուլը կմեռնի: Մյուս կողմից էլ՝ ամենից շատ տպաքանակ ունեցող թերթերի ընթերցողների քանակը, որը օրինակ՝ կարող է լինել 2000-3000, ընդհանրապես համեմատական չէ միջին վիճակագրական կայքերի այցելուների թվին: Չնայած այս ցուցակներին` տպագիր մամուլը դեռ կա եւ տպվում է: Իսկ ի՞նչ կարծիքի են մեր քաղաքացիները, ովքե՞ր են թերթ կարդում եւ ինչպե՞ս:
ԵՊՀ-ի 18-ամյա ուսանողուհի Աննա Գասպարյանի կարծիքով՝ կգա մի ժամանակ, երբ մարդիկ այլեւս չեն օգտվի տպագիր մամուլից: «Ես կարծում եմ, որ եթե հիմա մարդկանց մեծ մասը նախընտրում է առցանց մամուլից օգտվել, ապա 10 կամ 20 տարի հետո լիովին կմոռանան տպագիր մամուլի մասին: Քանի որ ավելի հարմար է համացանցով րոպեների ընթացքում տեղեկանալ օրվա դեպքերի մասին, քան թե թերթ գնել, ինչը եւ գումար արժե»:
65-ամյա Վազգեն Պետրոսյանն էլ ծիծաղելով պատասխանեց. «Թերթ կարդում են էն տարիքով մարդիկ, որոնք մոռացել են մեռնել»: 47-ամյա Ռուբեն Հովսեփյանն էլ նշում է, որ մարդիկ երբեք չեն դադարի թերթ կարդալ. «Մարդու կյանքի ու պատմության մեջ թերթը իրա մեծ դերը խաղացել ա, չի կարա պատահի էնպես, որ էլ թերթ չկարդան: Ես ու իմ տարիքի մարդիկ ավելի շատ թերթ ենք կարդում ու բոլորիս տներում էլ թերթ կա: Մեր թոռներն էլ անտարբեր չեն անցնում: Թոռնիկս ամեն թերթ գնելուց գալիս ձեռքիցս խլում ա ու սկսում նկարները նայել, խաչբառ լուծելուց միշտ կողքիս ա նստում: Իրեն էլ է հետաքրքիր, ու ինձ թվում ա, որ մեծացավ՝ հաստատ թերթ ա կարդալու»: 38-ամյա Արփինե Ասատրյանը հետեւյալ կարծիքին է. «Մարդիկ թերթ կգնեն, ուղղակի գումար չունեն: Ճիշտ է, շատ թանկ չի, բայց դե մարդ կա մտածում է, որ ավել փող չտա թերթ գնի, եթե կարող է ինտերնետով կարդալ»: Իսկ թե ի՞նչ առավելություններ ունի առցանց մամուլը` 21-ամյա Սեդա Գեւորգյանը պատասխանեց. «Դե առցանց մամուլը տարածված է, երիտասարդների 90%-ից ավելին օգտվում է առցանց մամուլից: Կայքերը շատ են, ամեն տեղ ինֆորմացիայի մեծ հոսք կա ու իմաստ չկա թերթ գնելու: Համացանցում դու ես ընտրում, թե ինչ կարդաս: Միանշանակ առավելությունն առցանց մամուլինն է»:
Մեր հարցումներին մասնակցեցին նաեւ թերթի կրպակներում աշխատողները: 50-ամյա Սոնա Սիմոնյանն ասում էր, որ հիմնականում գնում են «TV ալիք» թերթը, «Հրապարակ» օրաթերթը եւ այլն: Սակայն, ըստ նրա, գնողների թիվը շատ չնչին է. «Քիչ են առնում, էն ջահել մասսան էլ, ովքեր առնում են` կամ ժուռնալիստներն են, կամ էլ հազարից մեկը` թերթ կարդացող: Պապիներն են շատ առնում, բայց օրական գոնե մի 15-20 թերթ էլ չի վաճառվում: Չեմ ուզի ասեմ, թե տպագիր մամուլը կմեռնի, բայց դե այդպես է ստացվում»:
Կարդացեք նաև
«Գրեթերթ»-ի գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանը նշում է, որ եթե թերթը պահանջված չլիներ` չէր լինի. պահանջված է, որովհետեւ անընդհատ նորացվում է, գալիս են նոր մարդիկ` նոր իդեաներով: Իսկ թե որն է տպագիր մամուլի առանձնահատկությունները` պատասխանեց. «Տպագիր մամուլի մասին խոսելը շատ բարդ է, ոմանք ընկնում են ծայրահեղության մեջ ու ասում են, որ տպագիր մամուլը այլեւս գործառույթ կարող է չունենալ: Առցանց մամուլը բոլորին տանում է: Բայց որ նայում ես քաղաքակիրթ աշխարհին` Ֆրանսիային, Իտալիային, Ամերիկային… այդ ավանդույթը չի կորչում: Մարդիկ սովոր են թերթը վերցնել, նստել, սուրճ դնել, թերթել ու կարդալ: Այդ սովորությունը իր արմատներն ունի»:
Իսկ տպագիր մամուլը կմեռնի՞, այս հարցին ի պատասխան էլ ասաց. «Չեմ կարծում, թե նման բան կլին……Այնքան անակնկալներով լեցուն է մեր կյանքը. կարող է մարդիկ էլեկտրոնային մամուլից հոգնեն: Ավելի հաճույքով կարդալու համար, ինձ թվում է, տպագիր մամուլն ավելի լավ է»:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2019