Անսփոփ կարոտ կամ մի երազանքի հետքերով
Մեծագույն երջանկություն է, երբ իրականանում է մարդու ամենանվիրական երազանքներից մեկը: Ոչ բոլորին է կյանքում տրված հասնել բաղձալիին, իսկ ոմանց դեպքում դա բավականին հեշտ է, սակայն իրականանում է ոչ այն ձեւով, ինչպես ցանկալի էր:
«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանն արմատներով հաճընցի է: Նրա պապը՝ Սարգիս Ճրտխյանը, եղել է Հաճընի հերոսամարտի կազմակերպիչներից Արամ Կայծակի համհարզն ու աջ ձեռքը: Ի դեպ՝ մյուս տարի լրանում է Հաճընի ութամսյա դյուցազնամարտի 100-ամյակը, որը Միությունը պատրաստվում է նշել մեծ շուքով:
Հ. Գրիգորյանի համար տարիներ շարունակ երազանք է եղել նախնիների ծննդավայրը՝ Կիլիկիո Հաճընը տեսնելը: Կարող է թվալ, թե դրանից էլ հեշտ բա՞ն. դիմում ես որեւէ տուրիստական գործակալություն եւ որպես զբոսաշրջիկ մեկնում հայրենիք… Որպես զբոսաշրջիկ՝ Հայրենիք… Եվ ահա այստե՛ղ է, որ առաջանում են հակասական զգացմունքները, այստե՛ղ է, որ հոգեպես տարիներով պատրաստվելու անհրաժեշտություն է զգացվում, քանի որ ինչպե՞ս կարելի է Հայրենիքից ուղեւորվել Հայրենիք, այն էլ՝ որպես զբոսաշրջիկ: Սակայն դառը իրականությունն այս է, ուստի եւ այլ տարբերակ չի մնում, քան քո իսկ հողի մի զգալի հատվածը գերեվարված լինելու մասին մտքի հետ հաշտվելը՝ մտքում, սակայն, հուսալով, որ գերությունը ժամանակավոր է: Այդպես եղավ եւ պարոն Գրիգորյանի հետ, որն ընդամենը օրեր առաջ, դիմելով «Կիլիկիա տուր» տուրիստական գործակալությանը, իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ վերջապես հայտնվելով Կիլիկիայի այդ գողտրիկ քաղաքում:
Կարդացեք նաև
Մտնինք Սասուն, հասնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան
Արդահան. այստեղից սկսվեց ուխտագնացությունը: Այո՛, Հ. Գրիգորյանի համար սա իսկական ուխտագնացություն էր, թեեւ առաջին անգամ չէ, որ նա ոտք էր դնում Արեւմտյան Հայաստան: Այլ հարց է Կիլիկիան, որտեղ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետը լինելու էր առաջին անգամ:
Արդահանին հաջորդեց Իգդիրը, որը, ինչպես հայտնի է, Կարսի ու Սուրմալուհի հետ միասին չի համարվում Արեւմտյան Հայաստան, նշված վայրերն Արեւելյան Հայաստանի մաս էին կազմում, իսկ թե ինչ եղավ հետո, պատմությունից քաջ հայտնի է: Ինչեւէ, այս նվիրական անուններն այսօր տրվում են որպես թուրքական քաղաքների անուններ…
Զբոսաշրջիկների խումբը, անցնելով Արարատի լանջին գտնվող Խարաբա բազարի մոտով, հասավ Բայազետ՝ ճանապարհին տեսնելով Մասիսը՝ հակառակ կողմից, իսկ արդեն Բայազետում՝ հայտնի Դարույնքի ամրոցը:
«Ամեն անգամ նոր ապրումներ եմ ունենում Արեւմտյան Հայաստան այցելելիս, չեն եղել նույն զգացողությունները, ինչ նախորդ անգամ»,-ուխտագնացությունից վերադառնալուց անմիջապես մեկ օր հետո tesaket.info-ի հետ զրույցում անկեղծացավ պարոն Գրիգորյանը: Նա շարունակեց. «Ամեն անգամ կարոտի զգացողություն եմ ապրում, դա բառերով չես բացատրի… Երբեք ինձ օտար հողի վրա չեմ զգում այնտեղ, հողը քոնն է, գենետիկա կա, բնազդ կա, հողը երբեք չի դավաճանի, այն միշտ զգացնել է տալիս, որ քո պապերինն է: Այս անգամ երկփեղկվածության զգացողություն ունեցա. թեեւ ներքուստ հանգիստ եմ, գիտեմ, որ իմ հողի վրա եմ, բայց նաեւ մի տեսակ տագնապ էի զգում, տագնապ՝ հողի համար, քանի որ թուրքը երբեք չի փոխվի, նրա քաղաքականությունը միշտ նույնն է…»:
Թողնելով Բայազետը՝ շրջագայության մասնակիցներն ուղեւորվեցին դեպի Վան՝ ճանապարհին հանգստանալով Բերկրիի ջրվեժի մոտ…
Սասուն, Մուշն ու Վանը հայկական հող են…
Դա ոչ ոք չի կարող ժխտել, որովհետեւ փաստերն ուղղակի աղաղակում են: Այսօրվա ժամանակակից, մեծ քաղաք Վանը՝ թեեւ թուրքացած, օտարացած, բայց, միեւնույն է, շնչում է հայերեն, քանի որ այստեղից անհնար է ջնջել բնիկների հետքը, եւ պատմությունը դա թույլ չի տա, որքան էլ թուրքի ձեռքը հզոր լինի:
«Վանը ամենազարգացածն էր, այնտեղ եվրոպական շունչ կար»,-իր տպավորությունների մասին պատմելով՝ ասաց պարոն Գրիգորյանը եւ հավելեց, որ գիշերը մնացել են Վանի հյուրանոցներից մեկում, այնուհետեւ այցելել Վարագավանք, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Վարագավանքից: Տեսել են նաեւ Վանի բերդը, Մհերի դուռը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ, այցելել են Վանա կատուների բուծարան, թրջվել Վանա լճում, անգամ տառեխ կերել, սակայն Հ. Գրիգորյանին ամենաշատը տպավորել է Վանի Ս. Խաչ եկեղեցին: Ի դեպ՝ նրան բախտ է վիճակվել այնտեղ լինել հենց Խաչվերացի օրը, երբ Սուրբ Խաչում պատարագ է մատուցվել, որին, ըստ ատենապետի, հազարավոր ուխտավորներ էին ներկա՝ աշխարհի բոլոր ծայրերից:
Հետաքրքրվեցինք՝ մոմ վառեցի՞ք, ի՞նչ երազանք պահեցիք, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
-Մեկ առ մեկ հիշեցի իմ բոլոր հարազատներին, իսկ մոմերից մեկն էլ վառեցի՝ մտքումս աղոթելով, որ հաջորդ անգամ, երբ այստեղ մոմ վառեմ, Էրգիրն արդեն դարձյալ մերը լինի:
Մնում է ավելացնել միայն՝ ամեն:
Մո՜ւշ, Մո՜ւշ, քաղցր Մուշ, Մո՛ւշն է բոլորից անուշ…
Քրդացած է Մուշը, բայց եւ բազմաթիվ հայեր են ապրում այստեղ: Հ. Գրիգորյանը պատմեց, որ պահպանվել է հին հայկական թաղամասը, որն իրենք այցելեցին, տեսան նաեւ Սուլուխի կամուրջը, որտեղ նահատակվել է հռչակավոր ֆիդայի Գեւորգ Չավուշը: «Հենց կամրջի մոտից հող եմ բերել»,-հպարտությամբ պատմեց Հ. Գրիգորյանը: Լսում ես այս խոսքերն ու մտածում, թե որքա՛ն ծանր է կորստի ցավը, եւ որքան մեծ՝ կորսվածը վերադարձնելու տենչը. «Մենք սխալներ շատ ենք թույլ տվել, մեր մեջ էլ պիտի փնտրենք, բայց մենք իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու: Մենք աստվածաշնորհ, արարող ազգ ենք…»:
Պարոն Գրիգորյանը պատմեց, որ տեսել են նաեւ Արեւելյան Եփրատը՝ Արածանին… «Եփրատը կարմիր կհոսեր»՝ ակամայից մտաբերում ես Ա. Քալանթարյանի հայտնի պատմվածքը…
Զբոսաշրջիկ-ուխտավորները Մուշից շարժվել են Դիարբեքիր, որտեղ էլ տեսել են Տիգրիս գետը: Եփրատ, Տիգրիս՝ հնագույն անվանումներ, մարդ լսում է ու սարսռում, հայոց պատմությունն անցնում է աչքերիդ առաջով ու չես ցանկանում հավատալ անգամ, որ այլեւս այս ամենի տերը չես, թեպետ օտարության եւ ոչ մի նշույլ. Հ. Գրիգորյանը վերահաստատում է՝ հողը քոնն է, այն չի խաբում:
Դիարբեքիրից հետո խմբին հիացրել է Նեմրութը՝ աշխարհի ութերորդ հրաշալիքը՝ Կոմմագենեի Անտիոքոս Առաջին արքայի դամբարանով ու հեթանոս աստվածությունների վիթխարի արձանախմբով: Տպավորությունը, ըստ պարոն Գրիգորյանի, այնպիսին էր, իբրեւ նրանք կենդանի են եւ վերից հսկում են ամեն ինչ ու բոլորին:
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, աշխարհ, որ ինձ ետուր արեւ
Շրջագայության չորրորդ օրը հաճընցի Հովհաննեսին ավելի մոտեցրեց իր փափագի կատարմանը՝ արագացնելով սրտի բաբախը եւ է՛լ ավելի զգալի դարձնելով մոտալուտ երջանկության բերկրանքը: Խումբը մեկնեց Ուրֆա՝ Եդեսիա, որը նախ եւ առաջ հետաքրքիր էր իր բերդով, այնուհետեւ, Մուսալեռ՝ հայկական Վագըֆ գյուղ ուղեւորվելիս, զբոսաշրջիկների առջեւ իր չքնաղ տեսարանները բացեց Այնթապը, եւ վերջապես հասան Ալեքսանդրետ: Այստեղ է Քառասուն մանկանց եկեղեցին, որն էլ այցելել էին զբոսաշրջիկները, ինչպես նաեւ տեսել էին պատմական Անտիոքը: Հ. Գրիգորյանը նշեց. «Չնայած ոչ մի տեղ ինձ օտար չեմ զգացել, բայց Վագըֆ գյուղն այն միակ տեղն էր, որտեղ ինքս ինձ լիարժեք էի զգում, պատճառը թերեւս այն է, որ այնտեղ հայախոս հայեր են ապրում»: Նա պատմեց, որ տեղի հայերը բավականին լավ են ապրում, ունեն նարնջի այգիներ, զբաղվում են ձեթի եւ օճառի արտադրությամբ. «Դա էլ մի ուրիշ աշխարհ էր, Մուսա լեռն իր բարձունքից ասես իշխում էր ողջ Վագըֆի տարածքը, այդտեղ ես ինձ լիովին զգում էի իմ երկրում: Ի դեպ՝ Վագըֆում նաեւ եկեղեցի կա՝ Սուրբ Աստվածածինը, նույնիսկ՝ հայկական փոքրիկ ռեստորան, որ կոչվում է «Մուսալեռ»: Մենք այնտեղ ճաշակեցինք հայկական կերակրատեսակներ, այնուհետեւ շատ ջերմ մթնոլորտում հանդիպումներ ունեցանք տեղի բնակչության եւ գյուղապետի՝ պարոն Պերճի հետ»:
Կեսօրից հետո, ինչպես պատմեց պարոն Գրիգորյանը, իրենց խումբը մեկնել էր Կոռիկոսի ծովափ, այցելել տեղի ծովային ու ցամաքային բերդերը, ասթմայի քարանձավ. «Մեծ հպարտությամբ ոտք դրեցինք այստեղ. չէ՞ որ մենք Կիլիկյան թագավորություն ենք ունեցել…»: Գիշերը Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում անցկացնելուց հետո շարժվել են Կիլիկիայի մայրաքաղաք Սիս, եղել Տարսոնում, որտեղ գտնվում է Պողոս առաքյալի եկեղեցին, այցելել Ադանա՝ ամենամեծ ու ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, ըստ պարոն Գրիգորյանի, Լեւոնի բերդը, Անավարզան՝ Անարզաբան, Սիսի բերդը, Կիլիկիայի ամֆիթատրոնը, եւ, իհարկե, այդքան սպասված Հաճընը: Այստեղ խումբը ժամանեց Տարսոնից հետո՝ Սիս մեկնելուց առաջ:
«Ինձ համար գերագույն նպատակ էր Հաճընը տեսնելը, այն առանձնահատուկ նշանակություն ունի: Ես բոլոր վայրերով անցնելիս Հաճընն էի տեսնում, որքան էլ ամեն տեղն իր յուրահատկությունն ու հետաքրքրությունն ուներ, միեւնույն է, սրտատրոփ սպասում էի Հաճըն հասնելուն: Ոչ միայն իմ, այլեւ իմ նախնիների, տատիկ-պապիկների, ծնողների՝ տարիներով կուտակված կարոտն ու ցավը հենց այստեղ պարպվեցին, բայց էլի ամբողջությամբ կարոտս չառա: Սա ինձ համար իսկական ուխտագնացություն էր: Հայրական կողմից արմատներով էրզրումցի եմ, իսկ մայրական կողմից՝ հաճընցի: Փառք Աստծո, Էրզրումը մի քանի անգամ տեսել եմ, Հաճընում առաջին անգամ եղա, ու քանի որ նաեւ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետն եմ, իմ առաքելություններից ու նպատակներից մեկը համարում էի Հաճընում անպայման լինելը: Տատիկիցս այնքան բան եմ լսել Հաճընի մասին՝ իրենց անուշ բարբառով… Ափսոս, այն ժամանակ ամեն ինչ չէ, որ գրի եմ առել, ամեն ինչ չէ, որ հիշում եմ, չնայած, փառք Տիրոջը, հասցրել եմ տեսանկարահանել նրան, տպագրված որոշ հուշեր էլ կան: Գիտեի, որ Հաճընը Լեռնային Կիլիկիայում է: Գնում ենք, մեկ էլ մեր առջեւ հրաշք տեսարան բացվեց՝ մինչ այդ մեր տեսածից բոլորովին այլ բնությամբ: Մի տեսակ հեռու էր Հաճընը, աշխարհի ծայրին, այնքան հեռու, ասես հասնեինք Աստծո մոտ: Մի քանի հազար բնակիչ ունի Հաճընը, քաղաքի կարգավիճակ… Ինձ կողքից ասում էին՝ շփոթված էի… Ոնց որ կորցրած հարազատիս գտած լինեի…»: Այստեղ իսկական հաճընցու ձայնը դողում է, բառերը խառնվում են, մտքերը՝ թռչում հեռավոր հայրենիք:
Հ. Գրիգորյանը պատմեց նաեւ, որ Հաճընում, որպես հայկական հետք, պահպանվել են Սուրբ Հակոբի վանքի ավերակները, որտեղ ինքն ի կատար է ածել իր ուխտը՝ մոմ վառելով ու խնկարկելով ոչ միայն հաճընցի հերոս նահատակների, այլեւ Ցեղասպանության բոլոր զոհերի անմահ հիշատակը: Պարոն Գրիգորյանն ընդգծեց, որ իր ուխտագնացությունը Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ իր առջեւ դրված նպատակներից եւ առաքելություններից մեկն էր, որն ինքը կատարեց, իսկ առջեւում բազմաթիվ ծրագրեր ունի՝ միտված հերոսամարտի առթիվ միջոցառման կազմակերպմանը:
Հաճընից հետո խումբն ուղեւորվեց Սիս, որից հետո՝ Կապադովկիա: Այստեղ զբոսաշրջիկներին գրավել էին հնագույն բերդն ու քարանձավը, որոնք տեսնելուց հետո նրանք մեկնել են Մալաթիա եւ այցելել Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այն գտնվում է հին հայկական Չավուշօղլու թաղամասում, որտեղ ապրել է նշանավոր մտավորական Հրանտ Դինքը: Մալաթիայից հետո խմբին սպասում էր Խարբերդը՝ իր հայտնի բերդով եւ հին հայկական թաղամասով, իսկ այնուհետեւ՝ Բինգյոլի լեռներ, Էրզրում, Հովվի կամուրջ…
Ինչպես պատմեց Միության ատենապետը՝ Էրզրումում՝ Կարինում, վայելել են Թեոդուպոլիս բերդի վեհությունն ու տեսել Չիֆթե Մինարեն, ինչպես նաեւ՝ Սանասարյան վարժարանն ու Էրզրումի հայկական եկեղեցին, որն այսօր, ցավոք, մզկիթի է վերածված, եղել են Բասենում, հիացել տեղի բերդով եւ շարժվել դեպի Կարս, որի ճանապարհն անցնում էր Սարիղամիշի անտառներով:
Սակայն ապրել է պետք, որպեսզի մի բարի օր մեր Անին կրկին մերը լինի: «Մենք պիտի կարողանանք վերադառնալ մեր արմատներին՝ մեր մշակույթով, մեր հոգեւոր արժեքներով, պատմությամբ… Մենք համաշխարհային քաղաքակրթության մեջ հետք ենք թողել, այն էլ՝ ինչպիսի՜ հետք: Մենք չպիտի կորցնենք մեր ինքնությունը, պետք է հողին կառչած լինենք, մեզ դարերով պահել են մեր հավատքը, մշակույթը, լեզուն… Շատ զգայուն պիտի լինենք դրանց հանդեպ, տուրք չտանք ժամանակակից աշխարհաքաղաքական միտումներին, մեզ ժառանգված գենետիկան չպիտի փոփոխենք»,-ասաց Հ. Գրիգորյանը:
Այնուհետեւ նա պատմեց, որ Կարսում այցելել են Սուրբ Առաքելոց եկեղեցի, տեսել Կարսի բերդը, Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները: «Կարսն ու Գյումրին մի կաթիլ ջրի պես նման են իրար»,-ասաց Հ. Գրիգորյանը եւ շարունակեց, որ Կարսից հետո ուղեւորվել են հնամենի մայրաքաղաք Անի, որը Կարսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Անիում ուխտավոր զբոսաշրջիկները տեսել են Մայր տաճարը, Տիգրան Հոնենցի եկեղեցին, Ս. Փրկիչը, Գագկաշենը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տաճարը, մի խոսքով՝ Անիի հազար ու մի եկեղեցիները եւ, անսփոփ թախիծը հոգում ու ողջ կարոտը չառած, Հայրենիքից վերադարձել Հայրենիք:
Ամփոփելով դեպի Էրգիր ու Կիլիկիա կատարած ուխտագնացությունը՝ պարզապես մեջբերենք հաճընցի Հովհաննես Գրիգորյանի խոսքերը. «Յուրաքանչյուր ավերված եկեղեցու համար մղկտացել եմ, ցավ եմ զգացել, մեր հայրենիքի մի զգալի մասը բանտարկված վիճակում է, այս ամենը մտածելու տեղիք է տալիս՝ ո՞րն է վերջը, ո՞րն է լուծումը… Մենք պիտի կրկին ուժեղանանք: Այս ամենը տեսնելով եւ քաջատեղյակ լինելով աշխարհաքաղաքական անցուդարձերին՝ ես վախ եմ զգում, որ հանկարծ ու հանկարծ չկորցնենք մեր Հայաստանի այս փոքրիկ հատվածն էլ, որ այսօր ունենք, մենք պիտի դողանք դրա ամեն մի քարի ու թփի վրա, պետք է հեռատես լինենք, հստակ տեսլական ունենանք, թե ո՛ւր ենք գնում եւ ինչպե՛ս ենք գնում: Այսօր մեզ պետությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու հնարավորություն է տրվել, պետք է հնարավորինս օգտագործենք բոլոր միջոցները՝ հզոր երկիր կառուցելու համար, որպեսզի մի գեղեցիկ օր կարողանանք Մասիսը հետ բերել, իսկ այդ օրն անպայման գալու է, ես հավատում եմ, քանի որ, ինչպես ասում են հաճընցիները՝ մեր նատուրոն բաշխո ի…»…
Tesaket.info
«Հաճըն» հայրենակցական միավորում
«Առավոտ» օրաթերթ
26.09.2019