Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նյույորքյան «ռանդեվու»՝ դիվերսիոն ներթափանցման փորձով

Սեպտեմբեր 27,2019 12:00

Երեւանն ու Ստեփանակերտը քննարկում են հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նույն օրը կայանալիք հանդիպման շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին, ասվում էր հաղորդագրությունում։

Նյու Յորքում նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր առանձին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւայի՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին եւ հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին:

Սեպտեմբերի 23-ին, ինչպես եւ նախատեսված էր, անցկացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ եւ գնահատել են ներկա իրավիճակը։ Զ. Մնացականյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարեւորել է զինադադարի ամրապնդման եւ լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման եւ ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ հետեւողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով: Հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից Մնացականյանը կարեւորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները։ Կողմերը նաեւ նախանշել են այդ ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան եւ մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 20-ին Վաշինգտոնում: Դրանից հետո պաշտոնական Բաքուն հանդես եկավ մի շարք քննադատական հայտարարություններով՝ կապված Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ։ Օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը, ուղղակի սպառնալիքներ հնչեցրեց. «Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե՝ ոչ: Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»: Նա նաեւ հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, թե իբր՝ «Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից»: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,- ասել էր նա:

«Ես կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, հակադարձեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հասանովի այս ագրեսիվ հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, հարցրել էին լրագրողները: «Երեւի՝ ոգեւորվել է»,- պարզաբանել էր Դավիթ Տոնոյանը:

Ի դեպ, Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարը մասնակցել է նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խմբի 4-րդ նիստին, որի ընթացքում քննադատել է Հայաստանի իշխանություններին. «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ գործող կառավարությունը շարունակում է ակնհայտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»: Մամեդյարովը հավելել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ապագան կախված է «վճռականորեն գործելու՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության պատրաստակամությունից եւ վճռականությունից»:

Մինչեւ Նյութ Յորք մեկնելը Գյումրիում լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայանալիք բանակցությունների թեմային անդրադառնալով, նշել էր, որ «գնում ենք շատ հստակ մեր օրակարգով», ապա հավելել էր, որ այդ օրակարգը ներառում է բազմաթիվ հարցեր՝ «սկսած մեր բովանդակային բանակցություններից, վերջացրած բոլոր այն կարեւոր հարցերով, որոնք պետք է նպաստեն համապատասխան պայմաններին, միջավայրին, որի շրջանակներում մենք ապահովենք խաղաղ գործընթացը»: «Այսինքն, մեր օրակարգը առավել քան պարզ է, մենք բազմիցս խոսել ենք եւ բազմիցս առիթ ենք ունեցել շատ հստակ արտահայտելու», -նշել էր նա: Իսկ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման հնարավորության վերաբերյալ Մնացականյանն ասել էր. «Դեռեւս չշտապենք, գիտեք, մենք հիմա կենտրոնացած ենք այս գալիք հանդիպմանը եւ դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլերը: Շատ էական է՝ այս փուլը անցնենք, հետո կծրագրենք: Հիմա անմիջապես որ ասեմ՝ մենք արդեն տեսնում ենք հաջորդ քայլը ղեկավարների մակարդակով հանդիպման, մի քիչ շտապողականություն կլինի»:

Հավելենք, որ մինչ Նյու Յորք մեկնելը սեպտեմբեր 21-ին Երեւանում հանդիպել էին Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանը։ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ նրանք հստակեցրել էին դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի եւ օրակարգային հարցերի շուրջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մնացականյանը վերահաստատել էր, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են, ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի որոշիչ ձայնը եւ ներգրավվածությունը։ Մնացականյանը եւ Մայիլյանը նաեւ մտքեր էին փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը: Արցախի ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել էին, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարեւորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը ուշագրավ արձանագրում է, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը հետեւողականորեն մերժեց հետաքննության մեխանիզմների կիրառման՝ միջնորդների առաջարկները: Կարծես ոչինչ չի մնում, քան միջնորդ պետությունների կողմից հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրումը: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների համար այն ընդունելի է:

Ինչեւէ, նյույորքյան հանդիպումից ընդամենը 1 օր առաջ Արցախի ՊՆ-ն հայտնեց ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին։ Պաշտպանության բանակի դիրքապահները պատասխան քայլերի էին դիմել, իսկ ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողնել էր մեկ դի։ Պաշտպանության բանակը կորուստ չէր ունեցել: Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը: Սակայն, ըստ ադրբեջանական կողմի՝ որեւէ դիվերսիա չէր եղել, իսկ զինվորը մոլորվել էր եւ սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։ Ըստ ամենայնի, պաշտոնական Բաքուն արդեն իսկ դժգոհ է կարգավորման գործընթացի շուրջ ձեւավորված մթնոլորտից, եւ անցնում է իր հետագա գործողությունները «արդարացնելու» հարցում «հիմքեր» փնտրելու սովորությանը։

Հիշեցնենք նաեւ, որ անկախության տոնի առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների ղեկավարների ուղերձներում հիշատակվեց ԼՂ խնդիրը։ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, մասնավորապես, ասել էր. «Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տեւական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը»։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձում շեշտվել էր Ֆրանսիայի հանձնառությունը եւ վճռականությունը՝ «որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության եւ ժողովուրդների բարօրության»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30