Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բնակվող չեխ կինը, որը 5 ամսվա ընթացքում սովորեց հայերեն (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2019 23:50

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում որպես կամավորական ուղիղ մեկ տարի գործունեություն ծավալած չեխուհի Մարտինա Հորնիչկովան 5 ամսվա ընթացքում հասցրել է սովորել հայերեն։ Նա բավական ազատ հաղորդակցվում է, լիարժեք հասկանում խոսակցական լեզուն, հատկապես Գյումրու բարբառը, նաև գրում է․ սովորել է տառերը, ուսումնասիրել քերականությունը (Տես լուսանկարներում)։ Նա հայերենի ուսուցչուհին ԵՆԿ գրասենյակի պատասխանատու Սյուզաննա Սեկեպյանն է։

Մարտինա Հորնիչկովան մասնագիտությամբ սոցիալական աշխատող է, նա բնակվում է Krishanov-ում, Olomoucում հիմնադրված «Կարիտաս»-ի «Երիտասարդների ու երեխաների խնամքի կենտրոն»-ի ղեկավարն է։ Գյումրու ԵՆԿ-ում ու «Երիտասարդների տանը» գլխավորել է տարբեր խմբակներ՝ անգլերենի, յոգայի, հեծանվավարության։

Թե ինչո՞ւ էր որոշել որպես կամավորական գալ հենց Հայաստան, չեխուհին պարզաբանում է․ «Առաջին անգամ Հայաստան այցելեցի 6 տարի առաջ ու հանդիպեցի ԵՆԿ-ի աշխատակիցների հետ, շփվեցի նրանց հետ, տեսա, թե ինչ մեծ աշխատանք են կատարում, մենք միասին թրեյնինգ էինք անում։ Գյումրիում անցած տարի ևս բացվեց «Երիտասարդների տուն», ես եկա այստեղ՝ երիտասարդների հետ աշխատանքում ընդգրկվելու, թեև սկզբում մտածում էի՝ գա՞լ Հայաստան,թե՞ ոչ, որովհետև հաճելի աշխատանք ունեի Չեխիայում, թողնելու էի ընտանիքս, ընկերներիս, բայց որոշեցի գալ ու ծանոթանալ հայկական մշակույթին ու փորձին։

Ես հայերեն ավելի շատ հասկանում եմ, քան կարող եմ խոսել, հայերենը շատ դժվար լեզու է, բայց ես փորձում եմ խոսել, զրուցել, բամբասել»,- հայերենով կատակում է Մարտինան։

Նա պատմում է, որ տրանսպորտի մեջ ու խանութներում երբեմն կարծում են, որ հայուհի է, եթե որևէ կասկած է առաջանում իր հայ չլինելու մասին, պատճառը հայերենով որոշ բառերի սխալ արտաբերումն է, իր կարմիր մազերն ու ձեռքի դաջվածքն են։ Ըստ մեր զրուցակցի, գյումրեցի կանայք «տատու» չեն անում։

Մարտինան, թեև հայերեն պարապել է ԵՆԿ գրասենյակում, սակայն իր ներկայացմամբ՝ փորձել է խորացնել փողոցում, խանութներում մարդկանց հետ շփվելիս, հարևանների հետ զրուցելիս․ նրանց հետ բացառապես հայերեն է խոսում։ Ըստ մեր զրուցակցի, եթե որևէ բառ կամ միտք չի հասկանում, պարտադիր հարցնում է իմաստը։

«Գյումրի եմ եկել անցած տարվա հոկտեմբերին, երկու օրից կավարտվի իմ կամավորական աշխատանքն այստեղ, վերադառնալու եմ Չեխիա, միակ մխիթարանքս այն է, որ աշխատանքի բերումով նորից եմ այցելելու Հայաստան։ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, Գյումրին իմ տունն է․ այն Հայաստանի եզակի, յուրօրինակ քաղաքներից է, որի ավանդույթները շատ են տարբերվում Հայաստանի մյուս տեղանքներից, մարդիկ ջերմ են, հյուրասեր։

Մայրաքաղաք Երևանը նույնպես գեղեցիկ է, բայց ես սիրում եմ այնտեղ որպես հյուր այցելել, իսկ Գյումրին հին, պատմական քաղաք է, որտեղ ապրելը հաճույք է։ Շատ եմ կարոտելու, շատ ընկերներ ունեմ այստեղ։ Գիտեք, գժվում եմ հայկական սուրճ համար, սիրում եմ հացը, չեչիլ պանիրը։

Հասցրել եմ ոչ միայն ուսումնասիրել մարդկանց, այլ ծանոթանալ մշակույթին, շրջագայել եմ Հայաստանով մեկ, եղել բոլոր տեսարժան վայրերում՝ Սևանավանքում, Նորավանքում, Դիլիջանում, Իջևանում, Տաթևում։ Չեխիայի Հանրապետությունում բնակվող իմ ընկերներից շատերն են իմ խորհրդով եկել Հայաստան ու ես ցույց եմ տվել նրանց Հայաստանը, մենք այցելել ենք բոլոր այս վայրերը։ Իմ ընկերներից շատերը մյուս տարի արձակուրդներին նորից են այցելելու Հայաստան»,- ասում է Մարտինան։

Նա մի քանի անգամ մասնակցել է նաև հայկական հարսանիքների։

«Սա ինձ համար մշակութային մեծ փորձ էր․ հայկական հարսանիքները շատ տարբեր են չեխականից, այստեղ շատ գեղեցիկ հագնված, հարդարված ու շպարված են ներկայանում»,-նկարագրում է չեխուհին։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Մարտինան Հայաստան է եկել մեր երկիրը սիրելով, հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալով։ Նա, ըստ Արթուր Նաջարյանի, կարճ ժամանակահատվածում այնպես է գովազդել Հայաստանը իր չեխ ընկերների մոտ, որ 20-ից ավելի չեխեր շտապել են գալ ու շրջագայել տեսարժան վայրերով։

«Մարտինան հստակ նպատակադրված եկավ հայկական մշակույթն ուսումնասիրելու, նա այնքան է սիրում Հայաստանն ու հայերին, որ որոշեց անգամ լեզուն սովորել։ Չնայած իր մյուս գործընկերներն ասում են՝ զարմանում ենք՝ ինչո՞ւ ես հայերեն սովորում, երբ ոչ մի տեղ չես օգտագործելու, բացի Հայաստանից, նա պատասխանում է՝ հայերենն իմ հոգու լեզուն է», -ասում է Արթուր Նաջարյանը։

ԵՆԿ նախագահը պատմեց, որ Մարտինայի հետ համագործակցությունը սկսվել է 2013 թվականից, երբ Դիլիջանում կազմակերպվել էր միջազգային երիտասարդական ծրագիր, որին մասնակցում էին տարբեր երկրների երիտասարդական ոլորտի աշխատակիցներ։

«Մարտինան առաջին անգամն էր Հայաստանում ու կարելի է ասել՝ այդ պահից սկսած ընկերական, ջերմ միջավայր ստեղծվեց, ու նա սկսեց սիրել Հայաստանը։ Ու սա հիմք դրեց պրոֆեսիոնալ համագործակցության․ մեր երկրի նկատմամբ սեր կա, մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունք, ու նա ավելի նվիրված սկսեց Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել ։ Առաջին տարիների նրանց ծրագրերն անմիջապես ուղղվեցին դեպի Հայաստան․ նրանք այդ շրջանում համագործակցում էին նաև Վրաստանի հետ, բայց որոշեցին ծրագրերը հիմնականում Հայաստան բերել։

Շուրջ վեց տարի Մարտինայի հետ երիտասարդության ոլորտին վերաբերող տարբեր ծրագրեր ենք իրականացրել։ 2017 թվականին, երբ Մարտինան ծրագրի շրջանակում Հայաստանում էր, առիթ ունեցանք նաև ճանապարհորդելու ու Հայաստանը միասին բացահայտելու, ինքը ծրագրից հետո որոշեց մնալ, Հայաստանի տարբեր մարզերում լինել։ Այդ ժամանակ էլ որոշեց վերադառնալ Հայաստան, սակայն ոչ պարզապես գործընկեր, ով մնալու է կարճաժամկետ, ասենք 20-25 օր, այլ երկարաժամկետ։

Նա Չեխիայում որպես երիտասարդության ոլորտում փորձ ունեցող, որպես սոցիալական աշխատող՝ ցանկություն ուներ Հայաստանում իր ջանքերը ներդնել երկու երիտասարդական կառույցների երիտասարդների հետ աշխատանքներում։ Եվ այդպես անցած տարի միասին ծրագիրը գրեցինք, Մարտինան եկավ Հայաստան և սկսեց իր կամավորական աշխատանքն այստեղ իրականացնել։

Իր աշխատանքը երկու տարբեր կառույցներում են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում», որտեղ համակարգում է «Ուրբաթօրյա սրճարան» ծրագիրը և մի քանի այլ ծրագրեր է իրականացնում և նաև ներգրավված է Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ արդեն որպես սոցիալիական աշխատող, որտեղ որպես պրոֆեսիոնալ մասնագետ՝ կազմակերպում է երիտասարդների, պատանիների հետ աշխատանքը։

Մարտինան մեզ համար հիանալ փորձի փոխանակման հնարավորություն բերեց․ մարդ, ով երկար տարիներ Չեխիայում շատ լուրջ աշխատանք է իրականացրել ոլորտում, ունի աշխատանքի մեծ փորձ չեխական «Կարիտասում», իր փորձը բերելով՝ մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու երիտասարդական ու սոցիալական աշխատանքների չեխական փորձին, նոր գործիքակազմին, նոր մոտեցումներին։

Ինչպես ասում ենք մեր գործընկերներով՝ Մարտինան դարձավ Չեխիայի համար պատուհան դեպի Հայաստան, քանի որ կարճ ժամանակահատվածում, երբ ինքը Հայաստանում էր, այնքան շատ սկսեց խոսել մեր երկրի մասին, այն տպավորություն էր, թե ինքը ինչ-որ տուրիստական գործակալության աշխատակից էր և սկսում էր հաճախորդներին ոգևորել ու որպես ճանապարհորդական ուղղություն բերել Հայաստան։ Այդ կարճ ժամանակահատվածում իր գրեթե 20-ից ավելի իր ընկերներից եկան Հայաստան՝ մոտ մեկ ամիս ժամանակով շրջագայելու։ Հայաստանի գրեթե բոլոր տեղանքներում եղել են, այնպիսի վայրերում, որտեղ մենք՝ հայերս այսքան տարվա մեջ չենք եղել»։

Մեր զրուցակիցն ասաց, որ թեև Մարտինան երկու օրից վերադառնում է Չեխիա, սակայն համագործակցությունը շարունակելու են, համատեղ երկու ծրագրեր են իրականացնելու․։ Դրանք ուղղված են տուրիզմի զարգացմանն ու երիտասարդական աշխատանքին․ երիտասարդ մասնագետներին տուրիզմի մեջ ներգրավվելու և իրենց եկամուտը հայթայթելու հիանալի հնարավորություն են տալիս։

Արթուր Նաջարյանի ներկայացմամբ՝ Մարտինան երկու օր առաջ դիմում -հայտ է ներկայացրել իրենց կառույցի միջազգային խորհրդին՝ կազմակերպության պաշտոնական անդամ դառնալու։ Իսկ սա նշանակում է, որ նա որպես կազմակերպության պաշտոնական անդամ՝ ավելի հաճախ է այցելելու Հայաստան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հրաշալի հայերէն գիտի: Կեցցէ՜: Միգուցէ խնդրենք յօդուածի վերնագրի սխալն էլ ուղղի:
    «Գյումրիում բնակվող չեխուհին, ՈՐԸ … »:

  2. Աշոտ says:

    Artur Lazarian շնորհակալություն։ Հուսով եմ հարգելի Նունե Արևշատյանը կուղղի սխալը։ Այլապես ռուս կանանց մասին կարելի է ասել՝ ռուսուհի (ռսուհի՞) Շվեյցարացի կանանց՝ շվեյցարուհի, ամերիկացիներին՝ ամերիկուհի։
    Հարգանքով…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30