Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները:
Հաջիևի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ որպես «խաղաղասեր»»: Նա նաև հիշեցրել է 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը: «Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում է միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաև Արցախի հիմնահարցին: Վարչապետը, մասնավորապես, ասել էր. «Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:
Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։
Կարդացեք նաև
Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:
Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Քանի որ Ղարաբաղյան խնդիրը տարածքային վեճ չէ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև, այլ Արցախում բնակվող ժողովրդի ինքնորոշման հարց, ապա «uti possidetis» սկզբունքի կիրառումը բացարձակ տեղին չէ: