ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով:
«Տիկնայք եւ պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս չափազանց նշանակալի տարեդարձի կապակցությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկության զարգացման պատմությունը նախեւառաջ կրթության եւ կրթության համակարգերի զարգացման պատմություն է, որովհետեւ կրթությունն է կարեւորագույն նախադրյալը, կարեւորագույն նախապայմանը որեւէ առաջընթացի, առաջադիմության եւ զարգացման: Եվ սա հրաշալի գիտակցում էին մեր նախահայրերը դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ: Եվ սրա լավագույն ապացույցն էր, որ ամենադժվարին եւ պատերազմի պայմաններում, տնտեսական, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում Հայաստանի բազմաթիվ վայրերում հիմնվում էին համալսարաններ` վանական համալիրներին կից, որոնք իրենց ժամանակի համար առաջադիմության եւ առաջընթացի ջահակիրն էին դառնում. մարդկային, գիտական, հասարակական, քաղաքական մտքի առաջադիմության ջահակիրն էին դառնում:
Եվ այդպես էր նաեւ 1915-ին: Մեր Առաջին Հանրապետության գոյության տարիներին եւ բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում, պատերազմի պայմաններում, սովի, համաճարակի, գաղթականության մասին հոգ տանելու անհրաժեշտության պայմաններում նախարարների խորհուրդը 1919-ին որոշում կայացրեց հիմնադրել պետական համալսարան: Եվ դա, ըստ ինձ, Առաջին Հանրապետության պատմության ամենաշրջադարձային եւ ամենակարեւոր էջերից մեկն էր: Եվ այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց եւ կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, թերեւս կհամաձայնվեն ինձ հետ, որ հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը: Եվ այստեղ անգնահատելի է ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, ջանքերը, որոնք տարվել են այս պատերից ներս տասնամյակների ընթացքում: Եվ այս պահին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն դասախոսներին, ովքեր այս հարյուր տարվա ընթացքում վառ են իրականացրել իրենց կրթական, սերունդները դաստիարակելու մեծ եւ պատվաբեր առաքելությունը:
Միեւնույն ժամանակ Մայր բուհը չէր լինի Մայր բուհ առանց այն ուսանողների, որոնք այս տարիների ընթացքում սովորել են Երեւանի պետական համալսարանում: Եվ ասելով սովորել՝ ես, իհարկե, նախեւառաջ նկատի ունեմ գիտակրթական պրոցեսը, բայց նաեւ նկատի ունեմ մյուս կողմն այս գործընթացի: Գործընթաց, որը մեզ բոլորիս, ինձ անձամբ հնարավորություն է տվել դառնալ քաղաքացի:
Կարդացեք նաև
Իսկապես, ուսանողներն ավանդաբար հասարակության ամենաանկեղծ, ամենագործունյա եւ ամենամեծ փոփոխությունները բերող շերտն են:
Սովորաբար խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ մասնագետները մշտապես քննարկման առարկա են դարձնում ակադեմիական ազատությունների հարցը, բայց, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր են նաեւ ուսանողական ազատությունները:
Մտածել եւ գործել: Ահա այն կարեւորագույն դասը, որը տվել է ԵՊՀ-ն իր սերունդներին: Եվ նման օրինակները մեր պատմության էջերում բազմաթիվ են՝ սկսած խորհրդային շրջանում դիսիդենտական խմբերից մինչեւ Ղարաբաղյան շարժում, Արցախյան պատերազմից մինչեւ Թավշյա հեղափոխություն, որտեղ ուսանողներն ունեցան ամենակարեւոր եւ նշանակալի մասնակցությունը:
Եվ այսօր, երբ գրվում է մեր պատմության մի նոր էջ, սկիզբ է դրվում մի նոր 100-ամյա գլխի, Մայր բուհն իսկապես մեծ եւ առաջնորդող դեր ունի մեր ազգային լավագույն իղձերի կյանքի կոչման գործում:
Եվս մեկ անգամ, շնորհավոր տարեդարձդ Երեւանի պետական համալսարան, շնորհավոր մեր Մայր բուհի տարեդարձը, սիրելի՛ համալսարանականներ», -ասել է ԱԺ նախագահը:
Արարաը Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգեւատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի եւ Մովսես Խորենացի մեդալներով:
ՀՀ Ազգային ժողով