Այսօր ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծ էր ներկայացրել՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխա ծնվելու դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերեն ու կրկնապատիկ ավելի նպաստ տան: Այսինքն, առաջին ծննդաբերության դեպքում երկվորյակ ունենալու պարագայում ծնողը միանգամից պետք է ստանա 600 հազար դրամ:
Կարինե Պողոսյանի խոսքով՝ երկվորյակի դեպքում ե՛ւ խնամելու եւ երեխաներին մեծացնելու հարցում ծնողներն ավելի մեծ դժվարություններ են տեսնում, ավելի դժվար է մեծացնել միանգամից երկու երեխա, ուստի պետությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի: Նա նախագիծը հիմնավորել էր, թե ծնելիությանը կնպաստի այն: Ընդ որում, հաշվել էր, որ դա բյուջեի վրա մեծ բեռ չի լինի, տարեկան ընդամենը 1,8 մլն: Մինչդեռ հաշվարկները ճիշտ չէին:
«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է թիրախավորել, որ հենց առաջին ծննդաբերության ժամանակ ծնված երկվորյակների համար պիտի կրկնապատկեն նպաստը: Կարինե Պողոսյանը բացատրեց, որ հենց առաջին ծննդաբերության ժամանակ ծնված երկվորյակների դեպքում ծնողը ամեն ինչ պիտի երկու հատ գնի, ծախսերը կրկնապատկվում են. «Առաջին երեխայից հետո ծնվելու դեպքում մեղմվում է այդ հանգամանքը»: Եռյակների դեպքում ծնողին տրվում է 3 մլն դրամ, ամեն երեխային 1 մլն դրամ հաշվարկով, քանի որ դժվար է ասել՝ որերո՞րդ երեխան է ծնվել երրորդը, միանգամից վճարում են երրորդ երեխայի համար սահմանված գումարը:
«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցրեց՝ կառավարությունը վերջերս սահմանեց, որ առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվող նպաստը բավականին բարձրանում է եւ դառնում է 300 հազար դրամ, ձեր հաշվարկները կատարել էիք նախո՞րդ օրենքով, թե՞ կառավարության առաջարկը հաշվի է առնվել: Կարինե Պողոսյանը պատասխանեց, որ նախկին կարգավորումն է նկատի ունեցել, բայց բոլորովին վատ չէր լինի, եթե թեկուզ 300 հազար էլ դառնա, կրկնապատկեն. «Նույնիսկ 300 հազար դրամի պարագայում այս օրենքի անհրաժեշտությունը կա»: Բադալյանը հարցրեց՝ բյուջեի վրա ծախսը հաշվարկվե՞լ է. «Այս դեպքում ճոխություն չի՞ լինում եւ բյուջեի վրա շատ մեծ ծախս չի՞ լինի, որ այսօրվա գործող օրենքով չափը փոխենք, բայց գումարները փոխվի, դառնա 300 հազար դրամ»: Կարինե Պողոսյանը պատասխանեց, որ ահռելի գումար չի, կվճարեն:
Կարդացեք նաև
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց, որ կառավարությունը դեմ է նախագծին ու հիմնավորեց. «Ցանկացած դրամական նպաստի ավելացում իր հետեւից բերում է սոցիալական վիճակի բարելավում, դա ակնհայտ է, բայց խնդրահարույց է այդ ծախսի նպատակահարմարությունը»: Նա ասաց, որ 2019-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 660 զույգերի, քիչ քանակն է, որ երկրորդ ծննդաբերության ժամանակ է եղել. «Ծնելիության վրա զրո ազդեցություն ունի: Եթե խոսում ենք նպատակային ազդեցության մասին, զույգ երեխա պլանավորելը հնարավոր չէ, այստեղ վարքագիծ պարտադրող գործառույթ չունի, մարդու վարքագծի վրա որեւէ կերպ ազդեցություն չունի»:
Սաիյանն ասաց, որ երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ուղղությամբ լուրջ ծրագրեր են իրականացնելու, 2020-ի պետբյուջեի նախագծով շուրջ 500 մլն դրամ են նախատեսել դրա համար:
Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Կարինե Պողոսյանին առաջարկեց հետ վերցնել նախագիծը՝ ասելով, որ եթե իր առաջարկով երկվորյակների դեպքում 600 հազար դրամ նպաստ պիտի տային, կառավարության առաջարկած փոփոխությամբ արդեն իսկ դառնալու է 600 հազար: Պատգամավորը համաձայնեց ու նախագիծը հետաձգեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ