Լրահոս
Օրվա լրահոսը

Փարավոն Միրզոյան. «Մարդ չի կարող նստել մի գյուղում ու մեծ արվեստ ստեղծել». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2019 23:00

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո զրույցում ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը սիրով է հիշում հեռավոր 1967 թվականը, երբ հայրն իրեն տարավ Լենինգրադ կրթություն ստանալու: «Ես հասկացա, որ ամենակարեւորը կրթությունն է, որ տալիս է ազատություն` ստեղծագործելու, ապրելու, մտածելու»,-ասում է շուրջ 45 տարի Գեղարվեստի ակադեմիայում դասավանդող արվեստագետը ու ցանկություն հայտնում, որ իր ուսանողներն էլ անցնեն այնպիսի ճանապարհ, ինչպիսին իրենն է եղել:

«Երբ խոսում են ծնողների մասին, ես միշտ հիշում եմ հորս, նրա համարձակությունը այն տարիներին, ցանկությունը, որ որդին, անպայման, սովորի Լենինգրադի ակադեմիայում»,-հավելում է մեր զրուցակիցը: Նշում է, որ այն ժամանակվանից իր դասախոսներն ու համակուրսեցիներն առանձնացրել են իր ձեռագիրը, կերպարը:

Հոր եւ եղբոր հետ:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մարդուն ինչ անունով կոչում են, ինքն այդպիսին էլ դառնում է, Փարավոն Միրզոյանը ժպիտով պատասխանեց` հիշելով Բելառուսում կայացած ցուցահանդեսից հետո գրված արվեստաբանական մի հոդված, որտեղ ասվում էր. «Փարավոնը բոլոր ողջերից էլ ողջ է»:

Անդրադարձ եղավ նկարչի 70-ամյա հոբելյանին, հարցրինք, թե 70 տարիների բարձունքից ի՞նչ հաջողություններ կմատնանշի: Մեր զրուցակիցն ասաց, որ արվեստագետների հաջողությունը որոշում է ժամանակը, նա է ամեն ինչ իր տեղը դնում: «Արվեստագետն իր տեղը գտնում է 100 տարի անց»,-ընդգծեց նա, վկայակոչեց Թումանյանին ու Կոմիտասին, որոնց 100-150 տարի անց ենք սկսում արժեւորել ու հպարտանալ նրանցով:

Փարավոն Միրզոյանի հետ խոսեցինք` արվեստագետի ճաշակ թելադրելու առաքելությունից, նաեւ գեղեցիկի չափանիշներից: Հարցրինք` իր կարծիքով՝ ո՞րն է գեղեցիկ կինը:

«Ամեն ինչ փոփոխական է, ամեն դարաշրջան իրենն է ասում»,-նշում է արվեստագետը: Հավելում է, որ բնավ համամիտ չէ տարբեր հոդվածներում իր արվեստի մասին արված «Փարավոն Միրզոյանի կանայք» արտահայտության հետ. «Ինձ համար արվեստում կինը, դեղձը, միրգը նույնն են` գեղեցիկի տեսանկյունով դիտարկելիս…Պետք է ամեն ինչի գեղեցիկ աչքով նայես, եթե միջավայրդ չսիրես, գեղագետի աչքով չնայես, գեղեցիկը երբեք չես տեսնի»,-ասում է նկարիչը:

Չի թաքցնում, որ կան նաեւ մարդիկ, որոնցից դրական էներգիա հնարավոր չէ ստանալ, նրանք չար են, նաեւ այնպիսի կանայք կան, որոնց դժվար կլինի նկարելը, թեեւ արտաքնապես կարող են եւ գեղեցիկ լինել:

Հարցրինք, թե ինչպես է վերաբերվում հումորով մարդկանց: «Եթե մարդը հումոր չունի, կես մարդ է, մարդը պետք է ամեն ինչի մեջ հումորի արտահայտման ձեւը գտնի, թեթեւ ապրի, թե չէ՝ կյանքն այնքան կարճ է, մտածում ես՝ այն օրը 20 տարեկան էի, բայց դա այն օրն էր, երբ Լենինգրադում էի ու կարծես երեկ էր»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Երբեւէ ունեցած ամենաթանկ նվերը համարում է կյանքը. «Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ կյանք է նվիրել, մնացածը երկրորդական է, կամ երրորդական»: Ասում է՝ դեռ լիքը անելիքներ ունի, ու Աստծուց պետք է ժամանակ խնդրի, որ դրանք կարողանա կյանքի կոչել:

Փարավոն Միրզոյանն իր ոգեշնչման աղբյուրը Հայաստանն է համարում, իսկ ճաշակը, ըստ նրա, գենետիկորեն է փոխանցվում. «Միջավայրը կարող է ճաշակը փոխել, դրա համար կարծում եմ, որ ստեղծագործող մարդիկ, անպայման, տարվա մեջ մի քանի անգամ պետք է այլ միջավայրում անցկացնեն…Մարդ չի կարող ապրել մի գավառական երկրում կամ նստել մի գյուղում ու մեծ արվեստ ստեղծել, դա 1000 տարին մեկ մի հանճարի է տրված լինում, որը չգիտես, թե որտեղից է էներգիան վերցնում»:

Ոգեւորության ու հիասթափության պահերից էլ խոսեցինք: Արվեստագետն ասաց, որ վերջինի մասին աշխատում է քիչ մտածել. «Ես շատ հիասթափություններ եմ ունեցել, բաներ էլ կան, որ ինձանից կախված չեն…Հետո ես սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ ինձ լսում են…Հիասթափվում եմ, որովհետեւ, երբեմն, շատ բաներ ինձ չեն բավարարում»: Նա կարծում է, որ կերպարվեստի ոլորտը բավարար ուշադրության եւ հոգածության չի արժանանում: Իր անհատական ցուցահանդեսից էլ խոսեցինք, որ պետք է կայանա Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, սակայն հայկական կողմից ինչ-ինչ խոչընդոտներ կան, թեեւ փոխնախարար Արա Խզմալյանը խոստացել է հարթել:

Փարավոն Միրզոյանն իրեն հաջողակ մարդ է համարում. «Հաջողակ եմ, որովհետեւ լիարժեք ապրում եմ, կարողանում եմ ընկալել, այնպիսի հիվանդություն չունեմ, որը կարող է կաշկանդել ինձ, ես ազատ շնչում, խոսում եմ, ասելիքս արտահայտում եմ, ինչպես ուզում եմ, կարողանում եմ ստեղծագործել, իսկ մնացածը ժամանակը դեռ իր տեղը կդնի»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

 Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Փարավոն Միրզոյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30