Թաիլանդի Թագավորության Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտվում է: Հայ մարզասերին հետաքրքրում էր տղամարդկանց մինչեւ 109 կգ քաշայինների պայքարը, որտեղ հանդես էր գալիս օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Հայկաշենցի ծանրորդը, ինչպես միշտ, հիացրեց բոլորին: Պոկում վարժությունում նրա 199 կիլոգրամը աշխարհի ռեկորդ էր: Հրումում, երբ բոլորն արդեն վերջացրել էին մրցելույթը, Սիմոն Մարտիրոսյանը հենց առաջին մոտեցումով սանձեց 230 կգ-ն ու երկամարտի 429 կգ արդյունքով արժանացավ նաեւ հրում վարժության ու երկամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսներին:
Հայաստանցի դյուցազնը երկրորդ մոտեցման համար պատվիրեց 241 կգ՝ աշխարհի ռեկորդային քաշ, սակայն չկարողացավ բարձրացնել ու հրաժարվեց երրորդ մոտեցումից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ