Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ: Նաեւ նախագծով սահմանվում է գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը՝
1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 375 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 420 դրամ
3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 630 դրամ
Կարդացեք նաև
Կառավարությունը ոչ միայն համաձայնել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել, այլեւ առաջարկել այն դարձնել 68 հազար դրամ: Վերջին անգամ 2014-ի օգոստոսին է բարձրացվել նվազագույն աշխատավարձը եւ ուժի մեջ մտել 2015-ի հունվարի 1-ից: Այս փոփոխություններն էլ ուժի մեջ կմտնեն 2020-ի հունվարի 1-ից, այսինքն՝ 5 տարի անց նախորդ բարձրացումից:
Կառավարության ներկայացուցիչը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում 9 մլրդ 734 մլն 400 հազար դրամ կկազմի բեռը պետբբյուջեի վրա, 63 հազար դրամ դարձնելու դեպքում՝ 7 մլրդ 366 մլն դրամ:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց՝ գործազրկության ազդեցությունը գնահատե՞լ եք՝ Արման Ուդումյանը պատասխանեց. «Տեսականորեն նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է բերել գործազրկության մակարդակի ավելացման, բայց աղքատության մակարդակի նվազում կարող է բերել»:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ մարդը, ում եկամուտը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի համար, կարող է աղքատ չհամարվի, 50 հազար դրամ ստացողն աղքատ չի համարվում, բայց նվազագույն սպառողական զամբյուղն էլ չի կարողանում գնել:
Թունյանն ասաց, որ 2016-ին վիճակագրական հարցում էին արել քաղաքացիների շրջանում՝ ինչքա՞ն է պետք է մեկ շնչի հաշվով գոյատեւելու համար, լավ ապրելու համար ու շատ լավ ապրելու համար: Արդյունքները հետեւյալն են եղել՝ մեկ շնչի հաշվով գոյատեւելու համար պետք է ամսական 120 հազար 500 դրամ, լավ ապրելու համար՝ 347 հազար դրամ, 656 հազար դրամ՝ շատ լավ ապրելու համար, սա՝ 2016-ին, հիմա կարող է պարզվի, որ գոյատեւելու համար 140 հազար դրամ է պետք: Թունյանն առաջարկեց, որ 2021-ին աշխատավարձը դարձնեն 63 հազար դրամ, հետո այն հաջորդ տարի բարձրացնեն՝ դարձնելով 68 հազար:
Վարազդատ Կարապետյանը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ: Նա ասաց, որ այս ընթացքում որեւէ գործարարից դժգոհություն չեն լսել, թե «էս ի՞նչ վատ բան եք անում»:
Ի վերջո, հանձնաժողովում կառավարության առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 63, այլ 68 հազար դրամ, դրվեց քվեարկության եւ ընդունվեց:
Այս փոփոխության արդյունքում 68 հազար դրամ աշխատավարձ կստանան 59 հազար պետական ծառայողներ եւ 178 հազար մասնավոր սեկտորում աշխատողներ, որոնք նախկինում ստանում էին 55 հազար դրամ: Ընդ որում, դա այսպես ասած «մաքուր» աշխատավարձն է: Այսպիսով, շուրջ 237 հազար աշխատողների աշխատավարձը կբարձրանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ