Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին: Ի պատասխան, ԱԱԽ քարտուղարն ասաց, որ նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Նա նշեց, որ հրաժարական լինում է ավելի շատ ընտրովի պաշտոններում. «Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար, նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»:
Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի հրաժարականի պատճառներին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ վարչապետն այդ մասին արդեն հնարավորինս բաց խոսել է. «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո, որոշումն ամբողջությամբ գտնվում է վարչապետի որոշման տիրույթում»,-պարզաբանեց ԱԱԽ քարտուղարը։
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Վարչապետի այն արտահայտության առնչությամբ, թե Վանեցյանն այդպիսի հայտարարություն անելով ուսադիրները գցել է աղբամանը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Վարչապետն ինչ ասել է՝ ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարեւոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է՝ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ այսօր պատերազմի մեջ է, թե՞ոչ»։
ԱԱԽ քարտուղարն ասաց, որ հեղաշրջման վտանգ չի տեսել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ